Քաղաքականություն

Ընտրությունների նախօրյակին ապօրինի կալանավորել են եղբորս ու երկու ընկերներիս․ թեկնածու

Ընտրությունների նախօրյակին ապօրինի կալանավորել են եղբորս ու երկու ընկերներիս․ թեկնածու

Փարաքարն էլ, Գյումրիի պես թեկնածուների պակաս չի ունենա մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։ 2021 թվականի ՏԻՄ ընտրությանը «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրված, 49 տոկոս քվե ստացած, բայց համայնքապետի պաշտոնին չհասած Վալոդյա Գրիգորյանն այս անգամ էլ կառաջադրվի։ Բայց չգիտես ինչու՝ դեռ հայտնի չէ, թե որ կուսակցությունից։  «Դեռ պարզ չէ, որ կուսակցությունից եմ առաջադրվելու»,-ասաց Վալոդյան, միաժամանակ չբացառելով, որ հնարավոր է՝ այս անգամ էլ քաղաքական հովանոցը «Ապրելու երկիրը» լինի։ Չնայած կուսակցության գլուխն այս օրերին շատ խառն է՝ պայմանավորված Ռուբեն Վարդանյանի պաշտպանությանն ուղղված ակցիաներով և ռեսուրսների կենտրոնացումով, բայց դա «Ապրելու երկրին»  չի կարող շեղել իր նպատակից։ «Մեր ռեսուրսներն այնքան շատ են, որ կբավականացնի երկու ուղղությամբ պայքարելու համար»,-ասաց Գրիգորյանը։

Նա, թեև հավատում է իր հաղթանակին, բայց չի բացառում իշխանական խարդավանքները։ Ըստ նրա՝ ընտրությունից առաջ իշխանականներն արդեն սկսել են լկտի հակաքարոզչությունն իր հանդեպ՝ քաղաքականացնելով փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած սպանությունն ու կապելով այն իր անվան հետ։ «Մեր համայնքներում բոլորն ինձ ճանաչում են, գիտեն՝որքան պարկեշտ ու հավասարակշռված եմ։  Բնակիչներն իրենց գնահատականը կտան ընտության օրը։ Հանգիստ եղեք, ապրիլի 1-ին կզրուցենք»,-ինքնավստահ ասաց Գրիգորյանը։

Մերձավանում տեղի ունեցած սպանությունը Գրիգորյան ընտանիքի հետ կապելն ու դրան քաղաքական երանգ հաղորդելը, ըստ Վալոդյայի՝ իր նկատմամբ տարվող արշավի շարքից է։ «Որոշ թափթփուկներ փորձում են իմ անունը ներառել այս ամեն ինչի մեջ, որի հետ ընդհանրապես կապ չկա։ Նրանք հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից ու բարոյականությունից։ Շատ ցավալի է, որ ողբերգության ֆոնին իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարներն իմ հանդեպ՝ այս անգամ ապօրինի կալանավորելով եղբորս ու երկու ընկերներիս։ Ընտրություններից առաջ նման գործելաոճը դատապարտելի է»։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին հարձակում էր եղել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էր Ախոյանի զարմիկը, իսկ ընկերը վիրավորվել էր։ 9 կալանավորվածներից մեկը Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է։

Արեգ Մարգարյան


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image