Հարցազրույց Փարաքար համայնքի նորընտիր քաղաքապետ Վալոդյա Գրիգորյանի հետ
- Փարաքարի ընտրություններում 57 տոկոսից ավելի ձայն եք հավաքել՝ ավելին, քան նախորդ ընտրություններում։ Ինչո՞ւ փարաքարցին ընտրեց Ձեզ, այլ ոչ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին։
- Իմ կարծիքով, ժողովուրդը քվեն տվեց՝ ինձ վստահելով։ Ես ծնվել եւ մեծացել եմ Մերձավանում եւ այս տարիների ընթացքում շփվել եմ ժողովրդի հետ։ Փորձել եմ ամեն օր լինել նրանց կողքին, ցանկացած հարցով։ Չզբաղեցնելով որեւէ պաշտոն, միշտ դիմել են ինձ, եւ դուք չեք կարող գտնել մեկին, ով կասի՝ դիմել եմ Վոլոդյա Գրիգորյանին, մերժել է։ Ինձ համար էական չի եղել՝ պաշտոնյա է, թե հասարակ բնակիչ, լսել եմ, փորձել հարցին լուծում տալ։
- Որոշ հարցումներ ցույց էին տալիս, որ Գյումրիում էլ, Փարաքարում էլ իշխանությունն է հաղթելու։ Բացի այդ, նաեւ ՔՊ-ականներն էին վստահ իրենց հաղթանակում։ Օրինակ, նախարար, փարաքարցի Նարեկ Մկրտչյանը Լյուդվիգ Գյուլնազարյանի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասում էր, որ 50+ են հավաքելու եւ կոալիցիայի խնդիր չեն ունենա։ Ինչո՞ւ էր այդքան վստահ։
- Չեմ կարող ասել, թե Նարեկ Մկրտչյանի վստահությունը որտեղից էր գալիս, բայց ես իմ հարցազրույցների ժամանակ բազմիցս ասել եմ, որ լինելու է հաղթանակ, եւ այդ հաղթանակը մենք ունեցանք։ Նարեկ Մկրտչյանն այստեղից է, գուցե փորձել է շփվել բնակիչների հետ, ովքեր գուցե վստահեցրել են, որ ընտրելու են իրենց, նա էլ հավատացել է։
- Դուք գո՞հ եք արդյունքներից, նախորդ ՏԻՄ ընտրության համեմատ առաջընթաց եք ունեցել։
- Ավելի շատ ձայներ եմ հավաքել եւ շատ ուրախ եմ, որ փարաքարցիները վստահել են ինձ ու տվել այդ քվեն։ Դա ինձ պարտավորեցնում է, որպեսզի ամենօրյա ռեժիմով լինեմ իմ համայնքի եւ բնակչի կողքին։
- Ընտրվելուց հետո, որպես հաղթած թեկնածու, հանդիպե՞լ եք Լյուդվիգ Գյուլնազարյանին։
- Չեմ հանդիպել որեւէ մեկին, հուսով եմ՝ առիթ կլինի, կհանդիպենք։
- 2026-ին սպասվում են համապետական ընտրություններ։ Գյումրու եւ Փարաքարի արդյունքներն ինչ-որ բան հուշո՞ւմ են իշխանությունների պարտության կամ հաջողության մասին։
- Բոլոր տեղերում ժողովուրդն է որոշելու, թե իր քվեն ում պետք է տա, որ քաղաքական ուժին։
- Ձեր ընտրողները 2026-ին Նիկոլ Փաշինյա՞ն կընտրեն, թե՞ այլընտրանքային թեկնածուի։
- Ես չեմ կարող բնակչի տեղը պատասխանել կամ հորդորել նրան՝ որ քաղաքական ուժին ընտրեն։ Այդպես չի լինելու, բոլորս հավասար ենք, հավասար ձայնի իրավունք ունենք, նրանք պետք է որոշեն, թե ում են ընտրում։
- Մտածե՞լ եք 2026-ի ընտրություններին որեւէ ուժի հետ մասնակցելու մասին։
- Ես ստանձնել եմ մի պաշտոն, որտեղ շատ անելիքներ կան։ Ժողովրդի պահանջն ու սպասելիքները չիրականացրած, ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածել։
- Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել, համայնքապետարանում կադրային փոփոխություններ լինելո՞ւ են, շարունակելո՞ւ եք աշխատել Լյուդվիգ Գյուլնազարյանի թիմի հետ։
- Այստեղ ոչ թե Լյուդվիգ Գյուլնազարյանի թիմն է, այլ աշխատում են համայնքի բնակիչներ, ովքեր աշխատել են նաեւ նախկինում։ Ես չեմ պատրաստվում մարդկանց ազատել աշխատանքից, ուղղակի լինելու եմ խստապահանջ եւ հետեւողական։
- Ինչպե՞ս եք աշխատելու կենտրոնական իշխանությունների հետ, նախորդ ընտրություններում թույլ չտվեցին՝ դառնաք Փարաքարի համայնքապետ։
- Չեմ կարծում, որ պետք է տարաձայնություններ լինեն, այստեղ բնակչի հարցն է։ Ես չեմ կարծում, որ կլինեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն Փարաքարի զարգացմանը։ Ես ամենօրյա ռեժիմով շփվելու եմ բնակիչների հետ, եթե իշխանությունը չուզենա համայնքում ներդրում անել, ժողովուրդը դա կիմանա։
- Եթե փարաքարցի Լյուդվիգ Գյուլնազարյանը մի հարցով դիմի Ձեզ, ի՞նչ եք անելու։
- Օգնելու եմ, ոչ մի խնդիր, ես տարաձայնություն ոչ մեկի հետ չունեմ, չեմ ունեցել, փորձում եմ այնպես ապրել, որ չհայտնվեմ տարաձայնությունների մեջ։
- Մերձավանում տեղի ունեցած սպանությունից հետո` ընտրություններից առաջ, կալանավորեցին Ձեր եղբորը, այս հարցն ինչպե՞ս է հանգուցալուծվելու։
- Մերձավանում շատ ցավալի դեպք է եղել, թե ինչքան կապ ուներ քաղաքական պրոցեսների հետ, դրա պատասխանը ես չեմ կարող տալ, մեր բնակիչները շատ լավ գիտակցում են՝ քաղաքական հողի վրա էր, թե՝ ոչ։
- Միանձնյա կարո՞ղ եք կառավարել համայնքը, թե՞ այլ ուժի անհրաժեշտությունը կա՝ քվորում ապահովելու իմաստով։
- Մենք միանձնյա կարող ենք կառավարել համայնքը, բայց շատ ավելի լավ կլինի, որ այլ ավագանիներ էլ ներգրավված լինեն, իրենք իրենց ելույթներով եւ մտքերով հանդես գան։