Ջրհեղեղ, օր 20-րդ։ Ալավերդի քաղաքն ու հարակից բնակավայրերը շատ արագ հայտարարեցիք աղետի գոտի, այդպիսով մարդկանց մոտ միգուցե հույս առաջացնելով, որ հեղեղումների հետևանքները արագ կվերացվեն ու շրջանի բնականոն կյանքը կվերադառնա նախկին վիճակին։ Մի քանի օր անց սկսեց ակնհայտ դառնալ, որ դուք ավելի շատ ձեր ինքնագովազդով եք զբաղված, քան մարդկանց ճակատագրով։ Ի միջի այլոց այդ ինքնագովազդի կարիքը դուք ունեք տղերք։ Երկրում Ձեր հանդեպ վստահության խիստ պակաս է զգացվում արդեն շատ վաղուց։ Բայց Ձեր այս քայլերով դուք հասնում եք հակառակ էֆեկտի։
Միգուցե Երևանում զօր ու գիշեր ձեր սոցիալական էջերին հետևող հանրության մի փոքր հատված հավատում է, որ դուք երկար ու տանջալի գիշերներ եք անցկացնում` տանջվելով հանուն տուժած բնակիչների, սակայն տեղում պատկերն այլ է։ Միջպետական ճանապարհի` ամբողջովին փլուզված հատվածները լիցք անելուց ու միակողմանի անցանելի սարքելուց ու որոշ շատ անհրաժեշտ հատվածներում ժամանակավոր կամուրջներ դնելուց ու այդ կամուրջների հետ նկարվելուց հետո (Քարկոփի կամուրջը վկա), մարդկանց էլի թողեցիք անտեր։ Ճանապարհի ողջ երկայնքով առայժմ ոչ մի վերականգնման լուրջ ու ծավալուն աշխատանքներ չեն իրականացվում։ Միակողմանի անցանելի հատվածներն առայժմ մնում են վտանգավոր երթևեկության համար։ Ամեն օր լսում ու կարդում ենք, որ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն հատվածը անցանելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Լավ մինչև ե՞րբ։ Համապատասխան տեխնիկա չունե՞ք, թե՞ դուրս գրված գումարներն են վերջացել` աշխատանքները դեռ չավարտված։ Սրանք ու էլի շատ այլ հարցեր առաջանում են բնակիչների եւ ուղղակի ճանապարհով ամեն օր երթևեկող մարդկանց մտքերում։ Հարցերի անպատասխան մնալը հանգեցնում է բազմաթիվ եզրակացությունների՝ ո՛չ հօգուտ ձեզ։
Հասկանալի է, որ ձեզ համար առաջնային խնդիր է դարձել ամեն գնով Երևանում կենտրոնացած ձեր իշխանությունը պահելը, որ ազատ ռեսուրս չունեք` ոչ ոստիկան, ոչ ԱԻՆ որոնք ի դեպ պետք է աղետի առաջին իսկ րոպեներից կենտրոնանային տուժած բնակավայրերում ու գոնե մի քիչ արդարացնեին ժողովրդի ակնկալիքները։ Չենք ուրանում` որոշ համեմատաբար խոշոր բնակավայրերում ԱԻՆ-ը աշխատեց։ Սակայն մոտ երկու շաբաթ` առանց կամուրջ ու առանց տարրական անվտանգության ապահովման պայմանների մնացած 6-7 բնակավայրերի բնակիչներն այդպես էլ չտեսան ո՛չ ոստիկան, ո՛չ ԱԻՆ աշխատակից, ո՛չ շտապօգնության մեքենա։ Դժվա՞ր էր արագ հավաքվող վրանային ճամբար տեղադրել որևէ հարմար վայրում։ Չէ՞ որ դուք ի տարբերություն հասարակ ՀՀ քաղաքացու գիտեիք, որ ավտոմեքենաների համար նախատեսված ժամանակավոր կամուրջը կտեղադրվի ոչ թե մի քանի օրից (կամ ինչպես դուք էիք սիրում ասել «հնարավորինս սեղմ ժամկետներում»), այլ ամբողջ 2 շաբաթից։ Ասենք նաև, որ ժամանակավոր կամուրջը տեղադրվել էր ավելի վաղ, քան այն կդառնար անցանելի։ Իսկ անցանելի այն դարձավ ՀՀ «գլխավորի» տվյալ հատված այցելությունից մեկ օր առաջ, էլի ներկայացվելով ձեր սոցհարթակներում` այնպես, կարծես օրն ի բուն աշխատում եք այդ ուղղությամբ։ Իսկ այդ 2 շաբաթում քանի՞ հոգի կունենար առաջին օգնության կարիք։
Բայց փոխարենը առավել քան ակտիվ «աշխատում» էիք ու եք Բաղրամյան պողոտայում ու հարակից տարածքներում՝ ձեր խոսքերով ասած՝ պաշտպանելով հասարակ քաղաքացիների անվտանգությունը։ Իսկ պաշտոնապես աղետի գոտի հայտարարված բնակավայրերի քաղաքացիները ձերը չե՞ն, թե՞ Բաքվի բանտերում մնացած ու մոռացված մեր գերիների պես կարող են մի քանի ամիս էլ սպասել (փաստացի 3 տարուց ավելի)։
ՀՀ քաղաքացի Մհեր Բաղդասարյան