Հարցազրույց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ
- Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առճակատման վտանգի մասին խոսեցին ՌԴ եւ ԱՄՆ պաշտոնյաները, իսկ Բերձորում Պակիստանի վարչապետը, Էրդողանն ու Ալիեւը միջազգային օդանավակայան բացեցին: Այս հայտարարություններն ու իրադարձությունները փոխկապակցվա՞ծ են:
- Ոչ, բայց օդանավակայանի բացումը եւ նախորդ բոլոր գործողություններն Արցախի օկուպացված տարածքներում նույն համատեքստի մեջ են: Խնդիրը հակաիրանական գործողությունների համար համապատասխան ենթակառուցվածքների ապահովումն է, եւ այս օդանավակայանը եւս ծառայելու է նույն նպատակներին, այսինքն՝ զենքերի մատակարարում եւ հարձակման իրականացման համար լոգիստիկ թիկունքային ապահովման իրականացում: Իսկ այդ մտահոգությունները միշտ արդիական են, քանի որ ունենք իշխանություն, որը համահունչ է գործում այդ ծրագրերին եւ կատարում է դրսից թելադրված պահանջները՝ վնասելով մեր պետությանը, ու երկրի անվտանգությունն է զոհասեղանին դրել: Եվ դա գալիս է նաեւ արեւմտյան կենտրոնների որոշակի ծրագրերից, երկրորդ ճակատով` Ռուսաստանի եւ Իրանի դեմ համապատասխան գործողություններ անելու եւ ռուսական զինուժի եւ պետության կարողությունները ջլատելու համար: Այս համատեքստի մեջ վտանգն առկա է, եւ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մենք այդ վտանգը գուցե ավելի սուր ունենանք, բայց ես վստահ եմ, որ ե՛ւ ռուսական, ե՛ւ իրանական կողմը շատ լավ հասկանում են դրա սարսափելի հետեւանքները, բացի Հարավային Կովկասի անվտանգությունը խաթարելու տեսանկյունից, իրենց պետությունների ամբողջականության եւ անվտանգության համար եւ իրենց բոլոր գործուն ջանքերը կօգտագործեն՝ նման զարգացում թույլ չտալու համար: Ռուսաստանն ու Իրանը կօգտագործեն իրենց լծակները թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի վրա, որպեսզի այդ զարգացումներն իրականություն չդառնան: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանը նույն՝ Ուկրաինայի հետ բանակցության հարցում վերջին շրջանում առաջնային դիրք է տալիս Թուրքիային՝ փորձելով դրանով իսկ պահել նրան որոշակի վերահսկողության ներքո:
- Երբ Ռուբիոն ասում էր, որ իրենք փորձում են թույլ չտալ այդ առճակատումը, անկեղծ չէ՞, թե՞ Արեւմուտք ասելով միայն ԱՄՆ-ն չպետք է հասկանալ:
- Արեւմտյան շրջանակները միայն Նահանգների ներկայիս վարչակարգով չեն սահմանափակվում, եւ ներկայիս վարչակարգը որոշակի երկակի խաղ է խաղում՝ առերես խաղաղության հրեշտակի կամ միջնորդի կերպարանք ստանձնելով, բայց ընդհատակյա փորձելով նաեւ իր ռազմարդյունաբերական կոմպլեքսի համար զարգացման հնարավորություններ ստեղծել: Արեւմտյան կենտրոնները, որոնք այս ապուրը եփել են, եւ որոնց ծրագրով է Արցախը հանձնվել Ադրբեջանին, եւ որոնց ծրագրի էական տարր է պանթուրքական միջանցքի գոյությունը՝ որպես նիզակ, որը պիտի հարվածի թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, թե՛ Չինաստանին եւ իրենց վերահսկողության տակ դնի Միջին Ասիան, Հարավային Կովկասով, կասպիականի ռեսուրսները եւ, ընդհանրապես՝ մետաքսի ճանապարհի ամբողջ ուղին: Այդ կենտրոնների ծրագրերը շարունակում են գործել, եւ մենք տեսնում ենք նույն եվրոպական երկրների վարքագծից, որ իրենք զինվում են, ամեն ինչ փորձում են անել, որ օգտագործեն իրենց հանրությունների մոլորեցված մտածելակերպը, ներմուծված հակառուսականության ֆոնին արդարացնելու իրենց պետությունների ռազմականացման ընթացքը՝ բավարարելով ամերիկյան ներկայիս վարչակազմի` ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը 5 տոկոսի հասցնելու ծրագիրը եւ դա արդարացնելով Ռուսաստանի, այսպես ասած, սպասվող ագրեսիայով: Իսկ մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը երբեք նախահարձակ չի եղել, պաշտպանվել է, բայց այս համատեքստը, ցավոք սրտի, շարունակում է գործել: Մեր այսօրվա իշխանությունները ոտքով, ձեռքով կախված են այդ կենտրոններից թե՛ իրենց՝ իշխանության գալու առումով եւ թե՛ հազար ու մի ֆինանսական խնդիրներով, որոնց կոռուպցիոն թելերի բացահայտումները մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք: Թեեւ դրանք ընդամենը սառցալեռան գագաթն են ներկայացնում: Այս պարագայում մեր պետությունը փաստացիորեն պատանդ է դարձել նման խմբակի հանցավոր եւ հանցագործ քայլերին, ու ամենօրյա ռեժիմով այդ դամոկլյան սուրը մեր գլխին կախված է, որի բռնակն այսօր գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքում: