Քաղաքականություն

ՔՊ-ական դեպրեսիան

ՔՊ-ական դեպրեսիան

Գյումրին գյուղ անվանելու՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի լեզվական սայթաքումը ՔՊ-ականները դարձրել են հայոց հարց: Հենց նման դեպքի համար է նաև ճշմարիտ այս արտահայտությունը. «Որ արդուկը միացնում ես՝ Գյումրիի «պատիվը պահելու» ՔՊ-ական ջանքեր են երևում»: Այնինչ, ՔՊ-ականների կողմից տարածված տեսանյութում պարզ երևում է նրա և Անդրանիկ Ղազարյանի ուրախ տրամադրվածությունը: Իսկ լեզվի սայթաքումից ապահովագրված չէ որևէ մահկանացու՝ ով էլ նա լինի: Բայց քանի որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի անունով ձևավորված թիմի առկայությունից գործող իշխանությունն ընկել է դեպրեսիայի մեջ, ապա այդ սխալը շահարկելը խիստ տրամաբանական քայլ է: Կարծում եմ, որ Ալեքսանյանի կողմից ներողություն խնդրելը բավարար կլինի գյումրեցիների համար: Ինչը, բնական է, անմիջապես վերջակետ չի դնի Գյումրիի ցավով իբրև թե տառապելու՝ ՔՊ-ական ջանքերին: Ու վերջիններս կփորձեն հնարավորինս առավելագույնը քամել չեղած այդ միջադեպից:

Իսկ դեպրեսիայի մեջ չընկնել չէին կարող, քանի որ առաջին անգամ է, որ սոցհարցումներում ընդդիմադիր գործիչն ավելի բարձր հեղինակություն է գրավում, քան գործող իշխանության ղեկավարը: Աժ ընտրությունից էլ դեռ կա երեքուկես ամիս, ու տարբերությունը կարող է ավելի մեծանալ: Իշխանական արդուկն, ի դեպ, ոչ միայն փորձում է իբրև թե պահել Գյումրի քաղաքի պատիվը, այլև նախօրոք գրված պլանի համաձայն հիշատակում է Ռուսաստանի՝ գոյություն չունեցող «Նիժնի Տաբր» բնակավայրի անվանումը՝ կապելով դա Սամվել Կարապետյանի անվան հետ: Այդ անհեթեթ անվանումը Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրվեց անցյալ տարվա ամռանը՝ երբ նրա հրահանգով կալանավորվեց ռուսաստանաբնակ գործարարը: Վերջինս իր ռուսաստանյան գործունեությունը սկսել է ՌԴ Կալուգա քաղաքում: Բայց երևի վարչապետի ականջում այն հնչել է որպես «Նիժնի Տաբր»: Հաշվի առնելով ռուսերենին տիրապետելու մակարդակը՝ կարող ենք հանգիստ նման ենթադրություն անել: Իսկ եթե ավելի լուրջ մոտենանք այդ տխմարությանը, ապա այն պետք է որ «ինքնատիպ» պատասխան լինի վերջինիս ծննդավայր Ենոքավանին:

«Տաբր» անվանումը վարչապետի ուղեղում ենթադրաբար «ծագել» է ռուսերեն «табор» բառից, ինչը նշանակում է գնչուական թափառախումբ կամ վրանային ճամբար: Թե ինչպես կամ ինչու պիտի Կալուգա քաղաքը վերածվեր «Նիժնի Տաբր»-ի՝ դժվարանում եմ ենթադրել: Դրա համար երևի անհրաժեշտ է հիպնոսիստի օգնությունը, քանի որ ո՜ւր Կալուգան և ո՜ւր «Նիժնի Տաբր»-ը: Ընդամենը կարող եմ ենթադրել, որ «մեծապատիվ» պարոնն փորձել է նման ձևով ձեռ առնել ընդդիմադիր դարձած գործարար-բարերարին: Այն մարդուն, ով շուրջ 4 միլիարդ դոլարի կարողությունից բացի ունի նաև տնտեսագիտության դոկտորի աստիճան և շուրջ երեք տասնյակ գիտական աշխատություն: Ի տարբերություն, ասենք, ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում ուսումը կիսատ թողած, թերուս Փաշինյան Նիկոլի:

Ինչևէ, լեզվի սայթաքման վրա սարքված այդ խաղն էլ կանցնի՝ ինչպես մոռացվում է այն ամենը, ինչը կառուցվում է արհեստականորեն: Ու կմնա ՔՊ-ական դեպրեսիան, որն իրենց կուղեկցի մինչև ԱԺ ընտրության օրը ընտրատեղամասերում քաղաքացիների քվեարկության ավարտի պահը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image