Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ մի հայտարարություն արեց, որը դարձավ հայտնի խոսք. «Հարկատուն հերոս է»: Կար մի շրջան, երբ իշխանավորները հաճախ անդրադառնում էին այն թեմային, թե ի վերջո «ով է հերոսը»: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, օրինակ, մի առիթով հայտարարեց, որ չի կարելի գերիներին հերոսացնել, որովհետև գերին երբեք չի կարող հերոս լինել: Աննա Հակոբյանն էլ տարիներ առաջ պնդեց. «Հայ զինվորները տարիներ շարունակ զոհվել են հանուն ոչնչի»: Դե իհարկե այսքան զուգադիպություններ չեն կարող լինել, հեծանիվ չենք հայտնաբերի, եթե ասենք, որ Փաշինյանի իշխանությունը արժեքներ քանդող իշխանություն է, որը հակված է Ալիևի առաջ անգամ չոքելու, միայն թե սեփական իշխանության կյանքը մի քանի տարով երկարացնի:
Երևանի պետական համալսարանի կայքէջից տեղեկացանք, որ ԵՊՀ-ում երկար դասախոսությամբ է հանդես եկել «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի և «Հերոսական երևակայություն ծրագիր» կազմակերպության գործադիր տնօրեն Մեթ Լանգդոնը: Բանախոսության թեման եղել է «Հերոս դառնալու հոգեբանությունը»: Հանդիպմանը բավականին շատ ուսանողներ են ներկա եղել: Խոսելով իր պատկերացրած «հերոսի» կերպարի մասին բանախոսը նշել է. «Հերոսությունը հաճախ կապված է ռիսկերի կամ զիջումների հետ, սակայն ամենակարևորը բարոյական դիրքորոշումն է։ Երբ մարդիկ լսում են հերոս բառը, նրանք հաճախ պատկերացնում են գերհերոսների կամ հայտնի մարդկանց, սակայն ես նրանց նկատի չունեմ։ Ես չեմ խոսում կուռքերի կամ պարզապես հաջողակ մարդկանց մասին. ինձ համար հերոսը նա է, ով կատարում է հերոսական գործեր։ Գուցե դա պարզ կամ նույնիսկ ծիծաղելի հնչի, սակայն կարևոր միտքն այն է, որ հերոսությունը ծնվում է գործողությունից։ Մարդը կարող է այսօր անել մի խիզախ, բարոյական քայլ և լինել հերոս, իսկ վաղը լինել պարզապես սովորական մարդ։ Այսինքն՝ հերոս լինելը մշտական չէ, դա ընտրություն է ու գործողություն տվյալ պահին»,- ասաց Մ. Լանգդոնը»:
Հ.Գ Մի կողմից Փաշինյանի իշխանությունն է զիջումները ներկայացնում որպես ձեռքբերում, ինքնիշխանության ավելացում, գրեթե հերոսություն, մյուս կողմից ԵՊՀ-ում ինչ-որ մի անհայտ բանախոս հայտարարում է, որ զիջելը հերոսություն է՝ ուսանողների ուղեղը լվանալով: Ինչպես Նիկոլ Փաշինյանի հայտնի ֆրազայում է ասվում. «Եկեք մենք մեզ ոչ մի պարագայում պարտված չզգանք» եւ ցանկացած պարտություն որպես հաղթանակ ներկայացնենք: