Իջեւանի համայնքապետարանի ինտերնետային կայքում վերջին 2 ամիսներին բազմաթիվ որոշումներ են տեղադրվել` համայնքապետ Արթուր Ճաղարյանի կայացրած, համայնքի բնակիչների գույքահարկի ու անշարժ գույքի հարկ գանձելու պահանջներով։ Հարկային պարտավորությունները չկատարածների մեջ կան նաեւ ֆինանսապես ապահովվածներ, պաշտոնյաներ։
Նոյեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետարանի որոշ պաշտոնյաներ գույքահարկի ժամկետանց պարտավորություններ ունեն։ Մարզպետի աշխատակազմում պարբերաբար խորհրդակցություններ, քննարկումներ եք անում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների վերաբերյալ, իսկ մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները գույքահարկի մեծ պարտքեր ունեն: Նոյեմբերի 19-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի քանի՞ պաշտոնյա գույքահարկի ժամկետանց պարտավորություն ունի»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Առաջարկում ենք դիմել համայնքապետարաններին, քանի որ մարզպետի աշխատակազմը համապատասխան հաշվառում չի իրականացնում, եւ ֆիզիկական անձիք, այդ թվում՝ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները, կարող են սեփականություն ունենալ տարբեր համայնքներում»: Տավուշի մարզպետարանում աշխատում են միայն Իջեւան համայնքի բնակիչներ, որոնց գույքը գտնվում է Իջեւան համայնքում, նրանք հարկային պարտավորություններ ունեն հենց Իջեւանի նկատմամբ, ուստի մարզպետարանի այս «կռուտիտն» անհարկի է։
Ներկայացնեմ փաստերով։ Իջեւանի համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում եմ, որ Մերուժան Հարությունյանը չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թ․ հոկտեմբերի 29-ին «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։ Իջեւանի Գանինի փողոց, 7-11 անշարժ գույքը Մերուժան Հարությունյանի սեփականությունն է, որի համար վճարման ենթակա հարկը կազմում է 995 հազար 350 դրամ, ինչը 2015-2025 թթ․ ընկած ժամանակահատվածում չի վճարվել, որից ապառք՝ 768 հազար 196 դրամ, նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 227 հազար 154 դրամի չափով, ընդամենը՝ 995 հազար 350 դրամ։
Նոյեմբերի 4-ին համայնքի ղեկավար Ճաղարյանը որոշել է Մերուժան Վահրամի Հարությունյանից, հօգուտ Իջեւան համայնքի բյուջեի, գանձել 995 հազար 350 դրամ։ Համայնքապետի այդ որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել: Որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։
Իսկ ի՞նչ է Գանինի փողոց, 7-11 անշարժ գույքը․ դա հասարակական նշանակության օբյեկտ է։ Իմ տեղեկություներով՝ այդ գույքն ի սկզբանե ունեցել է 2 սեփականատեր՝ Մերուժան Հարությունյանը եւ Իջեւանի մի բնակիչ, որը տարիներ առաջ մահացել է։ Այդ տարածքում գործում է «Իջեւան սիթի» սուպերմարկետը։ Ո՞վ է Մերուժան Հարությունյանը։ Նա Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետն է։ Մարզպետարանի՝ վարչության պետի ձեռքը, ինչպես ասում են, «չոր քարի տակ չէ», որ չկարողանա անշարժ գույքի հարկը վճարել։
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները համեմատաբար բարձր աշխատավարձ եւ պարբերաբար մեծ պարգեւավճարներ են ստանում։ Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ մարզպետի աշխատակազմը 2025-ին պարգեւատրվելու է 67 միլիոն 547 հազար դրամի չափով։ Մարզպետ Հ․ Ղալումյանը մարզխորհրդի նիստերում, աշխատանքային խորհրդակցություններում պարբերաբար համայնքների ղեկավարներին հորդորում է ավելացնել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Մինչդեռ իր ենթական՝ մարզպետարանի վարչության պետը, տարիներով անշարժ գույքի հարկը չի վճարում։