Քաղաքականություն

Խնդիրն այն է, թե ԱՄՆ նոր վարչակազմն ինչ պլաններ ունի Հարավային Կովկասում

Խնդիրն այն է, թե ԱՄՆ նոր վարչակազմն ինչ պլաններ ունի Հարավային Կովկասում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը մայիսի 28-ին օկուպացված Արցախի Բերձորի շրջանում միջազգային օդանավակայան են բացել: Հատուկ ընտրված էր ամսաթիվը. թուրքերը սիմվոլիկա սիրում են՝ Հայաստանի Առաջին Հանրապետության, Սարդարապատի ճակատամարտում թուրքական զինված ուժերի ջախջախման օրը: Երեք պետությունների ղեկավարները հայտարարել են, որ իրենց համագործակցությունը բոլոր ոլորտներում շարունակվելու է, իսկ նման հանդիպումները մշտական բնույթ են կրելու՝ նախատեսվում են նաեւ նախարարների մակարդակով հանդիպումներ: 
Օդանավակայանի բանալիներ տրվեցին Ալիեւին եւ Էրդողանին։ Վերջինս շեշտել է, որ իրենց եռակողմ համագործակցության կարեւորագույն շեշտադրումը տրանսպորտային հանգույցներն են, ինչն արդեն որոշակի ակնարկ է իր մեջ պարունակում: 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նման մակարդակի հանդիպումները պատահական չեն լինում, եւ օրն էլ պատահական չի ընտրվել: «Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը գնում են Բերձոր: Մյուս կարեւոր հարցը կա՝ եթե իրենք համարում են, որ Արցախն ազատագրել են, եւ իրենք դա ընդունում են, բնականաբար, Պակիստանը, Թուրքիան, այնտեղ նաեւ Իսրայելի ղեկավարն էր պակասում, որը նույնպես այդտեղ պետք է լիներ, լինեին Շուշիում կամ, ենթադրենք՝ Ստեփանակերտում, ապա դա կարելի է ընկալել, որ Արցախի ազատագրմանն էր նվիրված: Բայց երբ որ իրենք դա Բերձորում են անում եւ օդանավակայան են բացում, որը քաղաքացիական իմաստ չի կարող ունենալ որեւէ առումով, մի պարզ պատճառով` այնտեղ եւ շրջակայքում մարդ չի բնակվում, որ օդանավակայանի կարիք լինի: Բնականաբար, դա ռազմական օդանավերi, տարբեր անօդաչու սարքերի տարածք է, որը կարող են օգտագործել: Սա ուղղված է Հայաստանի դեմ, եւ կարող ենք դիտարկել որպես թուրքական աշխարհի ստեղծման մասին հայտարարություն»: 

Պատահական չէր նաեւ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ հայտարարեց, թե հայ-ադրբեջանական ընդհարման վտանգ կա, եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիր լինի, եւ Ռուսաստանը պատրաստ է մասնակից լինել այդ գործընթացին, դրա երաշխավորը լինել: Դրան կարելի է ավելացնել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Ռուբիոյի օրերս արած այն հայտարարությունը, որ ռազմական էսկալացիայի վտանգ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: 

«Հասկանալի է, որ խոսքը գնում է Սյունիքի մասին: Եվ պատահական չէ, որ հյուպատոսարանների բացման քայլեր են արվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանն էլ, հյուպատոսություն բացել Կապանում: Սյունիքն ակտիվ տուրիզմի տարածք չէ, որ այդ երկրների քաղաքացիները մեծ քանակով լինեն, եւ հյուպատոսական ծառայության բացման խնդիր լինի: Սա իրենց ներկայության մասին հայտարարություն է: Այդ քայլերը, որ արվել են Բերձորում, բնականաբար, Հայաստանի դեմ են ուղղված, բայց ոչ միայն Հայաստանի: Պատահական չեն նաեւ Իրանի դեսպանի, Իրանի փոխարտգործնախարարի, իսկ դրանից առաջ ամենաբարձր մակարդակի հայտարարությունները, որ սահմանների փոփոխություն թույլ չեն տա: Այս ամեն ինչը մեկ ընդհանուր տրամաբանության մեջ պետք է դիտարկել, եւ, այո, այստեղ աշխարհաքաղաքական մեծ առճակատման վտանգ գոյություն ունի»,- ասաց Դանիելյանը: 

Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական շահերի կենտրոն, եւ այդ երկրների հյուպատոսարանների բացումն ու բացման ցանկությունները հենց դա են նշանակում: Այստեղ հարց է առաջանում՝ Իրան-Ֆրանսիա, Ֆրանսիա-Ռուսաստան՝ ունե՞ն շահերի բախում Սյունիքում, թե՞ ունեն ընդհանուր շահեր: «Կարող է երկու մեծ երկրներ աշխարհի մի մասում ունենան հակասություններ, աշխարհի մյուս մասում ունենան համագործակցություններ: Այստեղ այդ հարցն առաջանում է՝ Սյունիքի, Հայաստանի մասով որո՞նք են իրենց շահերը, որո՞նք են հակասությունները»,- նկատեց քաղաքագետը: Հարցին, թե այդ երկրները հետաքրքրվա՞ծ են Սյունիքը ՀՀ կազմում տեսնելով, թե սեփական տեսլականն ունեն, Դանիելյանն ասաց, որ այստեղ Թուրքիան, Պակիստանը, Բրիտանիան ցանկանում են իրենք վերահսկել Սյունիքը, իսկ այդ ճանապարհն ունենա ռազմաքաղաքական նշանակություն՝ թուրքական աշխարհի ստեղծման համար, դրանով դուրս գան Կենտրոնական Ասիա եւ գործեն Իրանի ու Ռուսաստանի դեմ: 

«Միանշանակ, Իրանի դիրքորոշումը հստակ է, նա դա համարում է իր երկրի համար վտանգ եւ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած քայլերի, նույնիսկ՝ ռազմական, որպեսզի դա թույլ չտա: Ռուսաստանի դիրքորոշումը նույնպես հստակ է, մի քանի անգամ հայտարարել են: Իրենք ոչ պաշտոնական հայտարարում են, որ դուք չեք կարող վերահսկել, որովհետեւ այդտեղ կա Թուրքիա եւ Ադրբեջան, եւ ուժերը համարժեք են, սակայն մենք ցանկանում ենք, որ դա լինի Հայաստանի տարածք, բայց մեր վերահսկողությամբ»,- ասաց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այստեղ տարակարծություններ կան, ըստ մի տեսակետի՝ Իրանը հայտարարում է, որ Հայաստանը կարող է լինել Վրաստանով դեպի Եվրոպա ճանապարհ, եւ այստեղ Եվրոպան ներկայացնում է Ֆրանսիան: Ու կարծես թե այստեղ Իրանի եւ Ֆրանսիայի շահերը համընկնում են, եւ պատահական չէ, որ Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Իրանի հետ աշխարհի տարբեր կետերում հակասություններ ունեն, բայց Հայաստանում հակասություններ չունեն: 
«Հիմա խնդիրը սա է՝ թե Միացյալ Նահանգների նոր վարչակազմն ինչ պլաններ, ինչ խնդիրներ ունի: Նախկին վարչակազմը հասկանալի էր, իրենք ցանկանում էին, որ Ուկրաինայի նման կոնֆլիկտը մեծանա, եւ դա համարում էին Իրանի ու առաջին հերթին Ռուսաստանի դեմ քայլեր: Միացյալ Նահանգների այս ռեժիմը ոնց որ թե իրեն հեռու է պահում ուկրաինական խնդիրներից, սակայն կարծես թե իրական հարցերն իրենց համար ավելի կարեւոր են: Հիմա թե ինչ դիրքորոշում կունենա ԱՄՆ-ն Իրանի հանդեպ, միջուկային պայմանավորվածություններ ձեռք կբերեն, թե ոչ, ապա Հարավային Կովկասի նկատմամբ իրենց վերաբերմունքն ածանցյալ կլինի Իրանի վերաբերմունքից»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image