«Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար, վարչապետի կին Աննա Հակոբյանն իր ՖԲ էջում եւ հիմնադրամի կայքում հերքում է տեղադրել «Հրապարակ» թերթում սեպտեմբերի 30-ին հրապարակված «Աննա Հակոբյանի հիմնադրամը վնասով է աշխատում» հոդվածի վերաբերյալ։ Հոդվածում, օգտվելով «Իմ քայլը» հիմնադրամի կայքում տեղադրված 2024-ի համապարփակ ֆինանսական հաշվետվությունից, գրել էինք, որ այն բացասական ֆինանսական արդյունք է գրանցել։
Հերքման տեքստը տեղադրում ենք ստորեւ։
«Մամուլում վերջին օրերին լայնորեն տարածված հրապարակման հեղինակը, փորձելով ֆինանսական վերլուծություն կատարել, ցավոք, մոլորվել է հենց տարրական տերմինաբանության մեջ։ Հոդվածը սկսվում է այն «բացահայտումով», թե իբր «Իմ քայլը» հիմնադրամը վնասով է աշխատել, որովհետեւ մուտքերը զիջել են ելքերին։ Հարկ է հորդորել՝ նախքան նման եզրահանգումներ կատարելը ծանոթանալ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին կամ առնվազն՝ ՀՀ գործող օրենսդրությանը։
Ֆինանսական արդյունքը չի հաշվարկվում «մուտք-ելք» պարզ տրամաբանությամբ։ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով` արդյունքը որոշվում է ճանաչված եկամուտների եւ ծախսերի տարբերությամբ։ Օրինակ՝ նվիրատվությունները կարող են ստացվել 2024թ․-ին, բայց դրանց նպատակային ծախսերը նախատեսված լինել 2025 թ․-ի համար եւ հակառակը։ Այստեղից էլ առաջանում է ժամանակային տարբերություն՝ հաշվապահական եւ դրամական հոսքերի միջեւ։
Ըստ հիմնադրամի հրապարակած հաշվետվության, որին կարելի է ծանոթանալ պետական եկամուտների կոմիտեի ոչ առեւտրային կազմակերպությունների հաշվետվություններ բաժնում, իրական ցուցանիշները հետեւյալն են`
• Մուտք՝ շուրջ 1.3 մլրդ դրամ
• Ելք՝ շուրջ 600 մլն դրամ
• Դրամական միջոցներ՝ 967 մլն դրամ (2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ)
• Կուտակված արդյունք՝ 14.9 մլն դրամ (2024թ. դրությամբ՝ դրական)։
Այս թվերը վկայում են ոչ թե վնասի, այլ կայուն ու պատասխանատու ֆինանսական կառավարման մասին։
Հեղինակը շփոթում է ոչ առեւտրային բարեգործական հիմնադրամը առեւտրային կազմակերպության հետ՝ փորձելով շահույթի եւ վնասի չափանիշով գնահատել դրա արդյունավետությունը։ Նման մոտեցումը, մեղմ ասած, մասնագիտական ու գործնական անգրագիտություն է։ Հիմնադրամի աշխատանքների եւ ֆինանսների վերլուծությունը պետք է լինի ըստ ծրագրային արդյունքների, հասցեագրված աջակցությունների, սոցիալական ազդեցության, այլ ոչ թե շահութաբերության։
Հոդվածում նշվում է, որ հեղինակը «Իմ քայլը» հիմնադրամի կայքում փնտրել ու չի գտել 2024թ․-ի ֆինանսական հաշվետվությունները։ Այստեղ էլ օրենսդրության իմացությունը հեղինակին թույլ կտար հաշվետվությունը փնտրել ու գտնել օրենքով սահմանված ճիշտ տեղում․ Հիմնադրամն օրենքով սահմանված կարգով՝
• ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունները, որոնք տեղադրվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում սահմանված ժամկետներում
• դրանք ուղեկցվել են անկախ աուդիտորական եզրակացությամբ, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը
• հաշվետվությանը կից ծանոթագրություն 1-ում ներկայացված են բոլոր իրականացված ծրագրերը, իսկ ծանոթագրություն 6-ում՝ ծրագրային ծախսերի կառուցվածքը։
Խորհուրդ ենք տալիս՝ ֆինանսական վերլուծություններ կատարելուց առաջ խորհրդակցել ոլորտի համապատասխան մասնագետի հետ, ով կունենա անհրաժեշտ հմտություններ եւ գիտելիքներ՝ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ ընթերցելու, հասկանալու եւ վերլուծելու համար։
Հնարավոր է, որ հենց այդ մասնագետն էլ կօգնի հասկանալ, թե օրինակ՝ ինչպես է «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամը 2024 թվականին արձանագրել 97 մլն դրամի ֆինանսական արդյունք (շահույթ), եթե ըստ նույն հաշվետվության ունեցել է ընդամենը 4.9 մլն դրամ հասույթ եւ 27.3 մլն դրամ տոկոսային եկամուտ։
Հոդվածում ֆինանսապես անգրագետ «հիմնավորումները» նաեւ զգայական պաթոսի երանգ ունեն՝ ընթրիքներ, դասախոսություններ, հաջողակ տղամարդիկ, «հակասություն աղքատության ու հաջողության քարոզի միջեւ»։ Սակայն այս ամենը որեւէ աղերս չունի կառուցվածքային ֆինանսական հաշվետվության հետ, որը բաց, իրավաչափ եւ օրինական հրապարակված է համապատասխան հարթակում»։
Նկատենք, որ այս երկու էջը գրելու համար «Իմ քայլից» պահանջվել է 13 օր՝ մեր հրապարակումը լույս է տեսել սեպտեմբերի 30-ին։ Ողջ տեքստը հագեցած է Աննա Հակոբյանի մեծամտությամբ, դաս տալու, կրթելու մարմաջով, վարչապետի կնոջ բարձրությունից նա մեզ հորդորում է դիմել մասնագետների, հաշվետվությունների հարցում մեր գիտելիքների «բացերն» է մատնացույց անում, սովորեցնում է, թե ինչպես գրենք եւ ինչին անդրադառնանք՝ փորձելով ներազդել կարծիք արտահայտելու մեր իրավունքի վրա։
Այնուամենայնիվ, այս տեքստից հասկանալի չէ, թե տիկինն ինչն է հերքում, բերվող փաստարկներն էլ հստակ ու համոզիչ չեն։ Եվ դրանց բացակայությունը կոմպենսացրել են հոդվածին ու հեղինակին պիտակներ կպցնելով, որակումներ տալով։ Ի գիտություն Աննա Հակոբյանի՝ նյութը հրապարակելուց առաջ դիմել ենք մասնագետներին։ Բայց հասարակ քաղաքացին, որը տեսնում է, որ վարչապետի կինը միլիոններ է հավաքում, տարբեր գործարարների պարտադրելով «մուծվել» իրեն, ծրագրեր է իրականացնում, մեծ աշխատակազմ է պահում, ողջ տարին շրջագայում է, մտածում է, որ սա կոռուպցիոն դրսեւորում է, մտնում է «Իմ քայլի» կայք եւ փորձում է առկա բաց տեղեկատվությունից հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս հիմնադրամը։ Ասենք՝ ինքը 2024 թվականին 2 հազար դրամ է նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին ու հիմա ուզում է համոզվել, որ իր 2 հազար դրամը բարի նպատակի է ծառայել։ Քաղաքացին բացում է «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքը եւ ոչ մի հաշվետվություն չի գտնում: Քաղաքացին ինչո՞ւ պետք է այդ հաշվետվությունը փնտրի ՊԵԿ-ի պաշտոնական կայքում։ Հետո նայում է, որ կա մի փաստաթուղթ՝ 2024 թվականի համապարփակ ֆինանսական հաշվետվություն, որտեղ վերջին՝ «ֆինանսական արդյունք» տողում 2024 թվականի համար մեկ փակագծի մեջ վերցված թիվ կա (1 մլն 620 հազար)։ Թիվ, որն Աննա Հակոբյանը չի հերքում։ Փակագիծ՝ ֆինանսական լեզվով նշանակում է ծախս, «մինուս», այսինքն՝ այստեղից եզրակացնում է, որ հիմնադրամը տարին բացասական ֆինանսական արդյունքով է փակել, ապա հիշում է Աննա Հակոբյանի բազմամիլիոն ճաշկերույթները, ճոխ կյանքի լուսանկարները, շրջագայություններն ու զարմանում՝ կա՛մ դրամական շրջանառություն են թաքցրել, կա՛մ՝ անարդյունավետ տնտեսվարում։
Այո, ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը ոչ թե մուտքեր-ելքերով է պայմանավորված, այլ՝ հասույթով եւ ծախսերով։ Բայց հիմնադրամն ինքն է «իրական ցուցանիշները» ներկայացնում «մուտք ու ելքով», ինչպես անում են առեւտրային կազմակերպության հաշվետվության դեպքում՝ շուրջ 1.3 մլրդ դրամի մուտք եւ շուրջ 600 մլն դրամի ելք: Բայց սրանք դրամական հոսքեր են, որոնց տարբերությունը հիմնադրամը նույնականացնում է ֆինանսական արդյունքի հետ եւ դեռ մեզ է մեղադրում ոչ առեւտրային կազմակերպությունը առեւտրայինի հետ շփոթելու համար։ Աննա Հակոբյան, փոխեք Ձեր ֆինանսիստներին ու փիառշչիկներին, որոնք 15 օր աշխատել են «Հերքման» տեքստի վրա ու նման խառնափնթոր անգրագիտություն են մեզ հրամցրել։
Ստացված նվիրաբերություններն ու շնորհները, որպես կանոն, հաշվապահական հաշվառման ստանդարտներով ճանաչվում են որպես ծախս ոչ ավելի վաղ, քան դրանցից հասույթի ճանաչումը։ Բայց մարդկանց գլուխը չտանելու տրամաբանությունն էլ կա։ Որպես նախկին լրագրող, դուք դա պետք է լավ իմանաք։ Հոդվածը լայն՝ ոչ մասնագիտական լսարանի համար է, եւ հաշվառման ոլորտի նեղ մասնագիտական տերմինաբանության կիրառումը պարտադիր չէ։ Մենք չենք կատարել ֆինանսական խոր վերլուծություն, դրա համար պետք է կատարեինք համալիր ստուգում, որը նույն ՊԵԿ-ն իրականացնում է 90 օրում, կամ՝ ձեր հիմնադրամի աշխատակիցները պետք է բարեհաճեին երբեմն պատասխանել լրագրողների հարցերին, ինչը չեն անում։ Եվ, ի վերջո, ողջամիտ է, որ կազմակերպությունը, որը հրապարակում է իր հաշվետվություններն օրենքի ուժով՝ ՊԵԿ կայքում, նաեւ իր կայքում դրանք հրապարակի, ինչպես անում են «նորմալ» կազմակերպությունները՝ ի նշան թափանցիկության եւ իրենց ունեցած վստահության վարկանիշի։