Երեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Լեւոն 14-րդ Սրբազան Քահանայապետը Քասթել Գանդոլֆո դղյակում հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Սա Լեւոն 14-րդ Պապի եւ Գարեգին 2-րդ Կաթողիկոսի առաջին պաշտոնական հանդիպումն է՝ Սրբազան Քահանայապետի՝ մայիսի 8-ին Հռոմի 267-րդ Պապ ընտրվելուց հետո։
Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոսության պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Vatican News-ին փոխանցել է, որ երկու հովվապետերի հանդիպումը կայացել է եղբայրական ջերմ ու սիրալիր մթնոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցական զանազան հարցեր։ Հատկապես շեշտադրվել է արցախահայության ճակատագրի հարցը։ Գարեգին 2-րդը Լեւոն 14-րդին հրավիրել է այցելել Հայաստան՝ Մայր Աթոռ։ Երկու գահակալները խոսել են նաեւ խաղաղության անհրաժեշտության մասին։ Հայոց եկեղեցու հովվապետը շեշտել է հատկապես արդարության վրա հիմնված խաղաղության կարեւորությունը։


