Քաղաքականություն

Վարչապետի աթոռից կառչած անձի խեղված տրամաբանությամբ

Վարչապետի աթոռից կառչած անձի խեղված տրամաբանությամբ

Որպես Թիֆլիսում ծնված ու մեծացած մարդ՝ միշտ նախանձել եմ վրացիներին: Կենցաղային մակարդակից մինչև ամենաբարձրը՝ լինի քաղաքական կամ հոգևոր: Որպես օրինակ բերեմ պարզ մի երևույթ. եթե Թիֆլիսի փողոցում բարձրաձայն հայհոյանքով կռիվ էր լինում, ապա այդտեղ վրացերեն չէր լսվում կամ լսվում էր հազվադեպ: Շատ ավելի հաճախ դա կա՛մ հայերենն էր և կա՛մ մեկ այլ լեզու, որպիսիք բազմաթիվ էին այն օրերի Թիֆլիսում: Բերեմ ամենաբարձր քաղաքական դրվագը՝ երբ 1978 թ.-ին պետք է ընդունվեին խորհրդային հանրապետությունների սահմանադրությունները՝ առաջինը Վրացական ԽՍՀ-ում բարձրաձայնվեց միութենական հանրապետությունների սահմանադրություններում պետական լեզվի ներառման հարցը: Եվ այն ընդունվեց Վրաստանի առումով: Վրացիների արածից ոգևորված՝ դա կրկնվեց Հայաստանում. ԵՊՀ-ում դրա օգտին կազմակերպված միտինգին որպես ուսանող մասնակցել է նաև ձեր խոնարհ ծառան:  

Ինչևէ, շուրջ հիսուն տարի անց զարմանալիորեն կրկնվում է համարյա նույն սցենարը: 22 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցավ «Վարդերի» հեղափոխությունը, իսկ դրանից 10 տարի անց՝ վերջնականապես կորցնելով Աբխազիան ու Հարավային Օսեթիան,  վրացիներն, այնուհանդերձ,  ազատվեցին հեղափոխական աննորմալությունից: Մենք 7 տարի առաջ կրկնեցինք վրացական հիմարությունը, կորցրինք Արցախը, կանգնեցինք պետականությունը կորցնելու վտանգի առջև, բայց դեռևս չենք կարողանում ՀՀ վարչապետի պաշտոնն ազատել լեգիտիմությունը վաղուց կորցրած Փաշինյան Նիկոլից: Լեգիտիմությայն կորստի պատճառն այն է, որ վերընտրվելուց հետո այդ անձը չի կատարել այն խոստումները, որ առկա էին ՔՊ-ական ծրագրում: Ավելին, կատարել է ճիշտ հակառակ բանը, ասենք, խայտառակ պարտությունից հետո խոստացել է Ղարաբաղյան խնդրի հայանպաստ ինչ-որ լուծում: Սակայն «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է» հայտարարության ոգով թշնամուն է հանձնել ողջ Արցախը՝ ոչինչ չձեռնարկելով այն պաշտպանելու ուղղությամբ:   
Կրկին գնանք Վրաստան: «Եթե ընտրության հարց լինի՝ խաղաղություն և կայունություն, թե՞ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ, մենք, իհարկե, առաջնահերթությունը կտանք խաղաղությանը և կայունությանը»,- օրերս ասել է այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան 20 տարի ձգտել է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Եվ չնայած եվրոպամետ ընդդիմության հզոր ճնշմանն ու եվրոպական քաղաքական գործիչների կոշտ ու կոպիտ միջամտություններին՝ Վրաստանը պահպանեց ոչ միայն կայունություն, այլև ինքնիշխանություն: Վրաց ընտրողների մեծամասնությունն էլ վստահեց գործող իշխանությանը՝ մերժելով գլոբալիստական Արևմուտքին ծառայող նախկիններին: Սակայն Հյուսիստլանտյան դաշինքի անդամակցությունից, ինչպես երևում է, Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել՝ մասնակցելով դրա զինավարժանքներին: 

Իսկ ի՞նչ է ասում ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը: Նա ասում է, որ հաջորդ տարվա փետրվարին, ըստ ամենայնի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Ընդհանրապես, եթե որևէ երկիր լքում է իր երբեմնի անվտանգային համակարգը, ապա պետք է ենթադրել, որ նրան սպասում են մեկ այլ համակարգում: Այդպե՞ս է, արդյոք, Հայաստանի պարագայում: Իհարկե, ոչ, ոչ մեկը Հայաստանին չի սպասում ՆԱՏՕ-ում: Անվտանգային այլ համակարգից, որում կարող էր ներառվել մեր երկիրը, ես տեղյակ չեմ: Ինչ-որ մարդիկ կարող են ենթադրել, որ դրա դերը կարող է կատարել «32 կիլոմետրանոց սյունիքյան վիճելի տարածքի» արտապատվիրակումը ԱՄՆ-ին: Այնինչ, ամերիկյան հեղինակավոր «Forbes» պարբերականի հոդվածի հեղինակի ասելով, Հայաստանով միջանցքը վարձակալելու ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել: Ինչ մնում է ուղղակիորեն Հայաստանին «պապայություն» անելուն, ապա 100 տարի առաջ այդ առաքելությունն ավարտվեց դեռևս չսկսված: Չեմ կարծում, թե բիզնեսից բացի այլ նպատակ ունի այդ նախաձեռնությունը: Թեև, ինչպես երևում է հոդվածից, այդ բիզնեսից օգուտ Հայաստանը ոնց որ թե չի ստանալու, իսկ վնասներ հաստստ կլինեն:

Ինչևէ, դիտարկելով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի արտերկրյա հանդիպումները, դժվար չէ ենթադրելը, որ ՀՀ անվտանգությունն ապահովողի դերը պատվիրակվելու է «բարեկամ» Թուրքիային: Համենայն դեպս, այդպիսի ծրագիր ունի ինքը, և դրան դեմ չէ նաև գլոբալիստական Արևմուտքը: Օրինակ՝ Ֆրանսիան, որի նախագահն անընդհատ ողջունում է վերը նշված անձի «խիզախ», բայց իրականում պարտվողական դիվանագիտական քայլերը: Դե իսկ Թուրքիան այն երկիրն է, որը 100 տարի առաջ սրի է քաշել արևմտահայությանը: Չնայած եթե առաջնորդվենք վարչապետի աթոռից կառչած անձի խեղված տրամաբանությամբ, ոչ մի արևմտահայություն էլ չի եղել: Քանի որ Արևմտյան Հայաստանը ՀՀ Արմավիրի կամ Շիրակի մարզերն են: 100 տարի առաջ, ի դեպ, սրի են քաշվել նաև Շիրակի երկրամասի բազմաթիվ խաղաղ բնակիչներ:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image