Հասարակություն

Արցախի ցորենը չկա, կեցցե ՌԴ-ի ցորենը

Արցախի ցորենը չկա, կեցցե ՌԴ-ի ցորենը

Ցորենի ու գարու գարնանացանը լրջորեն վնասվել է Շիրակի եւ Արմավիրի գյուղերում․ ոռոգման ջուր չկա, ջրամբարները դատարկ են։ 

Երաշտը հարվածել է նաև Գեղարքունիքի, Կոտայքի դաշտերին, որտեղ մոտ 2 ամիս է՝ անձրեւ չի եկել։ Հացահատիկային մշակաբույսերի բերքը տուժել է Քաղսի, Ալափարս գյուղերում․ Գեղարքունիքում վտանգները դեռ առջևում են՝ հաշվի առնելով, որ սպասվում է 40+ և 41+ ջերմաստիճանով հուլիս, և. իհարկե՝ օգոստոս։  Պատերազմի հետևանքով Ղարաբաղում կորցրել ենք ցորենի դաշտեր, այսինքն՝  մոտ 100 հազար տոննա ցորենի բերք, և հիմա մի այդքան էլ՝ 100 հազար տոննա, կկորցնենք այս երաշտի պայմաններում։ Հաշվարկը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանինն է։ Մասնագետներից ոմանք աշնանը պարենային ճգնաժամ են կանխատեսում՝ անասունների կերի պակասի հետևանքով, և պարենային ապրանքների, ցորենի դեֆիցիտ, ապա՝ ահավոր գնաճ։

Այս պահին ի՞նչ վիճակ է հանրապետոթյունում։ Հարցի պատասխանը ստանալու համար «Հրապարակը» զանգահարեց մի շարք ալրաղացներ։ 

Զրուցեցինք «ԷՌՄԻ» ընկերության տնօրեն Վահագն Անթանոսյանի հետ, ում ընկերության կոնտակտային համարները ստեփանակերտյան հասցեով են․ Ստեփանակերտ, Թումանյան փող., 76 շենք։ Ընկերության տնօրենն ամեն ինչ հաստատեց․ «Անցած տարի, օրինակ՝ 90 հազար տոննա են արտադրել Արցախում, ավելցուկն ուղարկել Հայաստան, հիմա քիչ ա, բայց նենց չի, որ մի քանի ամսվա էլ չի։ Հայաստանում էլ երաշտ ա, Վարդենիսում-բան, Շիրակի ավազան, երկու տեղն էլ տեղեկություն ունենք, որ բերքն էդքան էլ լավ չէ»։

Մնացորդը, ընկերության տնօրենի խոսքով, Ռուսաստանից են բերելու։ Դեռ անցած տարվա բերքից մի քիչ կա։ 

Բաղրամյանի ալրաղացի գործարանից էլ տնօրենն ասաց՝ բերելու են Ռուսաստանից։
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ եթե 25 օր շարունակ տեղումներ չեն լինում, միջազգային նորմերով կառավարությունը պետք է երաշտ հայտարարի, ինչը համառորեն չի անում գյուղացիներին փոխհատուցում չտալու համար և վիճակը կոչում է «սակավաջրություն»։

Մենք խոսեցինք նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ։

Մասնագետի գնահատմամբ՝ այս պահին հանրապետությունում առկա է սակավաջրություն կամ «սրված երաշտային պրոցես»։ Ինչ վերաբերում է տեղումներին, ասաց, որ ճիշտ է՝ փոքր քանակությամբ, բայց տեղումներ ՀՀ առանձին շրջաններում լինում են։

Ինչո՞վ է տարբերվում երաշտը սակավաջրությունից։ «Երաշտն ավելի սրված պրոցես է, որը բերում է հանրապետության առանձին շրջաններում ջրային ռեսուրսների ընդհուպ սպառման, իսկ սակավաջրությունը դրա ավելի մեղմ տեսակն է, որ ջրի պակասություն կա, բայց, ամեն դեպքում, ջրային ռեսուրսների որոշակի քանակ պահպանվում է»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image