Ռուս քաղաքագետ Վլադիմիր Պաստուխովը, ով ռուսական իշխանությունների կողմից ներառված է «օտարերկրյա գործակալների» ռեեստրում, գրում է․ ««Վագների» հետ կապված պատմությունն օրըստօրե դառնում է ավելի առեղծվածային, թեեւ ի սկզբանե էլ դա համարվում էր «շատ մութ» պատմություն։ Իրադարձությունների շղթան հիշեցնում է Մոբիուսի ժապավենը, որտեղ պատճառներն ու հետեւանքներն անվերջանալիորեն եւ անընդհատ փոխվում են տեղերով։ Սկզբում պետությունը ստեղծում է, զինում եւ իր հովանու ներքո պետական բյուջեի հաշվին պահում է այդ մասնավոր զինվորական կազմավորումը, որն իր թվաքանակով կարող է մոտավորապես մեկ բանակային կորպուսի հասնել, սակայն պաշտոնական բանակի կազմ չի ներառվում։
Շատ կարճ ժամանակում այդ կազմավորումը դառնում է լատինաամերիկյան «մահվան էսկադրոնների» ռուսական տարբերակը, որի կառավարումը Պուտինն իրականացնում է կա՛մ անձամբ, կա՛մ էլ իր ամենավստահելի երկու հենարաններից մեկի՝ հատուկ ծառայությունների միջոցով։ Ուստիեւ պրիգոժինյան «մահվան էսկադրոնները» շատ ավելի հարում էին Անվտանգության դաշնային ծառայությանը, քան բանակին։ Ռուս-ուկրաինական պատերազմը ստիպեց, որ այդ էսկադրոնների թվաքանակն ավելացվի ի հաշիվ բանտարկյալների։ Այդ մատակարարումը, այն էլ՝ «արդյունաբերական ծավալներով», իրականացվեց, եւ մի պահ պարզվեց, որ վագներականներն ուկրաինական առաջնագծում ավելի լավ էին կռվում, քան կանոնավոր բանակի զինվորականները։ Հատկապես, երբ իրականացվում էին հարձակողական գործողություններ։
Այս մասնավոր զինվորական կազմակերպությանը սկսեց համակրել կանոնավոր բանակի սպայակազմի մի մասը։ Նման իրավիճակում պրիգոժինյան հրամանատարները սկսեցին հավակնել կանոնավոր բանակը փոխարինելուն։ Արդյունքում առաջացավ ինստիտուցիոնալ մրցակցային առճակատում «Վագների» եւ կանոնավոր զինված ուժերի, հատուկ ծառայությունների վերնախավի եւ բանակի վերնախավի միջեւ։ Ըստ էության, դա մրցակցային առճակատում էր Պուտինի երկու հենարանների՝ բանակի եւ հատուկ ծառայությունների միջեւ։
Ի դեպ, Պպրիգոժինյան թեզերը, որ պատերազմն անիմաստ էր, եւ Ռուսաստանի ունեցած սուպերբանակի մասին պատկերացումները մի փոքր չափազանցված են, իրականում հենց ԱԴԾ-ականների թեզերն են։ Պուտինի խնդիրն այս իրավիճակում թույլ չտալն է, որ մի հենարանը գերակայություն վերցնի մյուսի հանդեպ, հակառակ դեպքում կառաջանա շատ ավելի վատթար՝ քաոսի հանգեցնող իրավիճակ։ Նման պայմաններում կարեւորը Պուտինի համար, մի կողմից, բալանսը պահպանելն է, մյուս կողմից՝ վերնախավերին «կերակրելը», որպեսզի չկորցնի նրանց աջակցությունը»։