Օրերս ԿԳՄՍ նախարարն անդրադարձել էր կառավարության մեգածրագրերից մեկին՝ «Ակադեմիական քաղաք» նախագծին, մասնավորապես նշելով, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին:
«Հայեցակարգային աշխատանքներ են իրականացվել՝ «Ակադեմիական քաղաքի» պատկերացումը եւ հայեցակարգն ամրագրելու համար: Մենք արդեն ունենք առաջին պայմանագրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ: Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի նախապատրաստական փուլում աշխատանքները կատարվել են բավական որակյալ, որը լուրջ հիմք է այս մեծածավալ ծրագրի արդյունավետ իրականացման համար:
Ճարտարապետ, պրոֆեսոր Սիրեկան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է ճիշտ Երեւան քաղաքում՝ 17-րդ թաղամասում կառուցել ակադեմիական քաղաք՝ ըստ էության, չհամաձայնեցնելով ու չունենալով Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծ։ «Նախ՝ նյութ չկա, որի մասին կարծիք հայտնես։ Այն, որ գերմանացի մասնագետներն արդեն 2-րդ անգամ Հայաստանի կառավարությանն ինչ-որ նյութեր, նախագծեր են ներկայացնում, դա ընդամենը նկարչություն է»,- ասում է Ս․ Օհանյանն ու կարեւորում ակադեմիական քաղաքի դիրքի ընտրությունը։
Ճարտարապետն ընդգծում է՝ դեկտեմբերին հաստատվեցին (իր հեղինակած) Բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ շենքերի եւ շինությունների Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը, որտեղ այս առնչությամբ կարեւոր մատնանշումներ կան․ «Շատ կարեւոր է տեղի ընտրության խնդիրը, շինարարական նորմերում էլ է ֆիքսված, երբ նման միջավայր է ստեղծվում, որը, ըստ էության, ակադեմիական քաղաք էլ չէ, քանի որ այն մաքուր գիտական քաղաք է ենթադրում, իսկ երբ այնտեղ բուհ, ուսումնական հաստատություն կա, դա արդեն պետք է կոչվի ուսանողական քաղաք կամ կամպուս, իսկ ուսանողական քաղաքները, տրամաբանորեն, պետք է ստեղծել այն տեղերում, որտեղ կա առողջարարական միջավայր՝ անտառներ, բնություն, մի տեղ, որն իր շրջակա միջավայրով բարենպաստ պայմաններ է ստեղծելու ուսանողների, դասախոսների սովորելու, ապրելու համար։ Ուսանողական քաղաքներում բուհերի հետ միաժամանակ պետք է լինեն տվյալ բնագավառին առնչվող գիտահետազոտական, գիտաարտադրական ձեռնարկություններ, հաստատություններ, պիտի ստեղծվի հանրակացարանային բլոկ, մարդիկ պետք է ապրեն այդտեղ։ Դրա համար պետք է նման քաղաք ստեղծել շատ ավելի բնական առավելություններ ունեցող միջավայրում»։
Ինչպես նկատում է Ս․ Օհանյանը, պաշտոնական տեղեկատվությունից հասկացվում է, որ ակադեմիական քաղաքի կառուցման համար նախատեսվում է հենց Սիլիկյան թաղամասի գերեզմանոցի կողքի տարածքը, որը նորմալ բնական միջավայր դժվար է համարել․ «Նոր հաստատված՝ սանիտարապաշտպանական գոտիների շինարարական նորմը նախատեսում է, թե ինչ մեծության գերեզմանոցից ինչ հեռավորությամբ սանիտարական գոտի պետք է պահպանել։ Այդ մարդիկ ծանո՞թ են մեր օրենսդրությանը, դրա պահանջներին։ Մեր շինարարական նորմերի մեջ հստակ գրված է՝ ինչ փուլերով պետք է անցնի, ինչ գոտիներ պետք է ունենա, եւ ինչպիսին պետք է լինեն ուսանողական քաղաքի ձեւավորման պահանջները, ինչպիսին՝ բուհերի ձեւավորման պահանջները, այն է՝ նորմատիվներ, գոտիներ, ուսանողների քանակ, հանրակացարան, ու այդ ամենը՝ հաշվարկված քառակուսիներով»։
Մյուս կարեւոր խնդիրը, որ մատնանշում է Ս․ Օհանյանը, իրավական կողմն է։ «Եթե ակադեմիական քաղաք ես ստեղծում Երեւանի տարածքում, եւ մի մասն էլ ընկնում է Արմավիրի մարզի տարածքում, դա պետք է նախատեսված լինի Հայաստանի Հանրապետության տարաբնակեցումը կարգավորող տարաբնակեցման գլխավոր հատակագծում, որովհետեւ դա նոր ռեսուրսահավաք, քաղաքաշինական ակտիվ միջավայր ստեղծող քաղաքաստեղծ գործոն է, որը պարտադիր պետք է նախատեսված լինի տարաբնակեցման գլխավոր հատակագծի նախագծով։ 2-րդ․ եթե այն կառուցվելու է Երեւանի տարածքում, ապա նախապես պիտի Երեւանի գլխավոր հատակագծում էլ նախատեսված լինի, հակառակ դեպքում մենք օրենքի պահանջներին չենք համապատասխանում։ Եվ 3-րդ ամենախոշոր խնդիրը․ այդ տեսակ բարձրագույն ուսումնական հաստատությունները Երեւանի տարածքից դուրս հանելը պարտադիր պետք է նախատեսված եւ շատ հիմնավորված լինի Երեւանի գլխավոր հատակագծով, որովհետեւ դա քաղաքաշինական միջավայրի ու քաղաքաշինական գործունեության լուրջ դեգերումների առիթ է տալու։ Էլ չեմ ասում մյուս խնդիրները, որովհետեւ Երեւանի գլխավոր հատակագծի կազմի մեջ միայն քաղաքաշինությունը չէ, այնտեղ կան էկոնոմիկա, դեմոգրաֆիա, էկոլոգիա եւ այլն․․․։ Ինչ-որ մեկը հաշվե՞լ է՝ ի՞նչ է ենթադրում 50-60 հազարանոց՝ արդեն վաղուց ծրագրավորված, աշխատած, հիմնավորված ուսանողական հաստատությունները Երեւանի կենտրոնից տեղափոխել այնտեղ՝ ակադեմիական քաղաք։ Դա մեզ կարող է դեմոգրաֆիական մեծ պարալիչի առաջ կանգնեցնել, չէ՞ որ բնակչության կազմը, ի վերջո, փոխվելու է»,-մտահոգություն է հայտնում Ս․ Օհանյանը։
Մեկ այլ կարեւոր հանգամանք եւս՝ տեղադիրքի հետ կապված․ «Ուսանողական հաստատության դիրքը, տեղն էական նշանակություն ունեն, թե այնտեղ կգնա՞ն սովորելու, թե՞ չէ։ Պարզ է, չէ՞, որ Չարենցի փողոց կգնան սովորելու։ Հետո՝ գիտեք, ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի վերջնական կազմը դեռ պարզ էլ չէ, ինչը լուրջ խնդիր է եւ կարող է դեմոգրաֆիական, սոցիալական լուրջ կազուսի առաջ կանգնեցնել։ Այստեղ լուրջ մասնագետներ պետք է աշխատեն ու փաստարկեն՝ արդյոք հիմնավորվա՞ծ են նման տեղափոխությունները, թե՞ ոչ»։
Ինչ վերաբերում է դրսի, մասնավորապես գերմանացի մասնագետների ներգրավվածությանը, ապա. «Այն, ինչ ես նայել եմ, ընդամենը նկարչություն է, մինչդեռ շինարարական նորմերով ֆիքսված է՝ ոնց եւ ինչպես պետք է լինի։ Մինչեւ չլինեն ուսանողական քաղաքի հստակ կազմը, յուրաքանչյուր բուհը, դրա թվաքանակը, բուհին առընթեր կառուցվող գիտական, գիտահետազոտական, գիտաարտադրական ձեռնարկությունները, դրանց թվաքանակը եւ այլն, մինչեւ այս խնդիրները 100 տոկոս հստակ չլինեն, համապատասխան առաջադրանք չգրվի, ո՞նց կարելի է նախագիծ անել։ Դրա համար եմ ասում, որ այս թեմային ես դեռ լուրջ չեմ վերաբերվում, ու որ ասեմ՝ կոնցեպտուալ է, այդպես էլ չէ»։
Բացի այդ, համաձայն վերջերս հաստատված շինարարական նորմերի, ամրագրված է, թե որ բուհերը կարելի է հանել քաղաքից դուրս՝ պայմանավորված իրենց խնդիրների, գործունեության առանձնահատկություններով։ «Որպես կանոն, երաշխավորում է գյուղատնտեսական ուսումնական հաստատությունները, եւ հասկանալի է, թե ինչու, որովհետեւ նրան առընթեր պետք են գյուղատնտեսական ձեռնարկությունները, ֆերմաները, տեխնոլոգիական ակադեմիաները, որոնք կապված են ֆիզիկայի, տեղեկատվական համակարգերի ու մյուս խնդիրների հետ, որոնք արտադրական ենթակառուցվածքներ են պահանջում՝ անմիջապես ուսումը, գիտությունը, պրակտիկան եւ արտադրությունն իրար հետ զուգակցելու համար։ Բժշկական համալսարաններն էլ կարող են լինել, բայց այն դեպքում, երբ խնդիր է դրված նոր ժամանակակից, մեծ կլինիկաներ կառուցելու, որը հնարավոր չէ կառուցել Երեւանում՝ հողերի այս սուղ պայմաններում։ Մյուս կողմից էլ, այն ուսումնական հաստատությունները, որ այսօր տեղակայված են մեր քաղաքում, դա հենց Թամանյանի կողմից 25-ին նախագծված ուսանողական թաղամասն է, որն այն ժամանակ Երեւանի կենտրոնը չէր»,- նկատում է զրուցակիցս ու ընդգծում, որ լուրջ մասնագետներ, քաղաքաշինարարներ են պետք՝ բարձր մակարդակով այս ամենը կազմակերպելու համար, հատկապես որ այս նախագիծը կառավարության պատվերն է, եւ պետք է ավելի հիմնավորված մոտենալ։
«Տարրական խնդիրներ կան՝ նախագծման սկիզբ, վերջ, թե որն ինչ կարգով պետք է արվի, ըստ ընթացակարգի, հո նկարչություն անելով չէ՞։ Դրա համար եմ ասում, որ լուրջ չեմ վերաբերվում այս ծրագրին, քանի դեռ որեւէ լուրջ, հիմնավորված փաստաթուղթ չեմ տեսել, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում։ Էլ չեմ ասում՝ մենք ունե՞նք հիմնավորում․ տրանսպորտային հաղորդակցության բոլոր հնարավոր միջոցները կարող են 50 հազար բնակչի սպասարկել, ունե՞նք հնարավորություն՝ քաղաքի այդ մասը չծանրաբեռնելու, հավասարակշռությունը պահելու համար։ Սրանք բավականին լուրջ խնդիրներ են եւ մի քանի ամսվա մեջ չեն լուծվում, սա պահանջում է նախնական, հետազոտական մեծ աշխատանք»։