Հասարակություն

Օդանավերի այս պատմությունը՝ կոմունիկացիաների բացման ծիրի մեջ 

Օդանավերի այս պատմությունը՝ կոմունիկացիաների բացման ծիրի մեջ 

Ադրբեջանական «minval.az»-ը Իրանի՝ Նախիջևան ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքների արգելքը որդեգրել էր որպես Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ դավաճանության հերթական քայլ՝ արված Հայաստանի թելադրանքով։ Սրան հետևեց Հայաստանի կողմից Ադրբեջանի համար իր օդային տարածքի բացումը։

Իշխանություններին խիստ լոյալ քաղաքագետ Մովսես Հարությունյանը «հայրենասեր Իրանը փակում է իր օդային տարածքը Ադրբեջանի համար, իսկ թուրքասեր Հայաստանը` բացում» ոճի գրառումների հեղինակներին բացատրել է, որ Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար, և որ ցանկության դեպքում էլ Հայաստանը չէր կարող Ադրբեջանին արգելել մեր օդային տարածքով քաղաքացիական նշանակության ավիափոխադրումներ իրականացնել, քանի որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) անդամ-պետություններին խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ։ Մենք այդ փաստաղթին միացել ենք 2013 թվականին։ Իսկ որ ադրբեջանցիները երբեք չեն թռել մեր տարածքով, նրանից է, որ Ադրբեջանն է իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները՝ տնտեսապես մեզ վնասելու համար։ Իսկ երեկվանից որոշել է վերսկսել մեր օդով քաղաքացիներ տեղափոխելը։ Նրանք էլ մեզ համար չեն փակ եղել, մենք ենք հրաժարվել իրենց տարածքով թռնելուց և նույն հաջողությամբ` մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրվանից սկսել օգտվել իրենց օդային տարածքից։

Ավիացիոն գծով փորձագետ Նավիկ Խաչատրյանը  «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանեց՝ այո, Հայաստանը 2013 թվականի հոկտեմբերի 25-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք միացել է ԵՄ «Բաց երկնքի» համաձայնագրին, որով Հայաստանը չէր կարող արգելել ադրբեջանական ինքնաթիռների մուտքն իր տարածք, քանի որ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ հայց ներկայացնի, ասի՝«եղբայր, դո՞ւք չեք ստորագրել, դե, ես էլ ուզում եմ ուղևորափոխադրում իրականացնել, որ մեր օդանավը թռնի ձեր օդային տարածքով, իջնի Նախիջևանի էսինչ քաղաք»։

Ըստ Նավիկ Խաչատրյանի՝ այդ պայմանագիրն ընդունվել է հապճեպ, առանց մտածելու, առանց հաշվի առնելու Հայաստանի դիրքը, տարածաշրջանային և անվտանգության խնդիրները։ Ի տարբերություն, Իրանը, Ռուսաստանը չեն միացել այդ պայմանագրին։
Բայց սա մեդալի մի երեսն է միայն, իսկ մյուս երեսն այն է, որ քաղաքական որոշման դեպքում նման արգելք կարող էր դրվել։

«Կարանք, բայց որոշել են, որ ճիշտը չնեղացնելն է։ Թվում է, թե քաղաքականությունն այն է,որ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն, հստակ էդ թեմայի մեջ է այսօր տեղի ունեցածը»,-ասաց Նավիկ Խաչատրյանը։ Հիմա «կարա՞նք», թե՞ չենք կարող, այնուամենայնիվ, քանի որ նույն ավիացիոն փորձագետն ասում է՝ ստորագրել ենք, պետք է թույլ տանք։

Նավիկ Խաչատրյան․ «Քաղաքական որոշում որ լինի, մենք դա պարզ գրել ենք (իշխանություններին ներկայացվել է այդ համաձայնագրից բխող վտանգների մասին), մենք կարող ենք ասել՝ Թուրքիային և Ադրբեջանին արգելվում է Հայաստանի տարածքով թռնել։ Երբ Եվրամիությունը կասի՝ ախպեր, փաստաթուղթ եք ստորագրել, մենք էլ կասենք՝ չե՞ք տեսել, ներկա չե՞ք եղել պատերազմի ժամանակ, թե ինչ է կատարվում։ Երբ որ ռումբերը և ռազմամթերքը բերում էին, մեր էրեխեքին սպանում էին»։

Իսկ ամենացնցողն այն է, որ ըստ ավիացիոն փորձագետի՝ այնպես չէ, որ Ադրբեջանն առաջին անգամն է, որ օգտագործում է մեր օդային տարածքը, ինչի մասին իշխանամերձ քաղաքագետները գերադասում են լռել։

Ադրբեջանական ընկերությունը «Կարգո» օդանավերով Վրաստանի հետ սահմանի տարածքով ամեն օր գնում էր Թուրքիա, գալիս էր հետ՝ տեղափոխելով սիրիական վարձկաններին։ Այսինքն՝ մեր երկինքը երբեք փակ չի եղել, բաց է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image