Հասարակություն

«Հրապարակ». Ճապոնիայում Թումո է բացվել, իսկ Ռուսաստանինը՝ փակվել

«Հրապարակ». Ճապոնիայում Թումո է բացվել, իսկ Ռուսաստանինը՝ փակվել

«Թումո» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնները կրթական հաստատության հազվագյուտ մոդել են, որը մրցունակ  է նույնիսկ զարգացած երկրների շուկաներում: Հայաստանից դուրս Թումո կենտրոններ կան  Փարիզում, Բեյրութում, Կիեւում, Բեռլինում, այլ քաղաքներում, իսկ հունիսի 1-ից Թումո կենտրոն բացվեց նաեւ Ճապոնիայի Տակասակի քաղաքում՝ Թումո Գունմա կենտրոնը, այն նահանգի անունով, որտեղ գտնվում է Տակասակին: 
Սա արդեն 12-րդ Թումո կենտրոնն է աշխարհում: Հանդիսավոր բացմանը Ճապոնիայի ու Հայաստանի պաշտոնյաներ են մասնակցել, Թումոյի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները, Գունմա պրեֆեկտուրայի նահանգապետը, Ճապոնիայում ՀՀ դեսպանը, Թումոյի ղեկավարությունը, նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:  

Ինչո՞ւ Հակոբ Արշակյանը, այլ ոչ, օրինակ, ԲՏԱ կամ գոնե, օրինակ, ԿԳՄՍ նախարարը: Թումոյի լրատվության պատասխանատու Զառա Բուդաղյանը Արշակյանի մասնակցությունը բացատրում է. «Ազգային ժողովն էլ, կրթության նախարարությունն էլ, արտաքին գործերի նախարարությունն էլ՝ բոլորը մեր գործընկերներն են, որոնք գնահատում են Թումոն ու միշտ կապի մեջ են մեզ դնում, եթե հնարավոր համագործակցության եզրեր են տեսնում, ու այս գործընկերությունը շարունակական է»: 

Թումոն գնահատելը կառավարության միակ ներդրումն է այս ծրագրի մեջ, քանի որ ծրագիրը մեկնարկել է շատ ավելի վաղ եւ ամբողջությամբ գոյատեւում է դրսից ստացվող ներդրումներով եւ դրամահավաքներով: Բայց քանի որ սա հաջողված նախագիծ է, ձախողված ՔՊ-ական իշխանությունը փորձում է այն «քաշել իր տակ», ներկայացնել որպես իր ձեռքբերում: Այս տարիներին Թումոյին պետական բյուջեից որեւէ աջակցություն չի հատկացվել: 
Թումոյի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է առաջացել ճապոնացիների հետաքրքրությունը հայկական այս նախագծի հանդեպ: 2018 թվականին Ճապոնիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն այցելել է Երեւանի Թումո կենտրոն` կառավարության հետ աշխատանքների շրջանակում, շատ տպավորվել է, իսկ 2022 թվականին, երբ նա արդեն թվային  ռեֆորմի նախարարն էր, այցելել է Թումո` Հակոբ Արշակյանի հետ: «Հենց Տարո Կոնոյի այցելությունից հետո է խոսակցություն բացվել Գունմայի պրեֆեկտուրայի հետ, եւ սկսվել են Ճապոնիայի կողմից շենք, բյուջե գտնելու աշխատանքները, որոնք երեք տարում բերեցին արդյունքի, որ կենտրոնը բացվեց»: 
Խոսնակը պատմում է, որ Թումոն անընդհատ կատարելագործվում է, նոր մոդուլներ են ավելացվում: «Օրինակ, արհեստական բանականությունը ճիշտ կիրառելու, այն որպես գործիք օգտագործելու կրթական ծրագիրը զարգացրել ենք, ավելացրել ենք մոդուլներ, որպեսզի դա թվա ոչ թե որպես մի հրեշ` քո ապագա աշխատանքը ձեռքիցդ խլող, այլ քո գործը հեշտացնող գործիք»,- ասում է Զառա Բուդաղյանը: Ճապոնացիները շատ մանրակրկիտ են ուսումնասիրել մեր ծրագիրը ու եկել են այն մտքին, որ ուզում են ունենալ Թումո եւ ոչ միայն Տակասակիում, նաեւ՝ այլ քաղաքներում, ինչպես նաեւ  ստեղծելու են Թումո-տուփեր` փոքր մարզերում ու բնակավայրերում: 

Ի դեպ, Զառա Բուդաղյանից տեղեկացանք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ չի գործում Մոսկվայի Թումոն, որը բացվել էր 2020 թվականի սեպտեմբերին` Անկախության տոնի կապակցությամբ: Այն ուղղակի փակվել է, քանի որ Թումոյի ռուսաստանյան գործընկերը պահանջել է, որ երեխաների ծնողները վճարեն կրթության համար ու թանկ վճարեն: «Դա միակ փորձառությունն էր, որ գործընկերն ուզում էր վճարովի հիմունքներով իրականացնել ծրագիրը: Մենք երկար պայքարեցինք, բայց ի վերջո համաձայնեցինք իրենց պայմաններին, սակայն հետո հրաժարվեցինք այդ մոդելից, քանի որ այդ դեպքում Թումոն չի աշխատում, ծնող-ուսանող-Թումո հարաբերությունը խեղաթյուրվում է, գաղափարը փչանում է, անառողջ էլեմենտ է հայտնվում: Բոլոր Թումոները պատկանում են պատանիներին, նրանք պատանիներինն են, պատանիներն իրենցն են, եւ եթե ծնողը վճարում է Թումոյի համար, այդ հարաբերությունը փոխվում է: Իրենք այստեղ են, որովհետեւ ուզում են, ոչ թե որովհետեւ ծնողը վճարել է»: 

Հիշեցնենք, որ առաջին Թումոն հիմնադրվել է Երեւանում՝ 2011 թվականին, իսկ առաջին միջազգային Թումո կենտրոնը բացվել է 2018 թվականին՝ Փարիզում: Միջազգային ընդլայնումը երեք կարեւոր հարց է լուծում՝ Հայաստանը ներկայանում է որպես միջազգային կրթական բրենդի ստեղծող, հնարավորություն է ստեղծվում՝ դրսի աչքով գնահատելու Թումոն, ֆինանսական միջոցներ ներգրավելու ֆրանչիզայի միջոցով, որպեսզի Հայաստանի ծրագիրն առաջ տանեն: Թումո այցելող երեխաները հիացած են նախագծով: Նրանք, ովքեր դպրոց դժվարությամբ են հաճախում, Թումոյից տուն գնալ չեն ուզում: Այն դարձել է լրացուցիչ կրթության, մասնագիտական կողմնորոշման, ժամանցի, հասակակիցների հետ շփվելու լավագույն վայր: Այնքան մեծ է հետաքրքրությունը երեխաների մոտ, որ Թումո այցելելու ցանկություն ունեցողների հերթեր են գոյանում, եւ որոշ դեպքերում երեխաները մի քանի ամիս սպասում են, մինչեւ իրենց հերթը հասնի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image