ԱՄՆ-ի քրիստոնյա առաջնորդները դիմել են Դոնալդ Թրամփին՝ Բաքվում պահվող 24 ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիայի նամակում Թրամփին կոչ է արվում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայիազատ արձակման համար: Նրանք հիշատակել են նաև Ռուբեն Վարդանյանին, ում վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, քանի որ արդեն 21 օր վերջինս հացադուլ էր անում:
Նամակի տակ ստորագրած գործիչները վկայակոչում են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար և որ այդ քայլերը պետք է շտապ անել՝ քրիստոնյա գերիների կյանքը փրկելու համար:
Հատված նամակից. «Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկական զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, վտարել իրենց նախնիների տներից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվել էր քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվել են ամենօրյա ու սարսափելի խոշտանգումների, իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվում էր ստուգել նրանց վիճակը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»։
Իրենց փաստարկն ավելի ուժեղացնելու համար ամերիկացի քրիստոնյաների առաջնորդները Թրամփին հիշեցրել են 2024 թվականի հոկտեմբերի 23-ին իր իսկ կողմից արված գրառումը, որտեղ ասվում էր. «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ենթարկվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Աշխարհի ոչ մի մասում քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Այս նամակի տակ ստորագրել են Ամերիկյան երազանքի կենտրոնից Ալվեդա Քինգը, լրագրող և հրապարակախոս Ռոդ Դրեհերը, Global Peace Foundation-ից Փոլ Մյուրեյը և այլք:
Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին ազատելու կոչով են հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու Մեծ Բրիտանիայի քրիստոնյաների առաջնորդները: Նրանք կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ և խոր մտահոգություն են հայտնել՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անօրինական պատանդ պահվող 23 հայերի առնչությամբ։
Նամակից մի հատված.«Այսօր ես գրում եմ ձեզ՝ կրոնակից ընկերների հետ միասին, հատուկ արտահայտելու իմ խոր մտահոգությունը հայ ժողովրդի դեմ շարունակվող մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես՝ Ադրբեջանում (նախագահ Իլհամ) Ալիևի ռեժիմի կողմից քսաներեք հայերի ապօրինի կալանավորման առնչությամբ։
2023 թվականին Արցախից (Լեռնային Ղարաբաղ) 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը կամայականորեն ձերբակալել, բանտարկել և շինծու մեղադրանքների հիման վրա մեղադրել է Արցախի կառավարության քսաներեք պաշտոնյայի, ռազմագերիների և քաղաքացիական անձանց։ Այս անձինք այժմ դատվում են՝ խախտելով արդար դատավարության բոլոր հիմնական սկզբունքները։ Նրանց զրկել են իրենց ընտրությամբ իրավական ներկայացուցչությունից, իսկ փաստաբաններին, օտարերկրյա դիտորդներին և լրագրողներին արգելվել է մուտք գործել դատարանի դահլիճ կամ նույնիսկ երկիր: Ձերբակալվածները բոլորն էլ ենթարկվել և շարունակում են ենթարկվել դաժան վերաբերմունքի: Նրանց շարունակական կալանքը և շարունակվող դատավարությունները հանդիսանում են մարդու միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ: Բաքվում նրանց բանտարկությունը անմարդկային է և ստորացուցիչ պայմաններում խստորեն դատապարտվել է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից»:
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդը մեջբերում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը արգելեց BBC-ի գործունեությունը երկրում, իսկ Կարմիր Խաչի՝ ԿԽՄԿ կոմիտեին վտարում է երկրից, ինչն արդեն բավականին խոսուն է: Այդպիսով, հայ ռազմագերիներն ամբողջովին մեկուսացված են, իսկ նրանց առողջական վիճակի կտրուկ վատթարացումն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում:
Սրբազան հայրը հիշեցնում է Մեծ Բրիտանիայի վարչապետին, որ Միացյալ Թագավորությունը միշտ մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն է եղել և հորդորում է պաշտպանել Ադրբեջանի Բաքվում ապօրինի բանտարկված հայ գերիների իրավունքներին ու օգնել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն ապահով վերադառնա Հայաստան:
Սթարմերին ուղղված նամակի տակ ստորագրել են Ղպտի Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Անգալեոսը, Թյաթիրայի և Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոս Մետրոպոլիտ Նիկիտասը, Վեսթմինսթերի օժանդակ եպիսկոպոս վերապատվելի Ջեյմս Քարին, Ասորի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Աթանասիուս Թոման և այլք:
Հիշեցնենք, որ այսօր Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ զրույցի ժամանակ տեղեկացրել է, որ դադարեցնում է հացադուլը։ Նա շեշտել է, որ հացադուլը միջոց էր՝ անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար:
«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի.Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ»,-նշել է Ռուբեն Վարդանյանը: