Քաղաքականություն

Թուրք լրագրողները նաեւ սահմանամերձ տարածքներ են այցելել

Թուրք լրագրողները նաեւ սահմանամերձ տարածքներ են այցելել

Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանին սպասարկող «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի» նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել թուրքական տասը լրատվամիջոցների և Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի լրագրողները: Այցի շրջանակներում լրագրողները հանդիպել են ոչ միայն Փաշինյանին, այլև այլ պաշտոնյաների ու փորձագետների:
Ստամբուլում հրապարակվող «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուքյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ այս հանդիպման հրավերն ավելի վաղ էին ստացել՝ երկու կամ նույնիսկ երեք ամիս առաջ: Սակայն հանդիպումը ինչ-ինչ զարգացումների պատճառով հետաձգվել էր, այսինքն, այս հանդիպումը պետք է ավելի շուտ կայանար:

Հետաքրքրվեցինք, թե «Ակօս» թերթի լրագրող Լուսյեն Կոպարն ինչ հարց է տվել Փաշինյանին, Էստուքյանը պատասխանեց․«Ռուբեն Վարդանյանի պայմանների մասին հարցում ուղղած է՝ անդրադառնալով այն համոզումին, թե Հայաստանի կառավարությունը արժանի կերպով չի պաշտպանում Ռուբեն Վարդանյանի իրավունքները: Հատկապես այդ ուղղությունով հարցում արած է, որքան որ գիտեմ»:
Սակայն քանի որ լրագրողը դեռ չի վերադարձել Ստամբուլ, պրն Էստուքյանն ասաց, որ հավելյալ տեղեկություններ չունի:

«Ակօսի» խմբագիրն ասաց, որ իրեն անծանոթ մի մարդ զանգահարել է իրեն ու հրավիրել այդ հանդիպմանը, սակայն ինքը որոշել է, որ ավելի լավ կլինի, եթե «Ակօսի» անձնակազմից մեկ այլ լրագրող գնա: Նա նշեց, որ լրագրողները այլ հանդիպումներ էլ են ունեցել, օրինակ Ռուբեն Ռուբինյանի հետ, գիտի, որ նաև սահմանամերձ տարածքներ են այցելել:

Հետաքրքրվեցինք, թե հայկական համայնքը նման նախաձեռնությունն ինչպե՞ս է գնահատում, ասաց․ «Ճիշտ էր սա, քանի որ այստեղ մամուլը՝ թերթերը կամ հեռուստակայանները բավական հեռու են այս նյութերի մասին անդրադառնալուց, հետո այդտեղի զրագացումները, մարդկանց ինչ մտածելը, նրանց տեղյակ պահելը իմաստալից էր: Թեև սա առաջին անգամը չէ, որ թուրք լրագրողներ են այցելել Հայաստան: Անցյալին այդ այցելությունները ավելի հաճախակի էին՝ փոխադարձ կերպով, թե Հայաստանից Թուրքիա և թե Թուրքիայից դեպի Հայաստան: Ահագին լրագրողներ գնացել-եկել են, բայց վերջին տարիներին այդ ընթացքը շատ նվազել էր, հետևաբար այս մեկը ճիշտ գաղափար էր, այո»,-եզրափակեց իր խոսքը Բագրատ Էստուքյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image