Նոյեմբերի 10-ից սկսած, գրեթե ամենօրյա ռեժիմով քաղաքական ընդդիմությունը բարձրացրել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության հարցը։ Այդ թվում նաեւ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է խոսել։ Բայց, չգիտես ինչու, այս պարզորոշ առաջարկը միայն օրերս է ընդունվել, այն էլ, ինչպես տեղեկացրել էր Դավիթ Սանասարյանը, իր առաջարկով։
Ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ Սանասարյանի առաջարկով։ Հարցն ուղղեցինք քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանին։ Նրա կարծիքով՝ հիմա, որովհետեւ հիմա խորհրդարանում ներկայացված են լինելու «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները։
Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ «նրանք որոշեցին վերցնել ընդդիմության ձեռքից այս նախաձեռնությունը, որպեսզի ընդդիմությունը չկարողանա օգտագործել այդ հանձնաժողովը՝ իրենց հարվածելու համար։ Դրա համար իրենք են ստեղծում հանձնաժողովն ու դրանում ընդգրկում արտախորհրդարանական ընդդիմության այն հատվածին, որը վարչապետի հետ պարբերաբար կոնսուլտացիոն ֆորմատով կլոր սեղանների է մասնակցում։ Եվ նրանք ամեն ինչ անելու են՝ թույլ չտալու, որ խորհրդարանական ընդդիմությունը եւ հատկապես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները բացահայտեն եւ բարձրաձայնեն ճշմարտությունը»։
Այլ խոսքով՝ Փաշինյանը դրսից՝ արտախորհրդարանից, «տղա է կանչում»։ Սրանով, ըստ Արմեն Բադալյանի, իշխանությունը փորձելու է լուծել եւս 3 խնդիր․ նախ՝ որպեսզի մեծամասնություն կազմող արտախորհրդարանական ուժերն ամեն ինչ անեն, որ խոչընդոտեն, եւ որոշակի շրջանակներից հրավիրյալներ չգան հանձնաժողով։ Այսինքն՝ քվեարկությամբ, այլ միջոցներով, ընդհուպ մինչեւ անձնական վիրավորանքներով խանգարեն 2 դաշինքների գործունեությանը։ Հանձնաժողովի մյուս նպատակը, Բադալյանի խոսքով, լինելու է «քաղաքական ղեկավարության վրայից մեղքի մաքրումը»։
«Ավելի ճիշտ՝ հիմնական մեղավորության փաստը հանի եւ այն դնի զինվորական ղեկավարության, մասնավորապես՝ Օնիկ Գասպարյանի վրա եւ ցույց տա, որ արցախյան երրորդ պատերազմում պարտության պատճառը ոչ թե վարչապետն էր եւ իր ապիկար գործունեությունը, այլ զինվորական ղեկավարները։ Եվ չորրորդ նպատակն էլ այն է, որ ստեղծելով այդ հանձնաժողովը՝ իշխանությունը ցույց է տալիս, որ թաքցնելու որեւէ բան չունի, պարզ, մաքուր ճակատով գործունեություն է իրականացնում»։
Արմեն Բադալյանի մոտ կոնկրետ հարց է առաջանում՝ այս իրավիճակում «Հայաստան» դաշինքն արդյոք կգնա՞, կմասնակցի՞ այդ հանձնաժողովի գործունեությանը։ Հարցն ուղղեցինք «Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանին։ Նա ասաց, որ դաշինքն իր վերջնական դիրքորոշումը կձեւավորի այն ժամանակ, երբ իշխանությունն իր այդ նախաձեռնության վերաբերյալ արդեն պաշտոնական հայտարարություն անի։ Իսկ մինչ այդ միայն կարող է ասել, որ «այդ հանձնաժողովի ստեղծման հետ կապված կան մի շարք մտահոգություններ։ Դրանք պայմանավորված են թե՛ նրանով, որ այդ քննիչ հանձնաժողովում մեծամասնություն լինելու են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլեւ իշխանության հետ տարբեր փուլերում տարբեր ֆորմատներով համագործակցած արտախորհրդարանական ուժեր։
Մտավախություն ունեմ, որ սա հերթական փուլն է լինելու իշխանության պատասխանատվությունն ու մեղավորությունն իր վրայից հանելու եւ այն տարբեր քաղաքական, ռազմական գործիչների, հրամանատարների վրա բարդելու համար, ինչը տեսել ենք հետպատերազմյան փուլում։ Երկրորդ մատավախությունը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը սա օգտագործելու է իրենց նկատմամբ ոչ բարեհաճ տրամադրված գործիչների դեմ։ Սրա դրսեւորումը եղել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի թիրախավորմամբ, եւ մտավախությունն այն է, որ սա եւս մեկ տեղեկատվական-քաղաքական առիթ է լինելու իրենց ընդդիմախոս քաղաքական գործիչներին թիրախավորելու համար։ Եվ երրորդ մտավախությունը, որը հանրայնացման հետ է կապված․ միանշանակ լինելու են խնդիրներ, որովհետեւ այդ հանձնաժողովի թեմատիկան, որպես կանոն, փակ ռեժիմով է քննարկվում, եւ կարող ենք ունենալ նույն վիճակը, ինչ ունեցանք ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի պարագայում, երբ հանրությունն այդպես էլ իրեն մտահոգող հարցերի պատասխանը չունեցավ։
Ուղղակի մի տարբերություն․ եթե ապրիլյանի պարագայում հընթացս տարբեր թեմաների մասին խոսվել էր, մեծ թվով միֆեր ցրվել էին, ապա այս պատերազմի դեպքում մեծ թվով հարցեր կան, որոնց պատասխանատվությունն այս իշխանությունն է կրում։ Հետեւաբար, նպատակադրումը ոչ թե բացահայտումներն են, այլ իրականության քողարկումը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ամեն դեպքում, մասնակցության պարագայում 44-օրյա պատերազմի ո՞ր դրվագների վրա են առաջարկելու սեւեռվել եւ պարզել հարցեր՝ Հադրո՞ւթի, Շուշիի՞ անկումների։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ մասնակցության դեպքում բոլոր կարեւոր բաղադրիչների մասին հարցեր բարձրացվելու են՝ պատերազմի ընթացքում գնումների գործընթացից (օրինակ՝ 600 դոլարով մեկ զրահաբաճկոն գնելուց) մինչեւ պաշտպանության մասին օրենքով նախատեսված մի շարք հարցերի իրականացում։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքից Արթուր Վանեցյանն էլ առաջարկել է ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով։ Տիգրան Աբրահամյանն ավելացնում է․ իրենց առաջարկի հետ կապված՝ լուրջ հիմնավորումներ ունեն, դրա ընդունման օգտին է խոսում նաեւ հետպատերազմյան փուլում ստեղծված իրավիճակը։ «Կարծում եմ, որ դա բխում է ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության եւ, առհասարակ, հայ ժողովրդի շահերից։ Այս տեսանկյունից իշխանությունը գոնե մեկ անգամ պետք է ողջամտություն դրսեւորի եւ չմերժի այս առաջարկը»,- հուսով է Աբրահամյանը։
«Հայաստան» դաշինքից էլ Ագնեսա Խամոյանն ասաց․ «Նախ ուզում եմ ընդգծել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը մեր ֆրակցիայի առաջնահերթություններից է։
Ակնհայտ է, որ իշխանությունն իրեն հասու ոչ օրինական ճանապարհներով տեղեկանալով մեր այս որոշման մասին՝ փորձում է մարտավարություն խաղացնել. ձեւավորել իր համար ցանկալի կազմով հանձնաժողով՝ ներգրավելով արբանյակ արտախորհրդարանական ուժերի, ինչն առնվազն վիճարկելի է օրենքի տեսանկյունից։ Անվիճարկելի է, որ իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, ցանկանում է սրբագրել իրեն՝ քավության նոխազ դարձնելով բանակին եւ դիվանագիտական կորպուսին։ Իրենց ձեւավորած հանձնաժողովն աշխատելու է «բոլորը մեղավոր են, բացի Նիկոլ Փաշինյանից» սկզբունքով։ Բայց, ինչպես հայտնի է, հանցագործը չի կարող քննել իր գործած հանցանքը։ Այդուհանդերձ, մենք կսպասենք հարցի պաշտոնական ձեւակերպմանը եւ, ըստ այդմ, կհրապարակենք մեր վերջնական եւ փաստարկված որոշումը»: