Հասարակություն

Հայաստանում ձեւավորվում է հայ ադրբեջանասերների համայնք

Հայաստանում ձեւավորվում է հայ ադրբեջանասերների համայնք

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ կապիտալ» ընկերության մաս կազմող «Մեգա թրեյդ»-ի տնօրեն Կարեն Հայրիյանն ասել է, որ Հայաստան ներմուծված ադրբեջանական պրեմիում կարգի բենզինի մանրածախ գինը ընկերությանը պատկանող «Ռան օյլ» բենզալցակայաններում լինելու է 440 դրամ: Հայաստանում պրեմիում բենզինի մեկ լիտրը վաճառվում է 520 դրամով, ռեգուլյար բենզինինը` 500 դրամով: Խաչատուր Սուքիասյանը հատուկ է իր ներկայացուցչի միջոցով ադրբեջանական բենզինի գովազդ անում, որ երբ մարդիկ բենզալցակայանում տեսնեն 440 դրամ գին, իմանան, որ ադրբեջանական բենզին են լցնում: Ի՞նչ եք կարծում․

Հայաստանում շատե՞րը կցանկանան ադրբեջանական, բայց էժան բենզին գնել, իմ կարծիքով` շատ-շատերը, բենզալցակայանների մոտ հերթեր կառաջանան, եւ 1300 տոննա բենզինը կսպառվի շատ կարճ ժամանակում: Ադրբեջանական բենզինի համար հերթերի տեսարանները նկարելով, իշխանությունները կասեն. տեսեք, թե որքան մարդ է կողմ հայ-ադրբեջանական հաշտեցմանը, տեսեք, որ մարդկանց համար որեւէ բարոյական կամ հոգեբանական արգելք չկա ադրբեջանական բենզին կամ ցանկացած այլ ապրանք գնելու հարցում, կարեւորը մարդկանց համար ապրանքի գինն է, մարդկանց չի հետաքրքրում ապրանքի ծագման երկիրը, եթե ապրանքն էժան է, ինչո՞ւ չպետք է գնեն: Իշխանությունը դրանով հասարակությանը ցույց կտա, որ ադրբեջանահպատակեցման իրենց քաղաքական գծի մեջ իրենք միայնակ չեն, հայ հասարակության մի զգալի մասն աջակցում է իրենց այդ քաղաքականությանը:
Իսկ ո՞վ է ասել, թե հասարակությունը կազմված է միայն հայրենասերներից կամ ազգային կայուն արժեքներ ունեցող մարդկանցից, չէ՞ որ այդ նույն ՔՊ-ականները այս հասարակության ծնունդն են, նրանք օդից չեն իջել, եւ նրանց նման մտածող ու գործող մարդիկ կան նաեւ հանրային տարբեր շերտերում, կան բազմաթիվ մարդիկ, որոնց համար հայրենիքը, հայրենասիրությունը, հայրենիքի կորուստը, արժանապատվությունը որեւէ արժեք չունեն, նրանք իրենց 100 հազար դրամը գերադասում են մյուս բոլոր արժեքներից ու սկզբունքներից: Հարցը միայն այն է, որ ցանկացած պետություն, իշխանություն իր երկրում քարոզում եւ խրախուսում է հենց վերոնշյալ արժեքները եւ ոչ թե հակառակը: Եթե, իհարկե, պետությունը զավթված չէ հակառակորդի կողմից, եւ պետության ղեկին գտնվողները չեն կատարում իրենց նշանակողների կամքը, որը հակասում է այդ երկրի եւ հասարակության շահերին:

Օրերս փաշինյանական Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց էր տալիս իշխանության քարոզիչներից մեկը` Ստյոպա Սաֆարյանը: Երբ հարցազրույց վարողը նրան հարց տվեց, թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, նա բավական ճշգրիտ բնորոշում տվեց` մեջբերեմ ամբողջությամբ. «Ժամանակակից աշխարհում երբ սոցիալական ցանցերի եւ գլոբալիզացման շնորհիվ եւ պատճառով ընդհանուր սահմանները չեն համընկնում պետությունների աշխարհագրական քաղաքական սահմանների հետ, եւ շատ հեշտ է ներթափանցել տվյալ երկրներ, փոխկապվածությունները մեծացել են, բնականաբար, ավելացել են թշնամական մտադրություններ իրականացնելու գործիքակազմերը, որոնց միջոցով փորձում են հասնել այդ երկրում քաղաքականության վերանայման` այն նպատակներով, որ ցանկանում է տվյալ հիբրիդային սպառնալիք հարուցող պետությունը կամ տվյալ երկրում իշխանության փոփոխությամբ: Թիրախը երկու բան է` փոխել իշխանությունը եւ բերել իշխանության այնպիսի մարդկանց կամ խմբերի, որոնք կիրականացնեն ցանկալի քաղաքականություն, կամ բերել երկիրը, հասարակությունը այնպիսի հասարակական կարծիքի, քաղաքական կարծիքի դաշտ, որտեղ կընդունվեն այն որոշումները, որոնք պետք են տվյալ երկրին»: Ասածն այն էր, որ հիբրիդային պատերազմը ռազմական եւ քարոզչական գործիքների համակցումն է, համատեղ օգտագործումը՝ որեւէ պետության եւ հասարակության նկատմամբ տիրապետություն հաստատելու համար, որի նպատակը տվյալ երկրում հնազանդ իշխանություն եւ հասարակություն ունենալն է:

Նայեք Հայաստանին եւ կհամոզվեք, որ մենք գործ ունենք հիբրիդային պատերազմի արդյունքում ադրբեջանական գերության մեջ հայտնված մի երկրի հետ. սկզբում Ադրբեջանը Հայաստանի դեմ մի քանի պատերազմ մղեց՝ գրավելով Արցախն ու Հայաստանի տարածքի մի մասը, իսկ մնացած տարածքը փորձում է գրավել իր կողմից հնազանդեցված ու իր հրահանգները հեզաճկուն ձեւով կատարող իշխանությունների միջոցով: Բայց քանի որ Հայաստանում կա այդ քաղաքականության նկատմամբ հանրային դիմադրություն, Ադրբեջանն ու իր հայաստանյան դրածոները փորձում են կոտրել նաեւ այդ հանրային դիմադրությունը, Հայաստանի հասարակության մեջ եւս ստեղծել ադրբեջանահպատակեցման կողմնակիցների մի լայն շերտ, ովքեր կասեն` Ադրբեջանի ենթակայության տակ կլինենք, թե Թուրքիայի, մեզ համար էական չէ, կարեւորը՝ բենզինը, ցորենը կամ շաքարը էժան լինեն: Սա ոչ միայն հակապետական եւ հակաբարոյական է, այլ նաեւ ոչ ռացիոնալ, կործանարար: Սուքիասյանի վաճառած էժան բենզինն ընդամենը կուտ է, խայծ, թակարդ, այնպես, ինչպես խայծի հետեւից ընկնող խաբված ձուկն է շատ կարճ ժամանակ հետո հայտնվում թավայում, իսկ թակարդում դրված պանիրը կծող մկան համար դառնում է վերջին սնունդը, որն ինքը չի էլ մարսելու, այնպես էլ բանականության հետ կապը չկտրած յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ադրբեջանական էժան բենզինն ընդամենը մի քանի ժամվա հաճույք է պատճառելու՝ հետագայում դառնալով մահաբեր թույն մի ամբողջ երկրի եւ հասարակության համար: Արդյո՞ք հայ մարդը զրկվել է բանականությունից եւ ոչնչով չի տարբերվում մկներից ու ձկներից, թե՞, այնուամենայնիվ, որոշ բան մնացել է, մենք կտեսնենք շատ մոտ ապագայում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image