Քաղաքականություն

Ցանկացած հարցի քննարկում եվ լուծում գալիս, դեմ է առնում նույն խոչընդոտին` Նիկոլ Փաշինյանին

Ցանկացած հարցի քննարկում եվ լուծում գալիս, դեմ է առնում նույն խոչընդոտին` Նիկոլ Փաշինյանին

«Մենք լավ նախագծեր ունենք, արդեն խոսել ենք էներգետիկայի մասին, այդ թվում՝ ատոմային, հիմա մանրամասներին չենք անդրադառնա, բայց կան հնարավորություններ՝ խոսելու, քննարկելու»,- Սանկտ Պետերբուրգում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման հրապարակային մասում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի խոսքից երեւում է, որ քննարկումը վերաբերել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու խնդրին, բայց որեւէ որոշման կողմերը չեն հանգել: Փաշինյանն իր պատասխան խոսքում էներգետիկայի ոլորտում քննարկումներին ընդհանրապես չի անդրադառնում, նա ասելու բան չունի: Նոր ատոմակայանի կառուցման հարցը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, երկրի էներգետիկ պահանջները տարեցտարի ավելանում են, իսկ նոր հզորություններ չեն գործարկվում, եթե նկատի չունենանք արեւային կայանները, որոնք չնայած համարվում են էներգիայի էկոլոգիապես ավելի անվտանգ եւ անկախ, սակայն ոչ կայուն եւ հուսալի աղբյուր:

Հայաստանը չափազանց ծանր վիճակում է, որովհետեւ գտնվում է երկու քարի արանքում` թուրք-ամերիկյան, որը հնարավորություն չի տալիս Հայաստանին ինքնուրույն որոշումներ կայացնել: Նման իրավիճակի հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է, ինքնուրույն որոշումներ կայացնելու պատասխանատվությունից անընդունակությունը եւ օտարի քմահաճույքներին, պարտադրանքին հակադրվելու անկարողությունը: Ռուսաստանի իշխանությունը Հայաստանին ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն է տալիս, օգնության ձեռք է մեկնում:

Հայաստանի էներգահամակարգի ամենակայուն եւ հուսալի մատակարարման աղբյուրը մնում է Հայկական ատոմային էլեկտրակայանը, որն արդեն 45 տարուց ավելի անվտանգ շահագործվում է՝ ապահովելով ներկայիս Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 35-40 տոկոսը: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործումը երկարաձգվել է մինչեւ 2036 թվականը, բայց դա այն առավելագույնն է, ինչ հնարավոր է անել: Եթե Հայաստանի ատոմակայանը կանգնի, Հայաստանում էներգետիկ ճգնաժամն անխուսափելի կլինի, ինչը հնարավոր չի լինի լուծել ո՛չ մեկ, ո՛չ էլ անգամ հինգ տարում: Հիմա պետք է քայլ կատարվի, որոշում կայացվի, եւ սկսվի նոր ատոմակայանի կառուցումը, որը կարող է տեւել 10 տարուց ավելի: Բայց Հայաստանի իշխանությունը, բացի խոզի բույն կառուցելուց, ուրիշ որեւէ բան կառուցելու հնարավորություն եւ իրավասություն չունի. առավելագույնը, որ կարող է անել Փաշինյանը, ատոմակայան գնացող ճանապարհի ասֆալտապատումն է եւ մայթերին եզրաքարեր շարելը:

Թուրքիան եւ Ադրբեջանն ընդհանրապես դեմ են Հայաստանում ատոմակայանի գոյությանը, նրանք տասնամյակներ շարունակ պահանջում են, որ Հայաստանը դադարեցնի գործող ատոմակայանի շահագործումը, ուր մնաց, որ Հայաստանին թույլ տան՝ նոր ատոմակայան կառուցել: Նրանց մոտիվացիան պարզ է. ատոմակայան ունեցող-շահագործող Հայաստանը համարյա ատոմային տերություն է, էներգետիկ անկախություն ունեցող, տնտեսությանն էժան եւ կայուն էներգիա մատակարարող: Եթե նկատի ունենանք, որ տրանսպորտը եւս արագ տեմպերով էլեկտրիֆիկացվում է, գազի, նավթի ու դիզվառելիքի գործոնը զգալիորեն թուլանում է, ապա պարզ է, թե որքանով իրենց ձեռք չի տալիս ատոմակայան ունեցող Հայաստանը: Ատոմակայան չունեցող Հայաստանը մնալու է իրենցից կախված, ոչ մրցունակ, թերզարգացած, մնացորդային մի բան: Ատոմակայանը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվն է, եթե այն իր հետեւից քաշի, ամբողջ երկիրն առաջ կգնա, չքաշի, կանգնելու է տեղում: Ատոմակայանի կառուցմանը փաստացի դեմ են նաեւ ամերիկացիները, համենայնդեպս, նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմը, որը կարծում էր, որ ռուսական տեխնոլոգիայով, ռուսների աջակցությամբ կառուցվող եւ շահագործվող ատոմակայանը Հայաստանը գցելու է Ռուսաստանից կախվածության մեջ, այդ թվում՝ եւ էներգետիկ: Ամերիկացիները Հայաստանին առաջարկում էին մոդուլային` փոքր հզորության ատոմակայաններ, որն իբրեւ թե չեզոքացնելու էր նաեւ Թուրքիայի անհանգստությունը ատոմակայանից բխող ռիսկերի առումով: Սակայն նախ ամերիկացիները մոդուլային ատոմակայանի նախագիծ չունեն, որեւէ երկրում, այդ թվում եւ իրենց, չեն կառուցել, չեն շահագործել որեւէ մոդուլային ատոմակայան, բացի դա էլ, ամերիկյան նախագծերը` մեծ ատոմակայանների համար, չափազանց թանկ են, Հայաստանի ֆինանսական հնարավորություններին ոչ համարժեք: 

Փաշինյանը ժամանակ ձգելու համար անցած տարվա օգոստոսի 1-ին կառավարության որոշում կայացրեց «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին, որը երկու տարվա ընթացքում պետք է որոշեր, թե որ նախագծին նախապատվությունը տալ, որ երկրի հետ նոր ատոմակայան կառուցել: Բայց նոր ատոմակայան կառուցելու հարցը քաղաքական եւ ոչ այնքան տեխնիկական հարց է, դա պետք է որոշի կառավարությունը, իշխանության ղեկավարը եւ ոչ թե ինչ-որ ընկերություն: Բայց նույնիսկ այդ ընկերության գործունեության ժամկետը սպառվում է, արդեն մի քանի ամիս հետո այդ ընկերությունը պետք է որոշում կայացնի, չնայած այդ ժամանակ արդեն Փաշինյանն էլ իշխանության չի լինի:

Ռուսաստանը եւ Վլադիմիր Պուտինը Հայաստանին այլընտրանք են առաջարկում, առաջարկում են իրենց օգնությամբ նոր ատոմակայան կառուցել եւ դրա մասին մի անգամ չէ, որ հայտարարել են: Ռուսաստանի հետ նոր ատոմակայան կառուցելու առավելությունն այն է, որ այդ դեպքում չեզոքացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դիմադրությունը, դեմ դուրս գալով Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, նրանք փաստացի հանդես են գալու Ռուսաստանի դեմ, ինչը չեն անի կամ եթե անեն էլ, արդյունք չի տա: Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, ոչ միայն ատոմային տեխնոլոգիաներ ունի, այլեւ ատոմային վառելիքի մատակարար է, այդ թվում եւ Միացյալ Նահանգներ, այդ երկիրն իր ատոմային վառելիքի մի զգալի մասը ներմուծում է Ռուսաստանից: Ռուսաստանը մարդատար մեքենա չի կարողանում արտադրել, բայց ունի ինչպես հզոր ատոմային ռեակտորների, այնպես էլ մոդուլային ռեակտորների կառուցման եւ շահագործման փորձ, այդ պահին Ուզբեկստանում «Ռոսատոմը» կառուցում է վեց մոդուլային ատոմակայան, մի երկրում, որտեղ երբեք ատոմակայան չի եղել: Աշխարհում կառուցվող եւ շահագործվող ռուսական էներգաբլոկների մասին էլ չենք խոսում:

Թեեւ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում քննարկել է այդ երկրի օգնությամբ նոր ատոմակայան կառուցելու հարցը, բայց նա երբեք որոշում չի կայացնի, նա այդ նույն ձեւով Ֆրանսիայում կարող է քննարկել Ֆրանսիայի օգնությամբ ատոմակայան կառուցելու հարցը, ամերիկյան այցի ժամանակ քննարկել ամերիկյան ընկերությունների հետ համատեղ ատոմակայան կառուցելու հարցը, իսկ Թուրքիա այցի ժամանակ վստահեցնել, որ Հայաստանում ոչ մի ատոմակայան էլ չի կառուցվելու: Եվ, ի վերջո, կատարելու է հենց այդ խոստումը, որովհետեւ նա ուղղակի ընդունակ չէ որոշում կայացնելու, նա կարող է քանդել, բայց ոչ կառուցել: Իսկ հապաղելու ժամանակ, ինչպես հասկանում եք, չկա, ամեն մի կորսված ամիսը կամ առավել եւս տարին, մեզ ավելի է մոտեցնում վերահաս էներգետիկ ճգնաժամին եւ քաոսին: Մարդիկ ասում են` հերիք է Փաշինյանին քննարկեք, երկրի առաջ հազար ու մի ավելի կարեւոր հարցեր կան, բայց ցանկացած հարցի քննարկում եւ լուծում գալիս եւ դեմ է առնում նույն խոչընդոտին` Նիկոլ Փաշինյանին, առանց որի հաղթահարման մնացածն անհնար է դառնում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image