Մշակույթ

Սնուփ Դոգ կանչելը հայրենիքի դավաճանություն է, եւ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն

Սնուփ Դոգ կանչելը հայրենիքի դավաճանություն է, եւ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հետաձգված երեւանյան համերգը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարվա օգոստոսին։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։

«Այս տարվա ընթացքում սպասում ենք կազմակերպության կողմից առաջարկների։ Ժամկետի հետ կապված՝ 3 առաջարկ պետք է ներկայացնեն։ Մենք կընտրենք ամենանպատակահարմարը՝ համերգը կազմակերպելու համար։ Նախնական ունենք տպավորություն, որ դա կարող է օգոստոսին լինել, եւ սպասում ենք գրավոր առաջարկի, որպեսզի կարողանանք հայտարարել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Անցյալ տարվա սեպտեմբերի 23-ից մինչ օրս համերգի կազմակերպիչ «Դոփինգ Սփեյս» ընկերությունը դեռ չի հայտնել՝ երբ է տեղի ունենալու ռեփերի երեւանյան համերգը, որի համար հարկատուների գրպանից արդեն հատկացվել է մոտ 6 միլիոն դոլար, ինչը մեկ տարի շարունակ բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք տվեց: Ինչպես հայտնի է, Սնուփ Դոգի համերգը հետաձգվեց Արցախի հայաթափմամբ ու արցախցիների բռնի տեղահանություններով պայմանավորված:   

Հատկանշական է, որ ռեփերի համերգի համար հատկացված բյուջեի՝ 6 միլիոն դոլարի մեծ մասը տրամադրվել է կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության «Արվեստների ծրագիր» տողով, որի նպատակն է, ինչպես շարադրված է բյուջեի հավելվածում, «նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի եւ պարարվեստի զարգացմանը եւ հանրահռչակմանը»։ 

Թե ինչպես է ամերիկացի ռեփերը նպաստելու Հայաստանի ազգային երաժշտարվեստի զարգացմանը, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ասում է. «Դա ձեռ առնելու նման բան է: Մի ողջ ազգի ձեռ են առնում, ուրիշ ոչ մի բան, ես դեռ մեկ տարի առաջ եմ ասել` Սնուփ Դոգ կանչելը հայրենիքի դավաճանություն է, եւ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, որովհետեւ դա էլ մեր մշակութային սահմաններն են: Մենք, ֆիզիկական հայրենիքից զատ, ունենք նաեւ մշակութային հայրենիք, ու եթե ֆիզիկական հայրենիքի սահմանները զինվորն է պահում, մշակութային հայրենիքի սահմանները եւս պետք է պահպանել, որովհետեւ այդ սահմանները լրիվ բաց են: Մի կողմից՝ ներխուժել են արեւելյան կլկլոցները, ու ժողովրդին համարյա այն աստիճանի են հասցրել, որ երաժշտության մակարդակում արդեն մուսուլմանություն են ընդունել, մյուս կողմից էլ` Սնուփ Դոգի միջոցով բերում են այլասերված մի երաժշտություն` բյուջեի փողերը վարի տալով»: 

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել էր, թե որոնք են Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքները: Այս առնչությամբ Ա. Շահնազարյանը եւս դիտարկումներ ունի. «Վերջերս վարչապետը հայտարարեց, չէ՞, որ էպոսն ազգային արժեք է, բա «Ակունքը» հիմա էպոսի վրա է աշխատում, ինչո՞ւ չեք ֆինանսավորում, ավելին` մի քանի տարի առաջ դիմեցինք ֆինանսական աջակցության համար ու մերժվեցինք, հիմա մենք մեր ուժերով էպոսն ենք անում։ Ո՞նց է ստացվում, որ Կոմիտաս, Արամ Խաչատրյան ունեցող ժողովուրդը Սնուփ Դոգ է բերում ու միլիոններ ծախսում: Ի՞նչ է նշանակում՝ գումարն արդեն տվել են: Դուք գիտեք, որ 60թ․-ից մինչ այսօր Կոմիտասի վրա` բոլոր հրատարակված հատորներով հանդերձ, այդ գումարի 10 տոկոսն էլ չի ծախսվել, իսկ նա պիտի գա, մի քանի ժամ երգի ու գնա: Այդ ի՞նչ չափանիշներ են գործում... ես իմ ռեքվիեմը տանում եմ, որ կատարեն, հաշվում են ու ինձնից 6 հազար դոլար են ուզում` այն կատարելու համար (համերգասրահի, երգչախմբի, նվագախմբի գումար եւ այլն): Այն ժամանակ Խզմալյանին հենց այդպես էլ ասացի, որ 6 հազար դոլարը բերեմ, ո՞նց եք մուտք անելու: Հայ կոմպոզիտորից մշակույթի նախարարությունը փող է ուզում, բայց եվրոպական երաժշտությունը ձրի են կատարում, Վիվալդիից փող չեն ուզում.... հիմա ո՞նց հասկանանք դա»: 

Կառավարության այս որոշումը, ըստ կոմիտասագետի, նշանակում է պղծել մշակութային հայրենիքը, հանձնել մշակութային հայրենիքի սահմանները, հետն էլ` ծաղրել։ «Այս ինչպե՞ս եք մշակութային սահմանները գծում, սա միտումնավո՞ր է արվում, թե՞ չէ: Կարող է Ադրբեջանն է պարտադրում, որ Սնուփ Դոգին բերեք կամ հայ կոմպոզիտորից փող ուզեք՝ իր երաժշտությունը կատարելու համար։ Սա է՞լ է Սովետական Միության քարտեզներով արվում, սրան ո՞նց պիտի պատասխան տաք: Այս ժողովուրդը եթե ինքնասիրություն ունի, պետք է ոտքի կանգնի ու իր մշակութային սահմանը պաշտպանի, թույլ չտա, որ Սնուփ Դոգն այստեղ ոտք դնի: Եթե քո հոգեւոր-մշակութային սահմանը հանձնեցիր, հաշվի՝ ֆիզիկականն արդեն հանձնված է: Տերյանը 1914-ին գրեց` եթե չի լինելու հոգեւոր-մշակութային Հայաստան, ինձ այդպիսի հայրենիք պետք չէ: Նույն բանն ասել է թե՛ Տերյանը, թե՛ Նժդեհը, թե՛ Կոմիտասը: Բավական չէ՝ սխալ են գծվում մշակութային Հայաստանի քարտեզի սահմանները, հետն էլ ձեռ են առնում, սա էլ նոր բան է, անունն էլ դրել են` «նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից երաժշտարվեստի զարգացմանը»։ Համ պղծենք մշակութային, հոգեւոր հայրենիքը, հետն էլ ձեռ առնենք: Հազար հատ Սնուփ Դոգ միացրեք ու հետո իմ արած գործը բերեք դրեք կշեռքին` իմ խազերի վերծանության 5 հատորները, իմ 20 հատոր գրքերն ու իմ ամբողջ արած գործը մինչեւ այսօր: Ու իմ նման մարդուց փող են ուզում` իմ գրած ռեքվիեմը կատարելու համար: Վիկտոր Համբարձումյանն ասում էր` մարդուն կարաք պատժեք, եթե ինքը հանցանք է արել, կհասկանա՝ այդ պատիժն ինչի համար է, բայց ասում էր` երբեք չնվաստացնեք, չի կարելի մարդուն նվաստացնել: Հիմա իրենք սրանով ոչ միայն պատժում են կամ պղծում են մշակութային հայրենիքի սահմանները, այլ նաեւ նվաստացնում են մեզ»,- եզրափակում է Ա. Շահնազարյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image