ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ զրույցում նկատեցինք, որ 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւս առաջադրվել են մեղադրանքներ։
Հետաքրքրվեցինք, թե կա՞ն, արդյոք, մարդու իրավունքների խախտումներ նշված գործերում։
«Ես չեմ զբաղվում բուն գործով, իսկ կողքից նայելը շատ անշնորհակալ գործ է։ Ես պետք է ուսումնասիրեմ այդ հատորները, որ կարծիք հայտնեմ։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ասում են, որ այդ գործը «ջուր» է, իսկ իմ կողմից հարգված փաստաբան Վահե Գրիգորյանն ասում է, որ ներկայացված փաստերը սարսափելի են։ Երկուսին էլ ես վստահում եմ մասնագիտորեն, բայց քաղաքական իմ ճաշակն այսօր ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի է։
Հետեւաբար՝ ես չեմ կարող լինել օբյեկտիվ։ Ես ուզում եմ, որ Քոչարյանը եթե մեղք է գործել, ենթարկվի պատասխանատվության։ Քաղաքական իմաստով նա պատասխանատու է հաստատ, իրավական իմաստով՝ թող կռվեն մասնագետները, փաստաբանները։ Իսկ զուտ մարդկային իմաստով միանշանակ է, որ Քոչարյանն ունի մեծ պատասխանատվություն։ Բոլորս էլ գիտենք, թե ինչեր են տեղի ունեցել 1998-2008թթ․»,- ասաց Կարեն Անդրեասյանը։ Միաժամանակ նա հավելեց, որ չկա բողոք, որ Ռոբերտ Քոչարյանն ունի խնդիր՝ կապված ազատազրկման պայմանների հետ։