Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերսկսել է նախորդ իշխանությունների ձեռնարկած ծրագիրը, եւ առաջարկում է 23 համայնքների միավորումից ձևավորվել 3 համայնք: Մասնավորապես՝ Լերմոնտովո, Անտառաշեն համայնքները միավորել Լերմոնտովո համայնքի կազմում, Կոտայքի մարզի Քասախ, Պռոշյան համայնքները՝ Քասախ համայնքում, իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (19) համայնքները։
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում դեմ են համայնքների միավորմանը: Համայնքապետ Արթուր Մուրադյանն անգամ 2019թ.-ի դեկտեմբերի 5-ին արտահերթ ավագանու նիստ է հրավիրել, որի օրակարգում եղել է Պռոշյան համայնքի բնակիչների դիմումը ուղղված համայնքի ավագանուն՝ Պռոշյան և Քասախ համայնքների միավորմանը դեմ լինելու մասին: Ավագանին էլ իր հերթին դիմել Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանին, ՀՀ վարչապետին՝ Պռոշյան համայնքի ազգաբնակչության դժգոհությունը Պռոշյան և Քասախ համայնքների միավորման գործընթացի վերաբերյալ:
-Պարո՛ն Մուրադյան, ստորագրահավա՞ք է եղել համայնքների միավորման դեմ, դիմել եք մարզպետին, ի՞նչ պատասխան եք ստացել:
-1800 բնակիչ ստորագրել է, որ դեմ է միավորմանը: Ես մարզպետին դիմել եմ, ասել եմ, որ ժողովուրդը դեմ է: Մարզպետն էլ ասաց, որ կներկայացնի նախարարություն: Հետո եկավ պատասխանը, որ ժամանակավորապես կհետաձգեն միավորումը, մինչեւ հանրային քննարկում լինի: Համայնքում անգամ հանրային քննարկում չի եղել միավորման հետ կապված: Քննարկման հետ կապված ասեմ, դեռ խոսակցություն չկա, թե երբ տեղի կունենա այն:
-Դուք որպես համայնքի ղեկավար դե՞մ եք Պռոշյանի եւ Քասախի միավորմանը:
Ես իմ ժողովրդի հետ եմ, եթե ժողովուրդը ցանկանա՝ միավորում կլինի, եթե չի ցանկանում, ուրեմն ես ժողովրդի հետ եմ:
-Եթե հանրային քննարկում լինի, եւ բնակիչներին փորձեն համոզել, որ միավորումը ավելի լավ է համայնքի զարգացման համար, այդ դեպքում դուք կրկին ժողովրդի հե՞տ կլինեք:
Պիտի բացատրեն, եթե բնակիչները համաձայն լինեն, ես էլ իրենց հետ եմ, բայց մեր ժողովուրդը համոզվող ժողովուրդ չի, ժողովուրդը հստակ պատասխան է ուզում:
Նշենք, որ համայնքների միավորման ծրագիրը կասեցվել էր մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները: Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ 2016 թվականի փետրվարի 14-ից սկսած 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 52 համայնք: