Տարրական հասկացություններ կան, որ պետք է մարդիկ յուրացրած լինեին մանուկ հասակում: Ասենք, ինչպե՞ս կարելի է հասուն մարդուն բացատրել, որ կենդանիներին խոշտանգել չի կարելի` դա վատ բան է: Կամ` չի կարելի շքամուտքում միզել, եթե չես պատրաստվում հետո մաքրել այդ տարածքը: Կամ` հայրենիքի համար զոհված երիտասարդը սրբություն է, նրա ծնողներն անձեռնմխելի են, հայրենիքի համար արյուն թափած մարդկանց հանդեպ պետք է ակնածանք դրսեւորել եւ, այո` նրանց որոշ զանցանքները կարելի է նաեւ ներել` հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Թվում է` տարրական բաներ են, պետք է մոր կաթի, այբուբենի հետ մարդիկ սերտած լինեին այս պարզ ճշմարտությունները: Բայց ինչքան «պլանկան» բարձրանում է, այնքան պահանջների սանդղակն էլ է բարձրանում:
Օրինակ, իշխանության ղեկին գտնվող, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պետք է վաղուց իմանային, որ չի կարելի ստել, մոլորեցնել ընտրողին, չի կարելի շարքային քաղաքացուն արհամարհել, նսեմացնել նրա դերը երկրի կյանքում: Կամ` իրենց քաղաքացիական հասարակություն կոչողներին պետք չէ բացատրել, որ դու այն երկրի քաղհասարակությունն ես, որտեղ ապրում եւ աշխատում ես, դու չես կարող այլ երկրի քաղհասարակության ֆունկցիաներ իրականացնել: Եվ, առհասարակ` գրագետ, խելացի մարդիկ հասկանում են, որ օտար երկրի ներքին կյանքին խառնվելը, կարծիք հայտնելն ու քիթն իրենց չվերաբերող հարցերի մեջ խոթելը մովետոն է` անթույլատրելի վարքագիծ: Ոչ միայն այն պատճառով, որ դու կարող ես այլ երկրի մասին թերի տեղեկացված լինել, եւ հեռվից դատողություններ անելը միշտ սխալ է, այլեւ այն, որ դա կոռեկտ չէ, եւ հարեւան երկիրը կարող է հանգիստ քեզ պերսոնա նոն գրատա ճանաչել եւ քո մուտքն իր տարածք արգելել ու դրա իրավունքը, միանշանակ, կունենա: