Գրել ենք, որ CNN անդրադարձել է սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական էջից Ծիծառնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը։ Այս աղմկահարույց դեպքի հետ կապված CNN-ը մեջբերել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակումը հեռացնելը մեկնաբանել է որպես «ժխտողական գործողություն»։
Հայ Դատի գրասենյակը պարբերականին հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է բոլոր 50 նահանգների, ԱՄՆ Կոնգրեսի, Սպիտակ տան և ՆԱՏՕ֊ում ԱՄՆ տասնյակից ավելի դաշնակիցների կողմից։
Մինչդեռ այսօր, նույն Վենսն իր կնոջ հետ այցելել է Բաքվի շեհիդների ծառուղի, որի մասին, ճիշտ է, ինքն անձամբ չէ, սակայն համապատասխան գրառում է հրապարակել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ այսինքն Թրամփի վարչակազմի արտաքին կարևորագույն ներկայացուցչություններից մեկը։ Իսկ Կենտրոնի և ընթերակա կառույցների քաղաքականությունը չի կարող շեղումներ կամ վրիպումներ ենթադրել՝ հանդես բերելով միասնական քաղաքականություն և դիրքորոշում։
«Այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը այցելել են Շեհիդների ծառուղի և իրենց խորին հարգանքի տուրքը մատուցել Ադրբեջանի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած շեհիդների հիշատակին»,- ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան գրառման մեջ։
«Վենս ընտանիքի այս այցը հարգանքի արտահայտություն է ադրբեջանական ժողովրդի ցուցաբերած քաջության նկատմամբ և վերահաստատում է հիշողության, մարդկային արժանապատվության և խաղաղության մշակույթի կարևորությունը», - ասվում է գրառման մեջ։
Ահա այստեղ է ամերիկյան երեսպաշտությունը՝ Ալիևյան մարդասպան ու հայատյաց ռեժիմի, ադրբեջանցիների նկատմամբ մարդասիրության ժեստ, իսկ ցեղասպան Թուրքիայի կողմից միլիոնավոր անմեղ հայերի կոտորածը խորհրդանշող Ծիծեռնակաբերդ այցը՝ զուտ արարողակարգային այց, այն էլ՝ հատուկ նշանակության ու ազդարարման։
Այս ամենը վկայում է, որ պետք է մշտապես սթափ դատել խորքային պետության՝ ԱՄՆ-ի իրական առաքելության և քաղաքականության մասին, երկիր, որը նույնիսկ պատերազմների հաշվին է առևտուր անում՝ բոլոր ժամանակներում, անկախ այս կամ այն վարչակազմից, առաջնային դասելով սեփական շահերը։
ԱՄՆ-ի հարցում պատրանքներ պետք չէ ունենալ, այդ թվում, դիցուք, TRIPP-ի «հայանպաստության» հետ կապված․․․