Երեկ Փարաքար խոշորացված համայնքում բողոքի ակցիա էր՝ համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցները համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։ Նրանք ավտոերթ իրականացրին դեպի համայնքապետարան։ Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, Փարաքարի 21 հոգանոց ավագանու կազմում 10 մանդատ ունի «Ապրելու երկիրը», 2-ը՝ ՔՊ-ն, մերձիշխանական «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9։ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին 10 ձայնով ընտրել է համայնքի ղեկավար, ու թեպետ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիրը» պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով։ Ավագանու մյուս 11 անդամներն էլ համայնքապետ են ընտրել Դավիթ Մինասյանին՝ ՔՊ-ի մասնակցությամբ։ «Մինասյան դաշինքը» դիմել է դատարան, Փարաքարի ընտրությունների արդյունքները չեղարկվել են, ապա ստեղծվել է ծիծաղելի մի իրավիճակ՝ 2,5 տարի պետք է համայնքապետ աշխատի Մինասյանը, ապա՝ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։
«Ակցիան իրականացնում ենք ընդդեմ Փարաքար խոշորացված համայնքի «ընտրված» ղեկավարության, ներկայացուցիչների, ավագանու անդամների, որոնք օրենքի բազմաթիվ խախտումներով ընտրեցին համայնքի ղեկավար։ Մենք մեքենաներով ուղեւորվելու ենք Արմավիրի մարզպետարան։ Գրություն-պահանջ ունենք հանձնելու մարզպետին, որ մարզպետարանը կարողանա պատշաճ ձեւով այս ամենը ներկայացնել կառավարություն։ Սա անում ենք նաեւ, որ այսքան ժողովրդի բողոքն ի վերջո լսելի դառնա։ Պետք է համայնքներում բնակիչների հետ շփվել, որ հասկանան, թե ինչ են ուզում նրանք։ Հիմա այս պահին մեր առաջին պահանջն այն է, որ օրենքը պահպանվի։ Փաստացի 14 օրվա ընթացքում չի ձեւավորվել համայնքի ղեկավարի պաշտոնը, ու այս դեպքում 69-րդ հոդվածը պիտի աշխատի»,- ասաց Վոլոդյա Գրիգորյանը, որն անձամբ էր առաջնորդում ցույցը։ «Ժողովուրդը չի հանձնվում, չի նահանջում։ Հլը մի հատ եղանակին նայեք, անձրեւին նայեք ու նայեք մեր քանակին, տեսեք՝ ինչքան մարդ է եկել պայքարելու։ Ես կոնկրետ Մերձավանից եմ։ Այ մարդ, ի՞նչ դրական փոփոխություն, մենակ վատն է։ Մանկապարտեզի վճարն են հիմա էլ թանկացրել, դարձրել են 7 հազար դրամ, չենք վճարելու։ Երեխաներին էլ չենք տանելու, դե թող իրանք մտածեն՝ ոնց են էս հարցը կարգավորելու․․․ Ձեզ ընտրել էինք, որ էժանացնեիք, բա էժանացնեիք, էդ խի՞ չեք էժանացնում։ Էս ի՞նչ է կատարվում, մենակ թանկություն, թանկություն, թանկություն։ Եթե պիտի մանկապարտեզի վարձ բարձրանա, պիտի էդ երեխու ծնողի աշխատավարձն էլ բարձրանա, որ կարողանա տակից դուրս գալ։ Կամ՝ մանկապարտեզում էդ ի՞նչ փոփոխությունններ են եղել, էդ ի՞նչ մի դրական բան է եղել, որ ավել փող տանք»,- ասում էին ակցիայի մասնակիցները։
«Խնդիրը մենակ համայնքապետի հարցը չի։ Հա, մենք էլի պնդում ենք, որ Գրիգորյանը պիտի լինի համայնքի ղեկավար, բայց էս հարցից բացի մենք շատ հարցեր ունենք, որ առիթը ստեղծվել է, պետք է ասենք։ Նիկոլ Փաշինյան, բա հլը մի հատ արի տես՝ ինչ է կատարվում։ Ասում էիք՝ մնացեք, ապրեք ձեր երկրում, շատ երեխաներ ունեցեք։ Բա հիմա ես բազմազավակ ընտանիքի հայր եմ, 3 երեխու հեր եմ։ Էդ ի՞նչ աշխատավարձ եք տալիս, 150 հազար դրամ փող եմ ստանում, որից 21 հազար մենակ երեխեքի մանկապարտեզի վարձ եմ տալիս։ Բա էդ երեխեն ուտել էլ է ուզում, շոր է ուզում, բա ո՞նց անենք, մի հատ եկեք մեզ բացատրեք։ Ոչ մի օգնություն չկա։ Ոնց անտերություն կար, հիմա էլ տենց անտերություն է, հլը էն ժամանակ մի բան էլ ավելի լավ էր։ Փոշմանել ենք, որ գոռում էինք՝ «Նիկոլ Փաշինյան», ոտքով էլ հելանք հասանք մինչեւ աշխարհի ծերը»,- հավելեց մյուսը։ «Չենք համաձայնել, որ երկու հոգով կառավարեն համայնքը։ Էդ որտե՞ղ է տենց բան գրված, էդ ի՞նչ մի թազա օրենքներ են հնարում։ Ուզո՞ւմ եք՝ ես ավելի լավ բան առաջարկեմ։ 21 ավագանի են համայնքում, եկեք ամեն մեկին մի օրը տանք, ամեն մեկը մի օր ղեկավարի, այ քեզ բան։ Սե՞նց են երկիր ղեկավարում։ Սրա ի՞նչն է արդար։ Էսքան ժողովուրդ հավաքվել եկել է, որ արդարությունը ոտքի տա՞կ գցեն։ Գրիգորյանը ընտրված ղեկավար է։ Ստորագրություն էլ հավաքեցինք ուղարկեցինք կառավարություն, բայց էլի մի կողմ դրեցին։ 60 տոկոսից ավել հավաքեց, մի կողմ դրեցին, 49 տոկոսից ավել հավաքվեց՝ մի կողմ դրեցին։ Լավ, վերջը ի՞նչ է լինելու։ Էս ժողովուրդը դուրս եկավ իրեն ընտրեց, որ էս ժողովրդին ոտքի տա՞կ տա։ Ուրեմն լսեք․ մենք ամեն օր փողոց ենք դուրս գալու, էնքան ենք գալու, մինչեւ մեր նպատակին հասնենք։ Բա 3 մլն վարչապետ էինք, ինքն էր ասում, բայց հիմա ոչ մեկին բանի տեղ չեն դնում։ Անգամ մեր ձայնը չեն ուզում լսել, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Գրիգորյանի աջակիցներից մեկը։
Փարաքարի ակցիային զուգահեռ մեկ այլ ակցիա էլ Երեւանում՝ Արցախի ներկայացուցչության շենքի մոտ էր ընթանում՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատներն էին դժգոհում բնակարանների ապահովման խնդրից, պնդում՝ իրենց որդիները թաղված են Եռաբլուրում, ցանկալի է, որ իրենց հասանելիք բնակարանները եւս ՀՀ-ում լինեն։ «Արցախում իրոք որ մեծ թափով բնակարանաշինություն է տեղի ունենում, սակայն ինչ վերաբերում է նախարարի կամ, ասենք, Արցախի նախագահի այն հայտարարություններին, թե վերջերս 300 բնակարանով ապահովել են, նման բան չկա։ 108 բնակարան են բաժանել, մեծամասնությունն էլ, բնականաբար, զոհվածների ընտանիքներին։ Փաստեր կարող եմ ներկայացնել, որ այդ 108 բնակարաններում ապրում է միայն 10 ընտանիք։ Թվերը հստակ ճշտած են, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Գնացել հարց եմ տվել, ասել եմ՝ բա մարդիկ խի՞ չեն ապրում էդ տներում, ասում են՝ դե, գազօջախ չկա, էս չկա, էն չկա, ու տենց տարբեր պատճառաբանություններ։ Մեզ հիմա առաջարկում են գնալ Արցախ ապրել, բայց գնանք որտե՞ղ ապրենք, եթե մեր տները հակառակորդի տիրապետության տակ են։ Իրականում ժողովուրդը բնակարաններով ապահովված չի, մենք չենք կարող գնալ այնտեղ ապրել, բնակարանների հարցը շատ լուրջ է։ Ստեղի իշխանությունները գցում են Արցախի վրա, ընդեղի իշխանությունները գցում են սրանց վրա»,- պնդեց արցախցի մի տղամարդ։ Ցուցարարների մեջ էր նաեւ Շուշիի համայնքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Շուշիի բնակիչների մեծամասնությունն այս պահին գտնվում է Արցախի տարբեր համայնքներում։ Քիչ մասն էլ գտնվում է ՀՀ-ում։ Ճիշտ է՝ նրանց վիճակները շատ բարվոք չեն, քանի որ այս պահի դրությամբ վարձավճարները կտրված են, վարձի հատուցում չի տրվում։ Մարդիկ իրոք ցանկություն ունեն վերադառնալու Արցախ, բայց քանի որ կենցաղի հարցը դեռ լուծված չէ, դրա համար էլ ամեն ինչ ձգվում է։ Հույս ունեմ, որ զոհվածների ընտանիքներին բնակարաններով ապահովելուց հետո ֆինանսի հարցը մի քիչ կթեթեւանա, նորից մարդիկ կարողանան վարձի գումար ստանալ, որ, ասենք, գնան Ստեփանակերտ ապրեն։ Մեզ քիչ առաջ Սերգեյ Ղազարյանն ընդունել է, զրուցել ենք։ Ասաց, որ հնարավոր է վաղը ԱԺ նախագահի հետ հանդիպում կազմակերպի, այսինքն՝ զոհված զինծառայողների ընտանիքների հետ։ Մեր պահանջը եւս մեկ անգամ ասեմ՝ այն է, որ զոհվածների ընտանիքներին 20 մլն դրամ հատկացվի, որ նրանք կարողանան այստեղ՝ ՀՀ-ում, բնակարան գնեն»,- ասաց Սարգսյանը։