Քաղաքականություն

Միջազգային արձագանքի վրա հույս դնելը

Միջազգային արձագանքի վրա հույս դնելը

Ալեքսանյան Վահագն. «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կվերադառնա բանակցային սեղան ու չի գնա էսկալացիայի ճանապարհով»: Զարմանալի է, բայց ես կարող եմ համաձայն լինել «նիկոլիզմի» ներկայացուցիչ, քպկական «ազգընտիրի» հետ: Նույնիսկ ավելին, կարող եմ նաև լրացնել նրան՝ ասելով, որ թշնամի պետությունը հաստատ կգնա էսկալացիայի ճանապարհով՝ եթե նրա «թաթիկներին չհարվածեն»: Իսկ հարվածող, ինչպես երևում է, չի գտնվում: Որովհետև, նախ, վերը նշված քպկականի վերադաս Փաշինյան Նիկոլի ավելի քան հնգամյա վարչապետության արդյունքում ջարդվել է հայոց բանակի ողնաշարը: Այն բանակի, որի առաջ խեղճանում էին հայր ու որդի Ալիևները, երբ մեր երկիրը ղեկավարում էին նախկինները: Երկրորդ, Իլհամին տեղը չի դնի երբեմնի հյուսիսային մեր դաշնակիցը, որը Նիկոլի ջանքերի գնով դարձավ համարյա թե թշնամի: Իսկ ինչ մնում է արևմտյան երկրների կամ Եվրամիության ղեկավարությանը, ապա հատկապես վերջինիս համար Ադրբեջանը հուսալի գործընկեր է: Իսկ նման գործընկերոջ նկատմամբ պատժամիջոցներ կամ սահմանափակումներ չեն սահմանվում: Այնպիսիք, որոնք ստիպեին նրան հարգել հարևանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:     

Կախարդական այս շրջանից, սակայն, ելք կա: Իհարկե, ոչ այն «Ելքը», որը Նիկոլին բերեց իշխանության, իսկ հայոց աշխարհին էլ՝ արհավիրքներ: Իրական ելքը, որի դեպքում, նախ, բանակը կվերականգնի նախկինում առկա՝ Հարավային Կովկասի լավագույն բանակի անունն ու հեղինակությունը: Իսկ թշնամի երկրի ղեկավարը մեղա կգա հայոց ուժի առջև՝ մեր ժողովրդին անընդհատ ստորացնելու համար: Ինչ մնում է արևմտյան կեղծ մտահոգություններին, ապա դա կհասցեագրվի մեր արևելյան հարևանին: Եվ երկրորդ, մեր երկրից իսպառ արմատախիլ կարվի «նիկոլիզմը»: Մնում է, որ լուծենք այդ շրջանակի ամենափոքր հարցը. ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձնավորությանը հեռացնենք իշխանությունից: Իսկ դրանից հետո ՀՀ քաղաքացի Ալեքսանյան Վահագնը սեփական աչքերով կտեսնի, թե ով և ինչպես կերաշխավորի Ադրբեջանի ղեկավարի վերադարձը բանակցային սեղանին: Եթե, իհարկե, Ալեքսանյանն այդ ընթացքում չհայտնվի «նիկոլիզմն» այսօր հովանավորող արևմտյան երևէ երկրում՝ խույս տալու համար հայաստանյան արդարադատությունից: 

Ինչ մնում է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ սպա Գերասիմ Առաքելյանի զոհվելուն, ապա քանի դեռ Նիկոլը, Արոն, Էդմոնը, Վահագնը և այդ խմբակի անդամ մնացածներն իրենց հուսը դնում են միջազգային արձագանքի վրա, Գերասիմը, դժբախտաբար, չի լինի վերջինը: Ադրբեջանցի մարդասպանի գնդակը կհասնի ոչ միայն դիրքերը պահող զինվորականին՝ լինի նա սպա թե զինվոր, այլև շատ-շատերին, ովքեր այսօր թքած ունեն թե՛ հայրենիքի և թե՛ բազում այլ հայորդիների վրա: Այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ու շարունակում են նվիրել հայրենիքին: Որպեսզի անվտանգ ապրեն ոչ միայն իրենց հարազատները, այլև հայրենիքի զգացողությունից բացարձակ զուրկ՝ ընդամենը հայերեն խոսող երկոտանի արարածները: Որոնց թվում է, թե իրենք կշարունակեն երևանյան սրճարաններում թրև գալ նույնիսկ թյուրքախոս մարդասպանների առկայության պայմաններում: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image