Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի մեզ հետ՝ զենք է գնում ամբողջ աշխարհում, պաշտոնապես սպառնում է մեզ ոչնչացնել, գրավում է ռազմավարական բարձունքներ հայկական սահմանի ողջ երկայնքով, քաղաքական բազիս է ձեւավորում Հայաստանի օկուպացիայի տակ (կեղծ անկլավների, Սյունիքով միջանցքի եւ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցման թեման հենց այնպես չէ, որ առաջին պլան է մղվում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից)։ Իսկ ի՞նչ է անում ներկայիս հայկական իշխանությունը։
Սկզբունքորեն ոչինչ, բացի դեմքի երջանիկ արտահայտությամբ ամենօրյա ռեժիմով ամեն պատի տակ բղավելուց, որ…
1․ Արցախը 30 տարվա ընթացքում դե յուրե իբր լեգիտիմացիայի հնարավորություն չի ունեցել (ինչը ցինիկ, խղճուկ եւ բացարձակ անհեթեթ փորձ է՝ արդարացնելու Արցախը թուրք-ադրբեջանական տանդեմի ոչնչացմանը հանձնելը)։ Զավեշտն այն է, որ այդ թավշյա «ստերը» հերքում է Հայաստանի իշխանությունների «սիրելի» գործընկեր Իլհամ Ալիեւը, երբ դժգոհում է, որ միջազգային միջնորդները ստիպում էին իրեն ճանաչել Արցախի անկախությունը (չեմ խոսի 30 տարվա բանակցությունների փաստի մասին):
2. Ամեն մի միջազգային «ցանկապատի» տակ պատմում են իրենց թաց երազանքների մասին՝ օրինակ, որ թավշյա իշխանությունները ցանկանում են տարածաշրջանային էքստազի մեջ միաձուլվել թուրքերի ու ադրբեջանցիների հետ՝ այդ հերթական անգրագետ հիմարությունն անվանելով «Խաղաղության խաչմերուկ»:
3. Անխոնջ, ամեն հարմար առիթի դեպքում աղաղակում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ընդ որում, դա անում է այնպիսի պաթոսով ու հրճվանքով, որ նույնիսկ թուրքերն ու ադրբեջանցիները զարմանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ թավշյա իշխանությունների աննորմալ պաշտամունքի վրա։
4. Հայկական իշխանությունն անընդհատ վախեցնում է մարդկանց պատերազմով, ընդ որում, ինքն էլ անում է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը հավատա իր «անխոցելիությանը» եւ կրկին սանձազերծի պատերազմ։
5. Կորցնելով տարրական հարգանքն ու վստահությունը հիմնական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործընկերների ու հարեւանների մոտ` ինչ Արեւմուտքում, ինչ Արեւելքում, հայկական իշխանությունը ձեւացնում է, թե ինքն է որոշում եւ ինքն է կառավարում, իսկ իրականում խուճապահար սպասարկում է բոլոր նրանց շահերը, ովքեր գոնե մի փոքր երաշխավորում են իրենց իշխանության պահպանումը։
6. Եվ վերջում, հրճվանքից վառվող աչքերով աղաղակում է, որ պատրաստ է շտապ, արագ, նույնիսկ վազքով ստորագրել Հայաստանի «մահվան դատավճիռը»՝ այդ ազգային ինքնասպանությունն անվանելով «Խաղաղության պայմանագիր»:
Մի խոսքով, ունենք մի իրավիճակ, երբ ամանորյա «բուդ գնելու» եւ «սիքրեթ Սանտա» խաղալու միջեւ հայ հասարակությունն ուղղակի հրաժարվում է, հենց հրաժարվում է ընկալել, թե ինչպես են իր երկիրը, իր երեխաների ապագան հանձնում ոչնչացման: Ահա այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր։
Կարող եք համաձայնել կամ չհամաձայնել, բայց փաստերը համառ բան են:
Արման Աբովյան