Քաղաքականություն

Հրահրված պատերազմ, որից միայն հրահրողները շահեցին

Հրահրված պատերազմ, որից միայն հրահրողները շահեցին

Ուղիղ 3 տարի առաջ՝ փետրվարի 24-ին, ռուսական բանակի զորքերը Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքից հարձակվեցին Ուկրաինայի վրա, սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, որը Ռուսաստանն անվանում է «հատուկ ռազմական գործողություն, եւ որի նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնականացումն է»: Անցած 3 տարիների ընթացքում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի կողմից զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, միլիոնավորները դարձել են հաշմանդամ, տասնյակ միլիոնները` փախստական, հիմնահատակ ավերվել եւ ոչնչացել են տասնյակ քաղաքներ, հազարավոր գյուղեր, ազգակից ու երբեմնի բարեկամ ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները դարձել են թշնամիներ, երկու երկրների տնտեսություններին հասցվել է միլիարդների վնաս: Ավելի մեծ չափով տուժել է Ուկրաինան, որի տարածքում են ընթանում պատերազմական գործողությունները, Ռուսաստանը կորցրել է Կուրսկի մարզի Սուդժայի շրջանի մի մասի վերահսկողությունը, որը համեմատելի չէ Ուկրաինայի տարածքային կորուստների հետ: Պատերազմի մեկնարկից երեք տարի հետո հույս կա, որ այն կարող է ավարտվել: Համենայնդեպս, պատերազմ հիմնական հրահրողի` Միացյալ Նահանգների իշխանությունները պատերազմն ավարտելու հարցում վճռական են տրամադրված:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ութկոֆը պատերազմի եռամյա տարելիցի նախօրեին հայտարարել է․ «Պատերազմը չպետք է տեղի ունենար, այն սադրեցին։ Սա չի նշանակում, որ դա անպայմանորեն սադրել են ռուսները»: Իսկ ո՞ւմ նկատի ունի Թրամփի հատուկ ներկայացուցիչը, ո՞վ է սադրել պատերազմը, եւ ո՞վ է դրա շահառուն կամ շահառուները: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ եթե 2022 թվականին ինքը լիներ ԱՄՆ նախագահը, պատերազմը չէր սկսվի: Սրանով Թրամփն ակնարկում է, որ պատերազմի սանձազերծման մեջ իր դերն է ունեցել նաեւ ԱՄՆ նախկին վարչակազմը, եւ այդ դերը գուցե ամենաառանցքայինն էր:

Ինչի՞ց սկսվեց պատերազմը, եւ ովքե՞ր էին այն հրահրում: 2014-ին ամերիկացիների կողմից Կիեւում կազմակերպված հեղաշրջման արդյունքում Կիեւում իշխանության եկան պրոարեւմտյան ուժեր, որոնք հայտարարեցին, որ իրենց նպատակն Ուկրաինայի չեզոքության վերացումն է, իրենք մտադիր են հասնել նրան, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ: Երկրի՝ առավելապես ռուսներով բնակեցված արեւելյան շրջաններում` Դոնբասում, սկսվեց քաղաքացիական պատերազմ` արեւմտամետ եւ պրոռուսական ուժերի միջեւ, որոնք ստանում էին Ռուսաստանի ռազմական, մարդկային եւ նյութական աջակցությունը: Երբ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը դարձավ օրախնդիր, 2021 թվականի վերջին Ռուսաստանի իշխանությունները գրավոր մի տեքստ հանձնեցին ԱՄՆ իշխանություններին, որով պահանջում էին գրավոր երաշխիքներ տրամադրել Ռուսաստանին, որ Ուկրաինան չի ընդունվի ՆԱՏՕ-ի կազմի մեջ եւ չի վերածվի Ռուսաստանի դեմ ռազմական հենակետի: Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների բազմաթիվ ղեկավարներ եւ հատկապես ՆԱՏՕ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միաբերան հայտարարում էին, որ դաշինքին որեւէ երկրի անդամակցության հարցում որոշում կայացնելն այդ երկրի եւ դաշինքի սուվերեն իրավունքն է, որեւէ երրորդ կողմ իրավունք չունի եւ չի կարող ազդել նման որոշում կայացնելու վրա: Ռուսաստանը սա ընդունեց ոչ միայն որպես մերժում, այլ նաեւ հստակ ազդանշան, որ արեւմտյան երկրները մտադիր են Ուկրաինան վերածել հակառուսաստանի, եւ որոշեց պատերազմի միջոցով կանխել իրադարձությունների՝ իր կարծիքով վտանգավոր զարգացումը, ՌԴ նախագահն այդ առիթով հայտարարեց, որ եթե կռիվն անխուսափելի է, ճիշտը առաջինը հարվածելն է:

Պատերազմի սկզբում հնարավորություն կար այն արագ դադարեցնելու. ռուսական բանակը հասել էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի մատույցներ, եւ այդ պայմաններում Ստամբուլում երկու երկրների միջեւ սկսված բանակցությունների արդյունքում կարծես հաջողվել էր հասնել որոշակի պայմանավորվածությունների, ըստ որոնց՝ Ուկրաինան հրաժարվում էր ՆԱՏՕ-ին անդամակցությունից, իսկ Ռուսաստանն իր զորքերը հետ էր տանելու մինչեւ 2022-ի փետրվարի 24-ն առկա սահման: Բայց երբ Ռուսաստանն իր զորքերը հետ քաշեց Կիեւի եւ Սումիի շրջաններից, Ուկրաինան հրաժարվեց ստարագրել պայմանագիրը, հետագայում պարզվեց, որ Ուկրաինայի որոշման փոփոխության վրա ազդել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ արեւմտյան երկրների այլ ղեկավարներ: Բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի խորհրդարանի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հետագայում պատմեց, որ երբ ինքը Ստամբուլից վերադարձել է Կիեւ, այնտեղ տեսել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, որն ասել է, որ Ռուսաստանի հետ ոչ մի պայմանավորվածություն չի լինելու, պետք է շարունակել կռվել: Ավելին` բոլոր այդ արեւմտյան երկրների եւ կառույցների ղեկավարները հայտարարում էին, թե թույլ չեն տա, որ Ուկրաինան պարտվի՝ դրանով յուղ լցնելով վառվող կրակի վրա: Նույնն անում էին նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ ղեկավարները, որոնք պատերազմի ֆինանսավորման վրա միլիարդավոր դոլարներ էին աշխատում՝ պատերազմի պատճառած աղետն ու ողբերգությունը թողնելով ուկրաինացիներին եւ ռուսաստանցիներին:

Հիմա էլ ո՛չ Ջո Բայդենն է ԱՄՆ նախագահ, ո՛չ Բորիս Ջոնսոնը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ, ո՛չ Յենս Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Օլաֆ Շոլցն էլ հրաժեշտ տվեց Գերմանիայի կանցլերի պաշտոնին: ԱՄՆ նոր նախագահ Թրամփը հայտարարում է, որ պատրաստ է երաշխիքներ տալ Ռուսաստանին, որ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, եւ Ուկրաինային համոզում են, որ պետք է համակերպվել տարածքային կորուստների հետ: Ուկրաինացի ժողովուրդը մենակ է մնացել իր ավերված երկրի փլատակների, մարդկային զոհերի ու նրանց կորուստը ողբացող մարդկանց դեմ-հանդիման: Հակառակը՝ արեւմտյան իմպերիալիստները փորձում են, որքան հնարավոր է, շատ բան պոկել Ուկրաինայից, իրար մեջ չեն կարողանում կիսել, թե ում ինչ է բաժին հասնելու Ուկրաինայի ընդերքի հարստություններից: Պատերազմը շարունակելու մասին եվրոպական երկրների որոշ ղեկավարների հայտարարությունները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի վճռականությունը՝ ֆինանսավորել պատերազմը, միայն մի նպատակ ունի՝ իրենց եւս թույլ տան մասնակցելու զոհի հոշոտմանը, քանի որ իրենք եւս մասնակից են եղել նրա տապալմանը:

Արեւմտյան երկրները շատ կուզեին, որ Ռուսաստանը պարտվեր, եւ իրենք իսկապես ձգտում էին դրան: Եթե Ուկրաինային հաջողվեր պարտության մատնել Ռուսաստանին, իրենց ռազմավարն ավելի մեծ կլիներ` Ռուսաստանն ավելի մեծ եւ ավելի հարուստ է, քան Ուկրաինան: Ռուսաստանը դիմացավ, եւ Արեւմուտքը սկսեց մտածել, որ այլեւս իմաստ չունի ֆինանսավորել մի անհեռանկար նախագիծ, մանավանդ որ կենտրոնանալով Ռուսաստանի պարտության վրա, իրենք աչքաթող էին արել հիմնական հակառակորդին` Չինաստանին, որն այդ պատերազմն օգագործում է հզորանալու եւ ուժ կուտակելու համար: 

Հայաստանի դեմ պատերազմը եւս հրահրված էր նույն երկրների, նույն առաջնորդների կողմից: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ ընդհանրապես` արեւմտյան երկրները, շահագրգռված են այլ երկրների միջեւ պատերազմներ հրահրելով, որովհետեւ դրանց արդյունքում մեծանում է իրենց ազդեցությունն այդ երկրների նկատմամբ, որքան թույլ եւ անպաշտպան են երկրները, այնքան նրանք արտաքին հովանավորի եւ պաշտպանի կարիք ունեն: Հովիվն ու շները պաշտպանում են ոչխարի հոտը գայլերից` ոչ թե հանուն ոչխարների անվտանգության, այլ որ իրենք ուտեն ոչխարներին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image