Բաքվի ռազմական դատարանում օրեր առաջ մեկնարկեց Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների դատավարությունը, որը, մի շարք գնահատականների համաձայն, համաշխարհային իրավական պրակտիկայում դառնում է եզակի, քանի որ դատական բոլոր նյութերը գրված են ադրբեջաներենով, իսկ ամբաստանյալի աթոռին հայտնվածների մեծ մասն ադրբեջաներեն չգիտի։ Միաժամանակ, մեղադրյալները գործի նյութերի հանդեպ լիակատար հասանելիություն չունեն, քանի որ կան նյութեր, որոնք գտնվում են «գաղտնի» գրիֆի ներքո եւ կապված են այդ երկրի պետական անվտանգության հարցերի հետ։ Այդ հանգամանքը բարդացնում է ամբաստանյալների պաշտպանների, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերի աշխատանքը, որը նույնիսկ դժգոհել է, որ ոչ միայն դատական նյութերի հանդեպ հասանելիություն չունի, այլ նաեւ չի կարողանում պարզապես մուտք գործել Ադրբեջան։
Իրավաբան Տարոն Սիմոնյանն ասում է՝ բոլորին է պարզ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ՝ դերասանություն․ «Սա թատերական միջոցառում է՝ կազմակերպված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, որտեղ որեւէ իրավական գործընթաց տեղի չի ունենում։ Սրանով նրանք ցանկանում են նվաստացնել ամբողջ հայ ազգին՝ ցույց տալու համար, որ ձեր ղեկավարներին, ձեր կյանքի, պետականության պայքարը, որ 30 տարի տարել եք, մենք հիմա ինչպես ուզում, այնպես էլ նվաստացնում ենք, եւ սա ամբողջ ազգի արժանապատվության վրա է ազդում։ Դրա համար որեւէ իրավական բան փնտրել այդ գործընթացներում՝ իմաստ չունի։ Ադրբեջանն էլ ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ ինքը չի հարգում միջազգային իրավունքը, ավելին՝ միանշանակ կարող եմ ասել, որ ոտնահարում է հենց իր իսկ օրենսդրությունը՝ փակ դատավարություններ անցկացնելով, ամբաստանյալների իրավունքներն ամբողջությամբ ոտնահարելով, թույլ չտալով, որ մարդիկ ծանոթանան իրենց մեղադրանքին՝ չներկայացնելով այդ մեղադրանքները մարդկանց համար հասկանալի լեզուներով, թույլ չտալով միջազգային փաստաբաներին, լրատվականներին՝ ներկա գտնվել դատավարություններին։ Ավելին՝ Ադրբեջանը չի էլ ամաչում եւ ակնհայտ ցույց է տալիս, որ սա դատավարություն չէ, այլ՝ թատերական միջոցառում»։ Տ․ Սիմոնյանը եւս մեկ անգամ արձանագրում է այն փաստը, որ այս դատավարությունն իրավական գործընթաց չէ, այլ պարզապես մի միջոցառում, որի իմաստը հայ հանրության, հայ ազգի, հայ պետականության նվաստացումն է։
Ինչ վերաբերում է մեր քաղաքական իշխանության վարքագծին, ապա, ըստ նրա, այստեղ էլ զարմանալու բան չկա․ «Իմ համոզմամբ, մեր քաղաքական իշխանությունը չի սպասարկում Հայաստանի ազգային եւ պետական շահերը, կարող ենք տարբեր մտքեր արտահայտել, թե ում կամ ինչի շահերն է սպասարկում, բայց որեւէ ձեւով ազգային կամ պետական շահ չի սպասարկում, եւ իրենք էլ իրենց հերթին չեն ամաչում եւ դրա մասին բազմիցս արտահայտվում են՝ խեղաթյուրելով հայոց պատմությունը, վերջին 30 տարվա եւ Արցախի պատմությունը ու դա ներկայացնելով իրենց կենցաղային եւ ոչ գրագետ, իմաստասիրական տեսանկյուններից։ Դրա համար չեմ զարմանում, որ այս գործընթացի հետ կապված որեւէ լուրջ դատապարտում չկա։ Միակ գործը, որ արվում է ու շարունակվում է արվել, միջազգային իրավական հարցերով մեր ներկայացուցչի աշխատանքն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս հարցը բարձրացրել է եւ շարունակում է այս ասպարեզում պայքար մղել։ Սակայն միայն այս իրավական գործիքը քիչ է, անհրաժեշտ է նաեւ դիվանագիտական եւ քաղաքական աշխատանք այս ուղղությամբ։ Եվ եթե Ադրբեջանի հետ ինչ-որ թուղթ են ուզում ստորագրել, այդ թղթի ստորագրման առաջին իսկ պայմանը պետք է լինի այն, որ Ադրբեջանը մեր քաղաքացիներին ազատ արձակի գերությունից, որովհետեւ ՀՀ-ն ունի նաեւ դիվանագիտական պարտավորություն՝ պաշտպանել սեփական քաղաքացիների իրավունքներն ու շահերը, ինչը չի կատարում, խախտելով ՀՀ սահմանադրությունը»։
Տարոն Սիմոնյանը շատ է կարեւորում նաեւ հայ ռազմագերիների ընտանիքների աշխատանքն այս հարցում․ «Ես գիտեմ առանձին, մասնավոր դեպքեր, երբ, օրինակ, այդ աշխատանքի արդյունքում, հենց վերջին օրերին մի շարք միջազգային լրատվականներ անդրադարձան այս հարցերին։ Բայց դա էլ քիչ է, որովհետեւ դա մասնավոր անձանց ջանքեր են, եւ այն ազդեցությունը, որ մենք ակնկալում ենք, որ պետք է լինի Ադրբեջանի իշխանության նկատմամբ, որպեսզի դադարեցնեն միջազգային բոլոր իրավական խախտումները, այդ ազդեցությունը դեռեւս չենք կարողանում ապահովել։ Սակայն չպետք է հիասթափվենք, պետք է առաջ գնանք եւ օգտագործենք թե՛ լրատվական, թե՛ քաղաքական դաշտը, թե՛ միջազգային կազմակերպությունների հնարավորությունները»։
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի դիտարկմամբ, Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական դատավարությունը պետք է դիտարկել 3 շերտով։ «Նախեւառաջ, աշխատանքը պետք է տարվեր պետական մակարդակով, ՀՀ-ի կողմից, սակայն որքանով է դա տարվում՝ խիստ կասկածում եմ, շատ լավ իմանալով այսօրվա իշխանության վերաբերմունքն ու դիրքորոշումն արցախցիների ու հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ, մասնավորապես՝ այդ ատելությունն ու անհանդուրժողականությունը։ Սրանով հանդերձ հասկանում եմ, որ պետական մակարդակով որեւէ աշխատանք չի տարվելու Բաքվին պահանջներ ներկայացնելու հարցում, որպեսզի, եթե, օրինակ, բանակցային պրոցես գնա Բաքվի ու Երեւանի միջեւ, այդ բանակցային պրոցեսի մեջ կարեւոր ու առաջնային պահանջատիրական կետերից մեկը լինի այն, որ, ենթադրենք, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունները տեղափոխեն Երեւան։ Ցավոք, այդպես չի լինի, քանի որ գիտենք այս իշխանության վերաբերմունքը նրանց հանդեպ»։
Հաջորդ մակարդակում Կոստանյանը կարեւորում է հանրային արձագանքը, որն այս պարագայում շատ թույլ էր եւ իներտ․ «Պարզապես սոցիալական ցանցերում, տարբեր հանրային դեմքերի կողմից հուսահատ կոչեր հնչեցին, որ մենք ոչինչ չենք կարողանում անել, սա մեր ամոթն է, եւ վերջ, այդքանով հանդերձ, հանրային արձագանքը շատ թույլ էր, որովհետեւ, մեծ հաշվով, մենք այսօր տեսնում ենք, որ հայ հասարակությունը շատ իներտ տրամադրվածություն ունի Արցախի հետ կապված որեւէ հետագա զարգացումների հանդեպ, եւ դա առաջին հերթին գալիս է օրվա իշխանության վարքագծից, հետեւաբար ակնկալել, որ հասարակությունը լայն արձագանք պետք է տար Բաքվում ընթացող գործընթացներին՝ միամտություն կլիներ։ Հետեւաբար, պետք է արձանագրել, որ այս մակարդակում եւս բավարար արձագանք չկա, այս անգամ՝ հասարակության կողմից։ Միեւնույն ժամանակ ակնկալել, որ այս իշխանությունը որեւէ դրական քայլ կարող է անել այդ պրոցեսում, բանակցությունների ֆոնին՝ ջանքեր գործադրելով, ես նման հույս չունեմ, որովհետեւ, մեծ հաշվով, իրենց ձեռնտու է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եթե ոչ ցմահ, ապա հնարավորինս երկար պահվի Բաքվի բանտերում, եւ իրենք որեւէ կերպ այս ուղղությամբ աշխատանքներ չեն տանելու»։
Քանի որ պետական մակարդակով աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ, ապա, ըստ Կոստանյանի, միջազգային հանրությունն ու մեդիան էլ բավարար չափով չեն արձագանքելու․ «Այդ աշխատանքը պետք է տարվեր պետության կողմից՝ բոլոր հնարավոր ուղիներով, խողովակներով, պետք է տարվեր պրոպագանդիստական աշխատանք, որն էլի պետությունը պետք է կազմակերպեր, իսկ հայաստանյան լոկալ՝ մեծ ու միջին, փոքր տրամաչափի կազմակերպությունների աշխատանքը հաստատ այն էֆեկտը չի ունենալու, ինչը կարող է պետության կողմից տարվող աշխատանքն ունենալ։ Հետեւաբար, ցավոք սրտի, այս առումով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար դրական արդյունքներ չեմ կարող ակնկալել, որովհետեւ անհրաժեշտ աշխատանք չի տարվում ՀՀ-ի կողմից։ Արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի կապերը, որպես աշխարհի մակարդակով ազդեցիկ գործչի, գործարարի, կկարողանան միջազգային հարթակում որեւէ ազդեցություն ունենալ, դա էլ դժվար է ասել, որովհետեւ 400 օրից ավելի է անցել, բայց իր միջազգային իրավապաշտպան խումբն առայժմ չի կարողացել նույնիսկ հասնել նրան, որ այն բազմահատոր գործերը, որ Ադրբեջանի կառավարությունը «կարել» է իր վրա, ռուսերեն թարգմանությամբ ու բավարար ժամանակով տրամադրվեն իրեն»։
Ի՞նչ ճանապարհներ է տեսնում, որպեսզի թե՛ միջազգային կառույցների, թե՛ միջազգային լրատվամիջոցների կողմից ճնշում գործադրվի կամ պահանջ ձեւակերպվի՝ թափանցիկ լուսաբանման համար․ «Ճնշումը հնարավոր կլինի, եթե հայաստանյան հասարակությունը, հայ ժողովուրդը նախ կարողանա այդ ճնշումը գործադրել օրվա իշխանության վրա, օրվա իշխանությունն էլ այդ հարցը դարձնի օրակարգային հարց։ Քանի դեռ այդ ճշումը չկա իշխանության վրա, ակնկալել, որ հանրային, լոկալ ճնշումը կարող է միջազգային հանրության համար այդ հարցը դարձնել օրակարգային՝ չի լինելու։ Հետեւաբար, միայն ու միայն ՀՀ օրվա դեֆակտո իշխանության միջոցով դա պետք է դառնա օրակարգային հարց, որը փոքր հույս կարթնացնի, որ միջազգային հանրությունը կարող է արձագանքել եւ դրական արդյունքներ գրանցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության հարցում»։