Երեկ ոստիկանական հսկայական ուժեր էին կուտակվել ՊՆ նախկին շենքի մոտ։ Ոստիկանությունը փորձում էր հեռացնել շենքում բնակվող քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ անօթևան մարդիկ, տարբեր պատճառներով տունը կորցրած սոցիալապես անապահով քաղաքացիներ տեղավորվել են լքված կառույցում։
Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։
Թեպետ երեկ ոստիկանությանը հաջողվել է քաղաքացիներին հեռացնել շենքից, սակայն նրանք պայքարը չեն դադարեցնում։ Նրանք գիշերել են այնտեղ, չեն պատրաստվում լքել տարածքը։
«Դուռս ջարդել, ներս են մտել, ո՞վ է ոստիկաններին թույլ տվել նման բան անել։ Նորից եմ ասում, որ դռները ջարդել են։ Կնանիք, որոնք անկողնու մեջ են եղել, ոստիկաններին ասել են, որ դուրս գան, գոնե ժամանակ տան հագնվելու համար, ասել են՝ ոչ, մեր ներկայությամբ հագնվեք, սա ի՞նչ է նշանակում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից մի կին։
«Էդ ի՞նչ ասելու բան է։ Եթե հիմա էդ րոպեին էդ կնոջ ամուսինը պտտվեր ու մի հատ հարվածեր այդ ոստիկանին, էդ ամուսնուն պիտի տանեին դատեին, չէ՞։ Ի՞նչ իրավունքով են նման արտահայտություն արել։ Բա էլ օրենքը ու՞ր մնաց, մարդկությունը ու՞ր մնաց։ Սրբություն բան, սաղ վերացե՞լ է»,- հավելեց նա։