Երկու ամսից ավելի է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավայրում է։ Սրբազանը կալանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար, այն է՝ հրապարակային կոչեր՝ ուղղված սահմանադրական կարգը տապալելուն կամ իշխանությունը զավթելուն։ Դատավարությունն արդեն սկսվել է, դատավոր Արմինե Մելիքսեթյանը նախօրեին եւս մեկ ամիս ժամկետով երկարացրեց Միքայել սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։
«Հրապարակ»-ի զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է` Միքայել սրբազանի եղբորորդին։
- Սարկավագ Արտաշե՛ս, Միքայել սրբազանը Ձեր հորեղբայրն է, ինչպե՞ս եք հիմա նրա հետ շփվում, նրա բացակայությունն ընտանիքո՞ւմ է առավել նկատելի, թե՞ թեմում։
- Իհարկե, երկու տեղում էլ, որպես հորեղբայր՝ տեսակցում եմ, ամսվա ընթացքում երկու անգամ են հիմա թույլատրում հանդիպել իրեն, բայց ինքն իր ժողովրդին էր պետք, հոտին, նրա բացակայությունը թեմում է զգալի։ Բաներ կան, որ իր ներկայությունը պարտադիր է, օրինակ, այսօր մի խնդիր եղավ, որ առանց իրեն անհնար էր: Դե, բաներ կան՝ չեմ կարող մանրամասնել․․․․ Ինքն այսօր իր ժողովրդին է պետք։ Բայց ժողովուրդն էլ պետք է լսեր իրեն, շատ վատ է, որ չեն լսում։ Այդ լսելու կուլտուրան չունեցանք, իսկ եթե հոտի առաջնորդին չես լսում, գլխիդ փորձանք ես բերում։ Շատ չծավալվեմ, զուգահեռ անցկացրեք, ուսումնասիրեք 1915 թվականը, երբ ցեղասպանվելուց առաջ ինչպես են արհամարհել, ճնշել հոգեւորականներին։ Հիմա գոնե պիտի սթափվեն, մեղք ենք, երկու անգամ թուրքերի հետ ապրել ենք, 2 անգամ էլ ցեղասպանվել ենք, 3-րդը չենք ուզում։ Սուրբ գրքում Մարգարեն ասում է, որ եթե հովիվը չզգուշացնի իր հոտին վտանգի մասին, թափված արյան գինը նրա վրա է։ Նմանվել ենք Վարդան Այգեկցու առակի այն ոչխարներին, որոնց գայլերը համոզել էին ազատվել հովվաշներից՝ պատճառաբանելով, թե նրանք են իրենց թշնամության պատճառը․․․ Թե ինչ եղավ այդ ոչխարների հետ, կարող եք պարբերաբար հանդիպել մեր պատմության դաժան էջերում։
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ երկարացվեց Սրբազանի կալանքը, ի՞նչ եք կանխատեսում։
- Միանշանակ, քաղաքական հրահանգ էր։ Սրբազանին դատավորն անձամբ չի ճանաչում։ Սրբազանը դատվում է Շիրակի թեմի առաջնորդը լինելու եւ լսարան ունենալու համար։ Դատվում է լավ հոգեւորական լինելու համար։ Դատվում է, որովհետեւ դավաճանությանն ասում է դավաճանություն, սրիկայությանը՝ սրիկայություն, անարդարությանը՝ անարդարություն, ապիկարությունը՝ ապիկարություն, եւ այսպես շարունակ։ Սրբազանը դատվում է իր՝ Առաջնորդի դիրքի ու դիրքորոշման, կարծիքի ու դրա արտահայտման, սթափության ու հայրենիքը փրկելու կոչերի համար՝ հայրենիքը սպանողների կողմից։ Իրավական տեսանկյունից ոչ մի կերպ չեն հիմնավորվում մեղադրանքները, փաստաբանները հողին են հավասարեցնում մեղադրողների մեղադրանքները, բացահայտում դատարանի ապօրինությունները եւ շինծու քրեական գործի «հիմքերն ու «ապացույցները», իսկ դատավորը, անկախ ամեն ինչից, իր որոշումն է կայացնում։ Չնայած կին է դատավորը, բայց, չակերտավոր ասեմ՝ այդքան տղամարդկություն չունեցավ անաչառ լինելու, իսկ եթե այդ կամքը չունես, ուրեմն դատելու իրավունք չունես։
- Աստված մի արասցե, եթե երկարաձգվի Սրբազանի կալանքը, Վեհարանը Շիրակի թեմին նոր առաջնո՞րդ կկարգի։
- Վարչական խորհրդով այդպիսի հատուկ օրենք չկա, բայց դա արդեն Վեհափառի որոշելիքն է, ցանկացած պարագայում էլ հնարավոր է՝ նշանակվի։ Աստված չանի, եթե Սրբազանին մեղադրանք կարդացին, իսկ հիմա տեսնում ենք, որ հենց այդ ուղղությամբ էլ տանում են, նոր Սրբազան կկարգվի։
- Գյումրեցին, շիրակցին այսօր ի՞նչ պետք է անի Սրբազանի համար, որ նրան օգնի, օգտակար լինի։
- Գյումրեցիները մտահոգ են, բայց միայն գյումրեցին չէ, ժողովրդին այնքան են չլել, որ մարդիկ չգիտեն՝ ուր գնան։ Բարոյապես, ֆիզիկապես սպառվել են, մտածում են՝ օրինակ, եթե ես գնամ Սրբազանին աջակցելու, ի՞նչ արդյունք է տալու․․․ Պատահական մարդիկ, անծանոթներ շատ-շատ են հարցնում, հետաքրքրվում են, արտահայտում են իրենց դիրքորոշումը, մտահոգությունները, բայց դրանք դրսեւորելու արդյունավետ մեթոդը չկա։