Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը չի բացառում, որ ԱԺ-ում քննարկվելիք Տեսալսողական մեդիայի մասին օրենքի փոփոխությունների նախագծից կհանվի մտահոգության առիթ տված կետերից մեկը: Խոսքը օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումն արգելող դրույթին է վերաբերում:
Այն տարընթերցումների տեղ է թողնում, ասել է Տիգրան Հակոբյանը եւ այդ տեսակետին են ոչ միայն մեդիափորձագետները, այլ նաև պետական տարբեր կառույցներ: Նախագիծը մշակել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ հենց Հակոբյանի գլխավորած հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա: «Դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, նույն Արդարադատության նախարարությունը, օրինակ, կամ Ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ի՞նչ բան է ներքին քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի, որովհետև նաև միջազգային պրակտիկայում շատ դժվար ենք մենք գտնում այդ ձևակերպումը՝ ներքին գործերի մեջ խառնվելը: Գործում են այլ սահմանափակումներ, բայց սա մենք չենք կարողանում գտնել։ Սա վիճելի է, ճիշտ եք նկատել», - նշել է Հակոբյանն իր ասուլիսում։ Եթե այդ դրույթը պահպանվի, ապա պետք է սահմանվի` մեկնաբանություն տրվի, որ տարընթերցում չլինի, ասել է նա:
Հակոբյանը նաև խոսել է այն մասին, որ համացանցային լրատվամիջոցները օրենքով չեն կարգավորվում, տարակուսել է, որ դեռևս միայն հեռուստաընկերություններն են կարողանում իրենք գրաքննել, ապա հավելել է, որ մարդիկ ցանկանում են մշակութային հաղորդումներ դիտել, սակայն «էշ-էշ դուրս են տալիս թիվիներով»: Թե ում նկատի ունի` էշ-էշ դուրս տալ ասելով ՀՌՀ նախագահը, անհասկանալի է, որովհետեւ ամենից շատ «էշ-էշ դուրս են տալիս» Հանրային հեռուստատեսությամբ` իշխանական քարոզիչները:
Հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՌՀ նախագահի հայտարարություններին, ասում է. «Հայաստանում ավտոկրատ իշխանություն է գործում, որն արդեն մոտենում է բռնապետության: Նորություն չէ սա, ուղղակի այսպիսի օրենքներով իրենց կատարած ապօրինություններն օրինականացնում են: Դե ֆակտո բռնապետությունը, դարձնում են` դե յուրե բռնապետություն, սա է ողջ խնդիրը: Մինչև այս պահը մեդիայի վրա ճնշումները եղել են ապօրինի, այժմ նման օրենսդրական նախագծերով այն օրինականացնում են: Մոտավորապես նույն բանն է, որ վաղն էլ օրենք գրեն, որ ասենք` արևը պետք է դուրս գա արևելքից, իսկ մայր մտնի արևմուտքում: Առանց օրենքի արդեն յոթ տարի է մեդիայի և ազատ խոսքի դեմ բռնաճնշումներ են իրականացնում, հիմա ազատ խոսքը բռնաբարելու են օրենքով: Ինչ վերաբերում է էշ-էշ խոսելուն, ապա ո՞վ է քաղաքական դաշտում ամենաշատը էշ-էշ խոսում, իր քաղաքական ղեկավա՞րը, վարչապե՞տը: Էշ-էշ խոսել ասելով, նա հավանաբար նկատի ունի իշխանությանը քննադատողներին, բայց այդ արտահայտությունը ավելի շատ բնորոշ է իշխանությունների խոսքին, քանի որ քաղաքական ռեժիմի գլխավերևում իշխանությունն է: Մեր քաղաքացիներին առաջարկում եմ կարդալ գերմանացի տեսաբան Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» աշխատությունը, որտեղ հեղինակը հստակ տալիս է դրա բանաձևը: Պոպուլիստական իշխանությունը որպես այդպիսին կազմված է լինում հիմարներից, իսկ հիմարները իրենց հիմարությունն արդարացնելու համար ամեն բան բարդում են հասարակության վրա, և պնդում, որ իրենց արածը ժողովրդի պահանջն է»:
Օրենսդրական փոփոխություններով նախատեսում են նաեւ սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելն արգելելու մասին դրույթներ մտցնել օրենքի մեջ:
«Իսկ ո՞վ է Հայաստանում թիվ մեկ սահմանադրական կարգ տապալողը: Ո՞վ է այն մարդը, ով ամեն օր` մի քանի անգամ սահմանադրական կարգ է տապալում, ինչն, այո, քրեորեն պատժելի է արարք է: Օրինակ` եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ատելության քարոզչություն է տանում, մենք չասե՞նք այդ մասին, չխոսե՞նք այդ վտանգների մասին: Կա նախադեպ: Դեկտեմբերի վերջերին ամերիկյան մի լրատվամիջոց հոդված էր հրապարակել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը զբաղված են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով: Հիմա ի՞նչ, եթե ես հղում տալով լրատվամիջոցին այդ մասին խոսել եմ, դա հանցա՞նք է, թե՞ սահմանադրական կարգի տապալում: Ի դեպ` Խաչատուր Սուքիասյանն իմ դեմ դատական հայց է ներկայացրել և պահանջում է, որ ես հերքեմ ամերիկյան լրատվամիջոցի հոդվածը, ինչը պարզապես խեղկատակություն է, միևնույն ժամանակ վտանգավոր նախադեպ է, որովհետև եթե դատարանը Սուքիասյանի պահանջը բավարարի, կստացվի, որ Հայաստանում վերջնականապես բռնաբարվում է ազատ խոսքը»: