Հարցազրույց

«Հրապարակ». Այսքան շենք է կառուցվում, այդքան մարդու ինչպե՞ս են ջուր մատակարարելու

«Հրապարակ». Այսքան շենք է կառուցվում, այդքան մարդու ինչպե՞ս են ջուր մատակարարելու

Երեւանում եւ մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ՝ հայտնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ Ընկերության տեղեկացմամբ՝ սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններին՝ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Դավթաշեն, Ավան, Էրեբունի եւ Շենգավիթ, ընդգրկելով բազմաթիվ հասցեներ։ Մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր, ժամը 07:00-24:00-ն՝ ընդհանուր 17 ժամ տեւողությամբ։

Տարվա մյուս ժամանակահատվածում՝ հունվարի 1-ից մինչեւ մայիսի 1-ը եւ սեպտեմբերի 16-ից մինչեւ հունվարի 1-ը, ջրամատակարարումը կգործի շուրջօրյա ռեժիմով։ Գերատեսչությունից նաեւ հայտնում են, որ անջատումների ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ համապատասխան հարթակների եւ ընկերության պաշտոնական կայքի միջոցով:
Չնայած «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն միայն երեկ է բարեհաճել հայտարարել այս մասին, կան վարչական շրջաններ, ինչպես նաեւ՝ մարզեր, որտեղ արդեն վեց ամսից ավելի է, ինչ կեսգիշերից հետո ջրամատակարարումն անջատվում է` առանց որեւիցե հստակ պարզաբանման: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանի հետ:

- Ինչո՞ւ է «Վեոլիա ջուր»-ը որոշել նման անակնկալ մատուցել հանրությանը: Տարբեր վարկածներ են հնչում, սակայն ընկերությունը հստակ պարզաբանում չի տալիս: Ըստ Ձեզ` ո՞րն է սրա պատճառը: Կա կարծիք, որ Հայաստանն ունի ջրային պաշարների խնդիր:

- Գլոբալ խնդիրները մեկ տարում չեն կարող փոխվել դեպի վատը կամ դեպի լավը: Ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները ես դեռ վաղուց եմ հասարակությանը ներկայացրել: Կոնկրետ այս դեպքի հետ կապված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պետք է անպայման պարզաբանում ներկայացնի եւ խոսի կոնկրետ պատճառների մասին: Այժմ ասվում է, որ, օրինակ, գյուղերում 4 ժամ են ջուր մատակարարելու, բայց այստեղ հարց է առաջանում` իսկ առաջ ինչպե՞ս էր: Ես գյուղ գիտեմ, որ ընդհանրապես ջրամատակարարում չի ունեցել, հիմա պետք է հասկանանք` այս փոփոխությունը, օրինակ, այդ գյուղի համար դրակա՞ն է, թե՞ բացասական: Սրանք հարցեր են, որոնց ամենակոնկրետ պատասխանները պետք է տա «Վեոլիա ջուր»-ը:

- Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պատճառ կարող է լինել: Օրինակ` տեսակետներ կան, որ քանի որ Արցախն այլեւս Ադրբեջանի տիրապետության տակ է, այդ պատճառով էլ ջրի պաշարի լրջագույն խնդիր է նկատվում: Ջրի աղբյուրները նաեւ Արցախի ու Արցախին պատկանող տարածքներում էին։

- Արցախից մենք խմելու ջուր դժվար թե ստացած լինենք: Կոնկրետ այս դեպքը ոչ մի կապ չունի Արցախի կորստի հետ: Ի դեպ, մենք ավելի բարձր ենք ու Արցախի ջրերի հետ ոչ մի կապ չունենք: Էլեկտրաէներգիան, այո, Արցախում փոքր ՀԷԿ-եր կառուցվեցին ու այդպես էլ մնացին այնտեղ: Լուրջ կորուստ էր դա, մի մասը հենց հայերը քանդեցին, մի մասը մնաց Ադրբեջանին, հոսանքի առումով մեծ կորուստներ եղել են` Արցախով պայմանավորված:

- Այնուամենայնիվ, Երեւանում երբեք նման խնդիր չի եղել, ջրամատակարարումը գոնե վերջին երկու տասնամյակում եղել է 24-ժամյա:

- Օրինակ` մենք Նորքում տեւական ժամանակ է 24-ժամյա ռեժիմով ջուր չունենք: Եթե ինձ եք հարցնում, ապա այս ամենի պատճառը նախ այսքան շինարարություններն են: Այսքան բազմաբնակարան շենք է կառուցվում, այդքան մարդու ինչպե՞ս են ջուր մատակարարելու: 100-130 հազար արցախցի է Հայաստան եկել, դա նշանակում է, որ այդքան էլ ջուր օգտագործող, ջուր խմող ավելանում է: Արդյունքում ծանրաբեռնվե՞ց Հայաստանն այս առումով` այո, ծանրաբեռնվեց: Որքա՞ն մարդ է դրսից Հայաստան եկել` Ռուսաստանից, Հնդկաստանից, բավականին շատ, սա եւս թողնում է որոշակի ազդեցություն: Այս մարդիկ լրիվ ջուր օգտագործող են, ու դեռ որքան շենքեր էլ կան, որ դեռ բնակեցված չեն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նրանք էլ սկսեն ջուր օգտագործել ու անպայման օգտագործելու են, եթե բնակարան են գնում, պարզ է, որ ամեն ինչից էլ մարդը պետք է օգտվի: Սրանք դեմոգրաֆիական, չնախատեսված ծանրաբեռնվածության արդյունքում առաջացած խնդիրներ են: Ջրածավալի ծանրաբեռնվածությունը հանգեցնում է օպերատորի աշխատանքի փոփոխության: Ամեն դեպքում` այսքան շատ շինարարությունների ֆոնին ինձ մշտապես անհանգստացրել է ջրամատակարարման հարցը: Կարող եմ նշել 3 ուղի, թե ինչպես ծանրաբեռնվածությունը մեղմել: Նոր մագիստրալ խողովակաշարեր պետք է Երեւան մտնեն` տարբեր ուղղություններով, օրինակ` Ապարանից, Գառնիից եւ այլն: Ես լսել եմ, որ արվում է նման բան, բայց ինքս չեմ տեսել: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ասում է, որ կա ջրի 80 տոկոս կորուստ, ես այդ թվին մշտապես դեմ եմ եղել, թեպետ պետությունը հաստատել է այդ թիվը: Կորուստները համակարգելու համար կարող են համակարգերը նորոգել, սա նույնպես հնարավորություն է, որ ջրի քանակն ավելանա: Մյուս տարբերակն էլ ջրամատակարարման փոփոխությունն է:

- Իսկ այսքան տեղումները չե՞ն նպաստում ջրի պաշարին, գոնե՝ ոռոգման:

- Այո, այս տարի տեղումները բավականին շատ էին, պետք է որ տարին բարենպաստ լինի, քանի որ այսքան տեղումներ իսկապես վաղուց չէին եղել: Բայց այստեղ եւս դեմ ենք առնում համակարգի կորուստներին, ունենք ոչ նորմատիվ հողեր, որոնց մասին վաղուց խոսում ենք եւ այլն:

- ՀԷՑ-ին պատժեցին` ինչ-ինչ թերացումներ պատճառ բռնելով, ինչո՞ւ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն արտոնյալի կարգավիճակում:

- Դրանք քաղաքական հարցեր են, չգիտեմ, սակայն իմ ղեկավարման ժամանակ երկու ամսում ահագին ջրագողության դեպքեր բացահայտվեցին, կարծում եմ, որ հիմա էլ արվում են համապատասխան աշխատանքներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image