Քաղաքականություն

Նիկոլին հայտարարված շախն ու մատը

Նիկոլին հայտարարված շախն ու մատը

Նոյեմբեր ամսին Հայաստանի «մեծարգո վարչապետը» հաղթեց ընդդիմությանը, այն է՝ երբեմնի «սիրելի» ժողովրդին, մեկ անգամ: Սակայն նույն անձը նույն այդ ժողովրդի ներկայացուցիչներից պարտվեց մի քանի անգամ: Եթե հարցնող լինի, թե ինչո՞ւ եմ նույնականացնում ընդդիմությանն ու ժողովրդին, պատասխանեմ: Վերջինս, նախ, պարտվեց Գյումրվա ժողովրդին և վստահաբար կպարտվեր էջմիածինցիներին ու հարակից գյուղերի բնակչությանը, եթե անձամբ մասնակցեր քարոզարշավին: Ու այդ պատճառով էլ Վաղարշապատի ընտրության քարոզարշավին ո՛չ ինքը մեջտեղ եկավ ու ո՛չ էլ իր հիմնադրած կուսակցությունը. դա երկու: Քարոզարշավային այդ դրվագները թե՛ իր և թե՛ ընդդիմության համար բացահայտեցին, թե ինչ աստիճանի մերժված անձ է ինքը: Այնպես որ, որպես նրա պարտության շահառու, կարող ենք նշել թե՛ ընդդիմությանը և թե՛ երբեմնի «սիրելի» ժողովրդին:   
Անցնենք առաջ. երրորդ պարտությունը 4-րդ կարգի ցորենի ներկրման պատմությունն էր, որի առումով փորձեց «խաղաղարարական» միավոր շահեց, սակայն բախվեց «Հրապարակ»-ի լրագրող Լուսինե Պետրոսյանի բավահայտած խայտառակությանը: Ու ստիպված եղավ խաղից դուրս գալ՝ ներկրման ողջ մեղքը բարդելով մասնավորի վրա: Բայց այդ հարցում ևս կարելի է նրան «պարգևել» (ինքն ունի, չէ՞, պարտությամբ հպարտանալու անբնական հակում, ինչը մի քանի տարի առաջ է խոստովանել) պարտություն, ու դա կլինի 4-րդը: Դա «Հրապարակ»-ի գլխավոր խմբագրի հոդվածն էր այն մասին, որ Հայաստանում ոչ-ոք տեղյակ չէր, որ Ադրբեջանի ու Ղազախստանի նախագահների պայմանավորվածության համաձայն ներկրվելու է ղազախական ցորեն: Այնինչ, երբ այն արդեն հասել էր Հայաստան՝ իշխանությունը փորձեց գլուխ գովել, թե տեսե՜ք-տեսե՜ք ինչ մեծ բան եմ արել: Իսկ այնուհետև «համեստորեն» լռեց, երբ լրագրողը բացահայտեց, թե ինչ կարգի ու որակի ցորեն էր ներկրվածը:

Հինգերերդ պարտությունն, այսպես կոչված, «աղոթքի («աղոթք» բառը հենց փոքրատառով) նախաճաշի» քարոզչական դրվագն էր: Որքան տեղյակ եմ, իշխանության կողմից ստեղծվել էր դրա կազմակերպման միջազգային մակարդակի կազմկոմիտե: Ինչը պետք է լրացուցիչ կշիռ հաղորդեր տեղական մակարդակի այդ միջոցառմանը: Սակայն միջոցառումից երկու-երեք շաբաթ առաջ գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Կարենը, կարողացել էր կապվել ամրիկյան լրագրող ու բլոգեր Թաքեր Կարլսոնի հետ ու հարցազրույց տվել հայոց եկեղեցին պաշտպանելու համար հորեղբոր կալանավորման ու ընդհանրապես քրիստոնեական թեմայով: Հայաստանում սկզբնական շրջանում չհասկացվեց, թե ինչու էր շեշտադրում կատարվել երկրորդի վրա: Ոմանք նույնիսկ հարցազրույցում դրա ներառումը սխալ համարեցին: Սակայն երբ որոշ ժամանակ անց պարզվեց, որ Երևանում տեղական մակարդակի «աղոթքի նախաճաշ» է կազմակերպվելու, պարզվեց դրա նպատակը: Հատկապես որ Հայաստան այցելած հյուրերն արդեն տեղյակ էին, թե ինչ է կատարվում մեզանում այդ առումով: Եվ դրա պսակը հանդիսացավ հյուրերի այցը Էջմիածին, ու Վեհափառի կողմից նրանց ընդունելը: Այնինչ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողին թվում էր, թե ինքն է հյուրերին առաջնորդելու դեպի Մայր տաճար: Ու, ենթադրաբար, իրեն թվացել է, թե նաև այդպիսին կարող է լինել իր երազած արշավանքը: Սակայն դա տապալվեց, ու ինքը շախ ու մատ ստացավ առանձին վերցրած շախմատային պարտիայում:      

Զարմանալիորեն առկա է նաև վեցերորդ պարտությունը, ինչը բավական անսպասելի էր: Դա կալանավորված մի շարք ընդդիմադիր գործիչների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատավորների որոշումն էր: Այդ հարցում կարելի է շնորհավորել այն դատավորներին, ովքեր ապացուցեցին, որ իրենք այն տեսակից չեն, ով չի կարող չկատարել վարչապետի աթոռից կառչած անձի հրահանգները: Ինչ մնում է վերջինիս միայն մեկ հաղթանակին, ապա դա, բնականաբար, Վաղարշապատի համայնքի ավագանու ընտրությունում ՔՊ-ի հաղթանակն էր: Ինչը տեղի չէր ունեցել խաղաղասիրական նախաձեռնության շնորհիվ՝ ինչպես ինքն էր դա մատուցել: Այլ ընտրությունների առումով տեխնիկական և տեխնոլոգիական մանիպուլյացիայի ու բազմաթիվ ընտրախախտումների շնորհիվ: Ինչի մասին ասվել ու գրվել է բազմաթիվ անձանց և այդ թվում՝ տողերիս հեղինակի կողմից: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image