2023 թվականը, ինչպես նախորդ 5 տարիները, լեցուն էին աղմկահարույց քրեական գործերով։ Նախորդ տարիներին հարուցված քրգործերի նախաքննությունն ու դատաքննությունը շարունակվեց նաև այս տարի, որոնց 2023 թվականի ընթացքում գումարվեցին նորերը, իսկ ՀՀ քրեակատարողական հիմնարկները համալրվեցին նոր քաղբանտարկյալներով։ Ստորև ներկայացնում ենք 2023 թվականի «լավագույն քաղբանտարկյալների» հնգյակը։
5. Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվեց սեպտեմբերի 26-ին։ Նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Բազեյանի պաշտպանը «Հրապարակի» հետ զրույցում նշեր էր, որ Բազեյանի գործում նրան մեղսագրվող արարքը ապացուցող որևէ ապացույց չկա, ընդամենը 1 անձի ցուցմունք է, որին ինչ-որ այլ անձինք ասել են, թե կազմակերպիչը Բազեյանն է, այլ կերպ ասած՝ «փչացած հեռախոսի» սկզբունքով քրեական գործ է հարուցվել, որով Բազեյանը այս պահին կալանավորված է։
4. Քաղբանտարկյալների «լավագույն հնգյակի» 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Նա կալանավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին և 2 տարուց ավել է՝ անցկացնում է կալանավայրում։ Մամիկոնյանի «հանցանքն» այն է, որ հանդգնեց հաղթել 2021 թվականին Վանաձորում կայացած Տիմ ընտրություններում, նրա ղեկավարած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ամենաշատ ձայներն էր հավաքել, ուստի Ասլանյանը ավագանու կողմից պետք է ընտրվեր Վանաձոր խոշորացված համայնքի համայնքապետ, սակայն այստեղ Նիկոլ Փաշինյանը իր հերթական նիկոլությունն արեց․ Ասլանյանին կալանավորեցին, իսկ նրա փոխարեն քաղաքապետ կարգեցին Արկադի Փելեշյանին՝ Ակային։
3. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումյանը, ով մինչ այժմ կալանքի տակ է, կալանավորվել էր 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա մեղադրվում է Շուշիի հանձնման գործով ենթադրյալ ծառայողական անփութություն դրսևորելու մեջ, այդ նույն մեղադրանքը առաջադրվել էր նաև Ջալալ Հարությունյանին, սակայն նա ազատության մեջ է։ Արզումանյանին առնչվող քրեական գործով բազմիցս հայտարարություններ է արել Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով Արզումանյանի անմեղության կանխավարկածը։
2. Հնգյակի երկորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Նարեկ Մալյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «հրապարակային կերպով բռնության կոչ հնչեցնելու համար», Մալյանը կալանավորվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Մալյանի դեմ հարուցված քրեական գործի առիթը 2023 թվականին Արցախում ծավալված իրադրաձություններից հետո կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ վերջինիս ֆեյսբուքյան լայվն է։ Նա, լուսաբանելով ոստիկանների գործողությունները, նշել էր, որ ոստիկանությունը հոգեբանորեն ճնշված է, շուտով տեղի է տալու, և ցուցարարները կարող են գնալ ՔՊ-ականների տուն՝ կոֆե խմելու։ Այսինքն՝ անձը այս պահին կալանքի տակ է ընդամենը խոսք հնչեցնելու համար։
1. Քաղբանտարկյալների հնգյակի առաջին և պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Աշոտյանը մեղադրվում է բժշկական համալսարանի գործով իբրև թե պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջ։ ՀՀԿ փոխնախագահը կալանավորվեց հուլիսի 16-ին, մինչ այժմ գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։