Հարցազրույց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, իսրայելահայ հասարակական գործիչ Արտյոմ Չերնամորյանի հետ
- Օրերս Հայաստան էին այցելել միջազգային լրագրողներ (Le mond, El Pais, Financial times, EU observer եւ այլն) ու բավական ազդեցիկ այլ փորձագետներ: Նպատակը պարզ է՝ հանրային դիվանագիտության միջոցով հասնել նրան, որ այդ մարդիկ առաջին «շուրթերից» լսեն ճշմարտությունը՝ ՀՀ-ին սպառնացող անվտանգային խնդիրների, էթնիկ զտման ու արցախահայերի բռնի տեղահանման, պատերազմական հանցագործությունների եւ այլնի մասին: Այս դաշտում ի՞նչ ունենք:
- Ցավոք սրտի, Ադրբեջանը դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումից հետո ստեղծել էր Իսրայելում «ԱԶԻԶ» Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիան, որը սնվում է Բաքվում գործող Հեյդար Ալիեւի միջազգային ֆոնդից, որը մոտ 15 տարի է, ինչ գործում է Իսրայելում։ Այս հիմնադրամն ամեն տարի տասնյակ հայտնի հրեա լրագրողների հրավիրում է իր հաշվին Բաքու, «սեւ խավիարով», թանկ հյուրանոցներով պատիվ տալիս ու հակահայկական տրամադրություններ սրսկելով՝ հետ է ճանապարհում, թե վճարում է նրանց, չգիտեմ, չեմ կարող ասել։ Այս ֆոնդը «Խոջալուի ցեղասպանության» հուշարձան էր դրել Իսրայելի նախագահ Վայցմանի անվան այգում։ Այս կազմակերպության հիմնադիր կազմում շրջանառվում էին Իսրայելի Կնեսետի պատգամավորներ Ավիգդոր Լիբերմանի, Ռոբերտ Իլատովի եւ Սոֆյա Լանդվեռի անունները։ Վերջինս բանտարկվեց փողերի լվացման եւ կաշառակերության համար։ Մեր պարագայում ավելի քան 22 տարի փորձում եմ կազմակերպել հրեա լրագրողների այց Հայաստան, բայց չկա մեկը ո՛չ Իսրայելում, ո՛չ էլ Հայաստանում, որ գիտակցի ծրագրի կարեւորությունը:
- Այսինքն՝ «խավիարային դիվանագիտությունն» ավելի զորե՞ղ է «հանրային դիվանագիտությունից»:
- Ցավոք սրտի, ՀՀ ոչ մի կառավարություն՝ ո՛չ նախկին եւ ո՛չ էլ ներկայիս, շահագրգիռ չեն՝ լրջորեն զարգացնել հայ-հրեական հարաբերությունները։ Մինչեւ հեղափոխությունը ստեղծվել էր Հայաստան-Իսրայել միջազգային ֆորում, եղան Ազգային ժողովի ու Կնեսետի մակարդակով փոխայցելություններ, գործարարների շփումներ, բայց Հայաստանը դեսպանատուն չուներ։ Նոր կառավարությունը բացեց, բայց 44-օրյայի ժամանակ դեսպանին հետ կանչեցին, հետո փոխեցին, բայց, ըստ էության, ոչ մի լուրջ տեղաշարժ ու աշխատանք չի տարվում, ոչ մի խորհրդարանական շփումներ չկան, էլ ուր մնաց լրագրողներ հրավիրելու ու նրանց Հայաստանը ցույց տալու հարցը։
- Հնարավո՞ր է, որ Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակից Իսրայելը ներկայացնող լրագրողներն ու փորձագետներն «ազդվեն» Հայաստանում տեսածից եւ փոխեն ադրբեջանամետ կողմնորոշումը:
- Չեմ կարծում, որ արժե նույն լրագրողներին, որոնք Ադրբեջան են այցելել, բերել Հայաստան. նախ՝ Բաքվի հետ մրցել չենք կարող, «գրպանները փող դնել» չենք կարող։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց փոխարենը կարող ենք Իսրայելի կառավարությանը դեմ ու ընդդիմադիր շատ հայտնի լրագրողների հրավիրել Հայաստան, այլ ոչ «Բիբիստ եւ ազերապաշտ» լրագրողների, ու ազդելու համար էլ ջանքեր պետք չեն։ Պետք է ցույց տալ նրանց ոչ թե 5 աստղանի հյուրանոցներ ու պորտապարուհիներ, այլ՝ Եղեգիսի հրեական գերեզմանատունը, որը, ցավոք, անմխիթար վիճակում է, ու լավ կլինի, որ Եղեգիս տանող ճանապարհից բացի, որպես բարի կամքի դրսեւորում, մի քանի «դոլար» տան՝ մաքրեն գերեզմանատունն աղբից ու ներկեն 20 տարի առաջ ներկված փոքրիկ դարպասը։ Հետո ծանոթացնել հրեաներին Մատենադարանի հրեական ժառանգության հետ, վստահ եմ՝ «սեւ խավիարից» ավելի տպավորված կլինեն հրեա մտավորականներն ու լրագրողները։
- Հակամարտող եւ այդ հակամարտությունը կարգավորել ջանացող երկու երկրների միջեւ տեղեկատվական-հանրային «դիմակայությո՞ւնն» է ավելի շուտ հարթվում, թե՞ պետական մակարդակով առկա «վիճահարույց իրավիճակը»: Հայաստանում եւ Ադրբեջանում այս «պայքարը», կարծես, զուգահեռ է:
- Ես չեմ կարող համեմատել «խաղաղության» գնացող 2 երկրի՝ Ձեր նշած տարբեր դիմակայությունները։ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներով հային ներկայացնում է որպես ոխերիմ թշնամի՝ մանկապարտեզից սկսած, ի դեպ, նույնն անում է ՀԱՄԱՍ-ը հրեաների դեմ, Իրանն էլ՝ կրկին հրեա ժողովրդի դեմ, ու այս ամբողջը՝ պետական մակարդակով։ Ադրբեջանում տեղեկատվական-հանրայինն ու պետականը նույնն էին, այնինչ Հայաստանում հյուսիսային երկրի՝ իբր դաշնակից ու մեզ «ոտքով-գլխով ծալած» երկիրը շատ լուրջ լրատվական հնարավորություններ ու մեր երկրի քաղաքականության վրա լուրջ ազդելու լծակներ դեռ ունի։ Իսկ մեր իշխանություններն ավելի զուսպ են ու, ցավոք սրտի, միշտ էլ, իմ կարծիքով, ըստ էության, խստորեն չեն հակադարձում ադրբեջանական բոլոր տեսակի ապատեղեկատվությանը։ Ալիեւը միշտ շարունակելու է զինել իր բանակը գերժամանակակից զինատեսակներով, իսկ Հայաստանը բանակի ծառայության ժամկետն ու բանակային բյուջեն է կրճատում։ Կոչ եմ անում՝ քիչ զբաղվել «տերտեր շոուներով». հոգեւոր դասի վեթինգը 2018-ին պետք է լիներ, այլ ոչ հիմա, ողջ բարեփոխումներն արդեն արված պետք է լինեին, 7 տարի ոչինչ չարվեց, երկիրը դավաճաններից չմաքրվեց, ու հիմա դեմագոգիայով են զբաղված։