Քաղաքականություն

Կոնգրեսի առաջարկը ունի միմիայն քաղաքական նշանակություն՝ 907-րդ բանաձևը վկա 

Կոնգրեսի առաջարկը ունի միմիայն քաղաքական նշանակություն՝ 907-րդ բանաձևը վկա 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ շուրջ 2 տասնյակ հայամետ կոնգրեսականների առաջարկով ընդունված նախագիծը, որով Ադրբեջանից պահանջվում է ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, այս պահին իրավական ուժ չունի և քաղաքական նշանակության փաստաթուղթ է։ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն ասում է․ «Ողջ աշխարհով կոչերը չեն ունենում իրավական ուժ, ունենում են քաղաքական հետևանքներ։ Սրա հիման վրա հնարավոր է՝ ինչ-որ մի ժամանակ անց ասեն՝ կոչ ենք արել, չեք ընդունել, բայց դա ձևավորվելու է միայն ու միայն մեր հայկական դիվանագիտության աշխատանքով՝ հետևողական կերպով այս բանաձևն օգտագործելով, եթե ոչ՝ սա պարզապես ամերիկյան դիվանագիտության ձեռքին լինելու է գործիք, որ երբ պետք լինի, երբ Ադրբեջանն իրեն խելոք չպահի, դրա հաջորդ քայլը կարողանա անել։ Ինչ ԱՄՆ-ն ընդունում է, ընդունում է ամերիկյան շահերի և ոչ մեր սիրուն աչքերի համար»,-հայտարարեց Թևան Պողոսյանը։

Նա, ի հիմնավորում, հիշեցրեց․ «Մենք ժամանակին 907 բանաձև էլ ենք ունեցել, («Ազատությանն աջակցության բանաձև», որի 907 ենթաբաժնով ԱՄՆ կառավարությանն արգելվել է ԱՀ-ի կառավարությանը ուղիղ օժանդակություն ցուցաբերել) հետո, աշխատու՞մ ա»։ 

Հիշեցնենք, որ բանաձևի ընդունումից մի քանի տարի անց՝ 1997 թվականին սենատոր Ս. Բրաունբեքի նախաձեռնությամբ Սենատ մտած «Ուղղում 1961 թվականի արտասահմանյան օգնության բանաձևի մեջ՝ Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկրների տնտեսական և քաղաքական անկախությունը սատարող նպատակամղված օժանդակության մասին» բանաձևով չեղյալ համարվեց «Ազատությանն աջակցության բանաձևի» 907 ենթաբաժնի վերապահումը ԱՀ-ի նկատմամբ։ Շարունակելով՝ Թևան Պողոսյանն արձանագրեց․ «ԱՄՆ-ը շուռ ա գալիս, ասում ա՝ չէ, ստատուսի խնդիրը չի լուծվել, իսկ ինձ կբացատրե՞ք, թե «կարգավիճակի հարցը չի լուծվել» ասելով՝ ի՞նչ եք հասկանում։ Ո՞վ էդ ստատուսը պետք է որոշի։ Ադրբեջանի ու Հայաստանի 2 ներկայացուցիչ նստեն խոսե՞ն։ Էն Հայաստանի, որը Արցախից հրաժարվե՞լ է, գնալու է ի՞նչ ստատուսի հարց բարձրացնի»։

Իսկ ի՞նչ պետք է անի Երևանը, որպեսզի այդ բանաձևն աշխատի և, առհասարակ, այդ հարցում հետևողական լինելու համար։ Թևան Պողոսյանն ասաց՝ ճանաչի Արցախի Հանրապետությունը։ «Որ ասի՝ ճանաչել եմ, որ սրանից հետո իմ երեսով չտաք, որ նույնիսկ ես չեմ ճանաչել։ Ադրբեջանն ասում է՝ ինձ ՄԽ պետք չէ, ձեզ է պետք, դուք էլ ճանաչեք, որ Մինսկի խմբում խոսելու թեմա ունենանք»։ Կամ, Պողոսյանը հարցնում է՝ իսկ Բլինքենի (ԱՄՆ պետքարտուղար) հայտարարությունը լսե՞լ եք։ Իսկ Բլինքենը Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․«Այժմ հարցը հետևյալն է՝ արդյոք Մինսկի խմբի անդամ այլ երկրների, Թուրքիայի աջակցությամբ մենք կարող ենք անել ավելին՝ նպաստելու այդ երկու երկրների միջև լարվածության թուլացմանը սահմանների երկայնքով՝ հաշվի առնելով մնացած գերիների ու ականների հարցերը, իսկ հետո օգնել նրանց ձեռնարկել փոքր քայլեր, որոնք կարող են ուղի հարթել դեպի ավելի մեծ խաղաղության ու հաշտեցման գործընթաց»։ 

Ինչևէ, նախագիծն ընդունվել է  ԱՄՆ Հայ դատի և համագործակցության արդյունքում։ ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց ․«Այս փաստաթուղթն առայժմ չունի իրավական հետևանքներ, քանի որ գնալու է ծերակույտ՝ Սենատ, որն էլ կորոշի։ Եթե որդեգրի, ապա կդառնա օրենք»։ Իսկ ինչո՞վ պետք է պարտադրի օրենքը Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։

Կիրո Մանոյան․ «Օրենքը չէ, որ պետք է պարտադրի իրեն, օրենքը պետք է պարտադրի, որ Միացյալ Նահանգների գործադիրն այդ ուղղությամբ աշխատանք տանի։ Ոչ միայն ռազմագերիների ու քաղաքացիական բնակչության պատանդների ազատ արձակում, այլ բազմաթիվ խնդիրներ ևս։ Հետաքննություն, որ ռազմական հանցագործություններ տեղի ունեցել են, արդյոք «Բայրաքթարի» մեջ կան ամերիկյան սարքեր և այն օգտագործվել է քաղաքացիական բնակչության դեմ»։

Խոսքը մեկ այլ նախագծի մասին է, որով կոչ է արվում պատրաստել զեկույց Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ քաղաքացիների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին: Փորձագետները չեն բացառում անգամ, որ ուսումնասիրության հիմնավոր արդյունքների դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն «Բայրաքթարների» դեմ։ Այս դեպքում, ըստ Մանոյանի մեկնաբանության, ամերիկյան այս մասերը, առանց որոնց թուրքական անօդաչուները չեն կարող աշխատել, չեն վաճառվի։ ՀՅԴ-ականի խոսքով՝ այս ուսումնասիրությունը պետք է անի ամերիկյան գործադիրը։ Սա նրա պատասխանն էր հարցին, թե արդյոք հայկական լոբբին փաստեր և ապացույցներ տրամադրել է։ «Բայց փաստեր, այո, կան»,-ասաց Մանոյանը։

Նրա խոսքով՝ այս նախագծերը շրջանառվել և հաստատվել են ՀՅԴ Հայ դատի և Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համագործակցությամբ, ղեկավարմամբ և հայկական համայնքի ակտիվ մասնակցությամբ։ Այն է՝ «բազմաթիվ նամակներ, զանգեր են արել կոնգրեսականներին»։

Նշենք, որ այդ աշխատանքներին իրենց նպաստն են բերել բազում իրավապաշտպան կազմակերպություններ, և հատկապես՝ «Իրավական ուղին»։ Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանին, ապա Կիրո Մանոյանն ասում է․ «Ավելի կօգներ, եթե այս ուղղությամբ պաշտոնական Երևանն էլ աշխատանք տաներ։ Ես չեմ տեսել, կարող է և հրապարակավ չեն տարել, կարող է և ոչինչ էլ չեն արել։ Բայց սա, ի վերջո, ամերիկյան օրենք է լինելու»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image