Հարցազրույց

«Հրապարակ». Գները երկնիշ թվերով են աճել՝ նույնիսկ 2025 թ. առաջին 9 կամ 10 ամիսների ցուցանիշներով, ինչը թաքցնում են հանրությունից

«Հրապարակ». Գները երկնիշ թվերով են աճել՝ նույնիսկ 2025 թ. առաջին 9 կամ 10 ամիսների ցուցանիշներով, ինչը թաքցնում են հանրությունից

«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագի­տու­թյան դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է:

- Իշխանությունը հերթական անհասկանալի որոշումն է «երկնել»: 200 հազար դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին, որի տարեկան եկամուտը կազմում է 2 մլն 400 հազար դրամ, 2026թ․ հունվարի 1-ից պարտադիր վերադարձնելու է 765 հազարը՝ հարկերի եւ առողջապահական ապահովագրական վճարների տեսքով։ Փաստորեն, աշխատող քաղաքացին իր վաստակի գրեթե կեսը փոխանցում է պետությանը։ Մոտենում ենք 50/50-ի՞ն:

- Նույն սկզբունքով պետք է սկսել հարկել իշխանական ամենաբարձր օղակներից եւ նրանց հարազատներից, ովքեր ծնողներ ունեն եւ անմիջական հարազատներ, որոնք կարող են այդ գումարներով գոյատեւել: Եվ, իհարկե, համեմատել սպառողական զամբյուղի հետ, թեեւ պարենային նվազագույն զամբյուղն էլ շատ չի ծածկվում, ունենք աշխատող աղքատներ:

- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե 2026 թ. հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայվելու են. գործող 12 տոկոսի փոխարեն սահմանվելու է 20 տոկոս, որի արդյունքում կենսաթոշակները միջինում բարձրացվելու են 3000-3500 դրամով, իսկ քաղաքացիները, որոնք ստանում են նպաստ ու կենսաթոշակ՝ կատարելով անկանխիկ առեւտուր, հենց իրենք են բարձրացնելու իրենց կենսաթոշակներն ու նպաստները: Խոսքն անկանխիկ գործարքներից հետվճար ստանալու մասին է։ Շարքային քաղաքացուն կարո՞ղ եք ավելի պարզ ներկայացնել իրականությունը:

- Արսեն Թորոսյանը, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները եւ մնացած բոլորը՝ ԱԺ-ում գործող տնտեսագետները, ինձ համար կապ չունի՝ իշխանական, թե ընդդիմադիր թեւից, պետք է հստակ հաշվարկներ անեն: Իմ համոզմամբ, կենսաթոշակառուն, հատկապես ձմռան ամիսներին, իր կենսաթոշակի «առյուծի բաժինը» տալիս է կոմունալ ծառայությունների համար՝ ուղիղ վճարներ կատարելով: Ուրեմն տեսեք, թե որքան է մնում կենսաթոշակառուին՝ սնունդ հայթայթելու, նաեւ հաշվի առեք, որ կոմունալ վճարների համար հետվճար չկա: Այսինքն՝ խաբեություն է նաեւ մինչ այսօր, մինչեւ այս խոստումը՝ կապված 3000-3500 դրամով բարձրացման հետ, իրականում կենսաթոշակառուն նման հավելյալ գումար չի կարող ստանալ, որովհետեւ իրական ծախսերը բնավ հետվճարի ենթակա չեն:

- Նույն Արսեն Թորոսյանը պնդում է, թե Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները՝ հաստատելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը: Վերջինս նշել էր՝ եթե կենսաթոշակները բարձրացնեն այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա երկրում, եւ բյուջետային, հարկաբյուջետային խնդիրներ լինեն, ապա ոչ միայն կենսաթոշակառուները, այլեւ բոլորը վատ կապրեն։ Որտե՞ղ է հակասությունը:

- Իրականում հակասություններն այսօր չեն առաջացել: Հակասություններ կան իշխանության ներսում՝ հասկանալու, ըմբռնելու ամենատարրական իրողությունները, որոնք տնտեսագետներն իրենց ուսումնառության առաջին տարում, առաջին կուրսում են հասկանում: Հիշեցնեմ, որ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները չեն կարողանում հասարակ մի հարցի՝ պետական պարտքի վերաբերյալ նույն ցուցանիշն ու նույն թիվն ասել: Այսինքն՝ բանիմացության լուրջ խնդիր ունենք մեր երկրում, եւ եթե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը երբեմն մոռանում է, որ իր ղեկավարած գերատեսչության անվանման մեջ կա «աշխատանք» եզրույթը, դրա վերաբերյալ մտահոգություն, կարծես, չկա: Ե՛վ մյուս նախարարները, ե՛ւ օրենսդիր մարմնում պատասխանատու հանձնաժողովի ղեկավարներն ու անդամները պետք է հասկանան, որ այս հակասությունն իրականում բնավ էլ հակասություն չէ, որովհետեւ պետք է սովորեն մի պարզ բան. գերակայություններ, առաջնահերթություններ սահմանել պետական բյուջեում եւ «խրախճանքի» ծախսերը, իրականում «զբոսաշրջության» վերածված գործուղումները, տարբեր միջոցառումների համար անհիմն վատնվող գումարները կարող են գնալ կենսաթոշակների, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի ռեալ բարձրացմանը՝ հիշելով, որ խախտում են 2006 թ. ընդունված «Նվազագույն կենսապահովման զամբյուղի մասին» ՀՀ օրենքը: Իսկ դրանում ասվում է, որ նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակի հիմքում պետք է ընկած լինի նվազագույն կենսապահովման զամբյուղի հաշվարկը: Ոչ միայն ոտնահարվում է օրենքը, այլեւ չի հրապարակվում դրա մասին, թեեւ նախատեսվում է, որ պետք է պաշտոնական հրապարակում լինի յուրաքանչյուր տարվա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին:

- Իրեն հարգող ցանկացած պետություն, իշխանություն, ի թիվս այլնի, հստակ սահմանում է իր տնտեսական քաղաքականությունը: Մինչդեռ ներկայիս իշխանությունների օրոք ոչ միայն տնտեսական քաղաքականություն չենք տեսնում, տնտեսական կայունություն եւ զարգացման նախադրյալներ ու հեռանկարներ չկան, այլեւ Հայաստանում գերաղքատություն է: Ինչպե՞ս պայքարել այս «աղետի» դեմ:

- Իշխանությունները չեն ներկայացնում տնտեսական քաղաքականությունը, որն այս տարիներին նրանց ղեկավարման օրոք բազմաթիվ գործոններով պետք է շտկվեր, ավելի հստակ դառնար, նաեւ՝ տարածաշրջանային զարգացումների, Արցախի կորստի եւ այլ գործոնները հաշվի առնելով: Նրանք ձախողել են կառավարության՝ իրենց իսկ ներկայացրած ծրագիրը բոլոր կետերով: Եվ իմ բազմաթիվ հորդորները, որ պետությունը պետք է ունենա զարգացման տեսլական, չկա: Պատկերավոր ասած՝ որ «ոտքի վրա արթնանան» իշխանավորները, այդ տրամադրությամբ էլ պետք է ղեկավարեն հատկապես տնտեսությունը եւ մնացած կարեւորագույն ոլորտները: Իսկ աղքատության մակարդակի մասին չեն հրապարակում, քանի որ ամոթալի է. ՀՀ-ում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է, իսկ առանձին դեպքերում՝ մարդիկ թշվառ վիճակում են եւ չգիտեն՝ այսօր կամ վաղն ինչպես են հայթայթելու իրենց «հաց հանապազօրյան»: Մեր քաղաքացիների զգալի մասն աշխատող աղքատներն են, որովհետեւ նրանց նվազագույն աշխատավարձը, բոլոր օրենքներին հակասելով, հարկվում է, իսկ նվազագույն աշխատավարձը որեւէ երկրում չեն հարկում. դա գոյատեւման աշխատավարձ է:

- Չնայած սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակին, աղքատության աննախադեպ մակարդակին, ՀՀ պետական բյուջեն 2025 թվականի համար կանխատեսում է 5.1% տնտեսական աճ։ Ըստ ԿԲ-ի 2025 թ․ երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության զեկույցի՝ ՀՀ ՀՆԱ-ի աճը՝ կախված սցենարից (A-B), 2025 թվականի վերջին կկազմի 5.8-5.7%, 2026 թվականին՝ 5.7-6.2%, իսկ 2027 թվականին՝ 5-6.3%։ Ո՞ր սցենարն եք ամենաիրատեսականը համարում:

- Սցենարներից որեւէ մեկն իրատեսական չեմ համարում, թե ԿԲ-ն ավելի արհեստավարժ մոտեցում ունենար, տարիների ընթացքում շատ ավելի հղկված սցենարներ կարող են մշակել, բայց այս պարագայում պետք է հանրությանը գործոնային վերլուծություն ներկայացվի, թե որ գործոնների ազդեցությամբ հատկապես կարող է լինել այս կամ այն սցենարը: Կառավարության ներկայացրածը «սուրճի մրուրի մեջ գուշակություններ են», որովհետեւ որեւէ մեկը չի կարող հոդաբաշխ բացատրել, թե ինչ գերակայություններ կան, եւ ինչպես պետք է զարգացնել տնտեսությունը, հեռանկարում ինչ կապիտալ ծախսեր են լինելու, ինչ Հայաստան ենք ուզում ստեղծել: Այս ամենը պակասում է՝ իշխանության ներկայացուցիչների բանիմացության եւ փորձառության բացակայության պատճառով: Վերջին 3 տարիներին Հայաստանի տնտեսությունը «գոյատեւում» է եւ այդ «աճը» գրանցում է մեծ մասամբ, եթե չասենք՝ բացառությամբ, ռուս-ուկրաինական հակամարտության հաշվին: Որովհետեւ վերաարտահանումն ուղղակի «փուչիկի» պես բարձրացրեց, ակտիվացրեց տնտեսական ցուցանիշը: Չմոռանանք նաեւ, որ վերջին տարին գյուղատնտեսությունն անկում է ապրում, թեեւ չնչին աճ են ներկայացնում: Իրականում կհասկանաք՝ ինչ ողբալի վիճակում է մեր տնտեսությունը՝ հաշվի առնելով, թե գյուղատնտեսական արտադրությունն ինչ ռեսուրսներ ունի, վարելահողերի գրեթե 70 տոկոսը չի օգտագործվում:

- Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025-ի վերջին կաճի 4.8%-ով, մինչդեռ այս տարվա ապրիլին ԱՄՀ-ն ՀՀ-ի համար կանխատեսել էր 4.5% տնտեսական աճ։ Բացի այդ, ԱՄՀ-ի վերլուծաբանների կանխատեսմամբ, 2025-ին Հայաստանում գնաճը կհասնի 3.3%-ի, իսկ 2026 թվականին՝ 2.8%-ի։ Որքանո՞վ են այս թվերն արժանահավատ:

- ԱՄՀ-ն այսօր նեղ մտածողությամբ եւ կարծրատիպերով առաջնորդվող իր փորձագետներով կանխատեսումներ է անում, որոնք բազմիցս ձախողվել եւ չեն իրականացել: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ նրանք զրոյական, նույնիսկ՝ բացասական կանխատեսում էին արել, մինչդեռ իմ կանխատեսածը 3-4 տոկոս աճ էր, որը տեղի ունեցավ: Նաեւ գործ ունենք քաղաքականացված գնահատականների հետ, որոնք ես կանխատեսումներ չեմ կարող համարել: Հայաստանի իշխանությունները, ոչ միայն՝ այսօրվա, ուշադրություն չեն դարձնում՝ ձեւավորելու կամ օգտագործելու տեղի փորձագետների եւ կամ վերլուծական կենտրոնների ներուժը, որոնց կանխատեսումները շատ ավելի իրատեսական են: Ինչ վերաբերում է գնաճին, ապա դա եւս խաբուսիկ ցուցանիշ է, եթե սպառողական գների ինդեքսն են ներկայացնում, դրանք մոտ 500 ապրանքատեսակների գների միջինացված տատանումներն են: Տարիներ շարունակ հորդորել եմ կառավարությանը՝ հրապարակել առաջին անհրաժեշտության 10 ապրանքների եւ ապրանքախմբերի գնաճի վերաբերյալ տեղեկատվություն, ինչը չի արվում: Իսկ այդ գները երկնիշ թվերով են աճել, եթե վերցնենք նույնիսկ 2025 թ. առաջին 9 կամ 10 ամիսների ցուցանիշները, որոնք չեն ներկայացվել: Այնպես որ, հանրությանը պետք է ներկայացնել ճշմարտությունը, իսկ այդ ճշմարտությունը ներկայացնողները պետք է լինեն բանիմաց մարդիկ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image