Մշակույթ

«Հրապարակ». Օպտիմալացման քողի տակ փորձում են պատմական հիշողությունը վերաիմաստավորել

«Հրապարակ». Օպտիմալացման քողի տակ փորձում են պատմական հիշողությունը վերաիմաստավորել

«Մայր Հայաստան» ռազ­մական պատ­մության թան­գարանը կլուծարվի: Կառավարության օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում է ՀՀ պաշտպանության նախարարության ««Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը միացման ձեւով վերակազմակերպելու, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ ստեղծելու, ինչպես նաեւ գույք հետ վերցնելու եւ ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին նախագիծը: Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ միավորման նպատակը թանգարանի արդյունավետ կառավարումն է։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ գործընթացը նշված ձեւաչափով իրականացնելու նպատակահարմարությունը որոշվել է նախարարական սոցիալական կոմիտեում քննարկման արդյունքներով, ինչպես նաեւ՝ «հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի, 3-րդ մասի ու 24-րդ հոդվածի կարգավորումները եւ հաշվի առնելով նույնական հարաբերություններ կարգավորող ՀՀ կառավարության 14.09.2023թ. N 1537-Ն որոշումը»,- նշված է հիմնավորման մեջ, որտեղ ասվում է նաեւ, որ որոշման նախագիծը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեում փոփոխությունների չի հանգեցնում:

Հիշեցնենք․ թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա՝ հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային եւ արցախյան ազատագրական պատերազմներին: Միավորումից հետո Հաղթանակի զբոսայգու տարածքը, որտեղ գտնվում են թանգարանը, հուշարձանը, բացօթյա ցուցադրություններն ու ծառուղիները, փոխանցվելու են ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռին։ 

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի կարծիքով, հերթական ազգային կառույցը լուծարելով` համակարգային օպտիմալացման քողի տակ պատմական հիշողությունն են փորձում վերաիմաստավորել: «Առաջին հայացքից կարող է թվալ, թե կառավարման կենսունակությունն են փոխում, սակայն որը կարող է միայն արդարացված լինել դրա իրականացման ձեւից ու բովանդակությունից` հանրային ու մասնագիտական շրջանակների ներգրավվածության ու վերահսկողության պարագայում»։

Ըստ Կոստանյանի, այս փոփոխության տակ կարելի է նկատել մի քանի նպատակ․ ինստիտուցիոնալ կենտրոնացմամբ թանգարանների համակարգային կառավարումը տեղափոխվում է մշակութային գերատեսչության տակ: ««Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը, դառնալով հովանավորող մարմին, տեսականորեն եւ այլ իրավիճակներում կարող էր բարելավել կառույցի կառավարչական եւ գիտամեթոդական մոտեցումները: Սակայն պաշտպանության նախարարության մշակութային ենթակառուցվածքների ռազմական բնույթը, ըստ էության, դուրս բերելով ՊՆ անմիջական կառավարման դաշտից ու տեղակայելով պատմամշակութային եւ կրթական դաշտում, ընկալվում է որպես զինվորական կառույցների «քաղաքացիականացում», այսինքն՝ պատերազմական պատմության ներկայացումը դարձնում են ոչ թե գերազանցապես ռազմական, այլ՝ պատմամշակութային համատեքստով»։

Կոստանյանի գնահատմամբ՝ որքան էլ շեշ­տադրում արվի հնարավոր վարչարարական ռացիոնալության վրա, որոշումը, միեւնույն է, առաջացնում է մի շարք մտահոգիչ հարցեր՝ հատկապես հանրային եւ ազգային ինքնության տեսանկյունից, քանի որ, նախեւառաջ, արվում է հիշողության վերաիմաստավորում. «Ռազմահայրենասիրական հիշողության թանգարանը նվիրված է բացառիկ ազգային իրադարձություններին՝ հայերի մասնակցությանը Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ Արցախյան ազատամարտին։ Իսկ դրա ինքնուրույն կարգավիճակի կորստով դեֆորմալիզացվում է հիշողությունը, ու փոխվում են շեշտադրումները։

Երկրորդ ամենակարեւոր հարցը` Արցախի թեմայի ապաքաղաքականացումը, որը, բնականաբար, արվում է միտումնավոր ու շատ հստակ թշնամական պետության թելադրանքով եւ ուղղորդմամբ: Արցախյան պատերազմին նվիրված ցուցադրությունը թանգարանի առանցքային մասերից է։ Այլ հաստատության մասնաճյուղ դառնալով՝ թեման հանրային ուշադրության կենտրոնից դուրս է բերվում եւ վերաիմաստավորվում՝ կախված քաղաքական պրոցեսներից։ Այլ իրականությունում այսօրինակ վերակազմակերպումը գուցե հնարավոր դրական արդյունքներ ունենար, օրինակ` թանգարանի բովանդակային եւ տեխնոլոգիական արդիականացման տեսանկյունից, պատմական պատումը ներկայացնելով ավելի ընդլայնված եւ այլ ծրագրերին փոխկապակցված ձեւով, կրթական ծրագրերի եւ հանրային այցելությունների միջոցով բարձրացնելով հասանելիությունն ու ճանաչելիությունը։ Սակայն միամտություն պիտի լինի կարծել, թե այսօրվա ռեժիմն ունակ է նման համատեքստով քայլերի. այս ու այլ ազգային կառույցների թիրախավորման հետեւում ազգային ինքնության փոխակերպումն է, իսկ թե ուր՝ դա արդեն վաղուց գիտենք»:

Թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է մտածում այս «լուծարում-միավորում» օպերացիայի մասին, եւ միավորման արդյունքում որքանո՞վ կբարելավվի թանգարանի կառավարման արդյունավետությունը։ «Ես հիմա չեմ կարող ոչինչ ասել, քանի որ պատրաստ չեմ ոչինչ ասել, պետք է մարդ տեղյակ լինի, չէ՞, որ կարողանա հարցերի պատասխանել․․․»,- շփոթված արձագանքեց տնօրենը։ 

Բայց չէ՞ որ ինքն է թանգարանի տնօրենը եւ ո՞նց կարող է տեղյակ չլինել։ «Մեզ կտեղեկացնեն, սա դեռ առաջին փուլն է, հիմա հաջորդաբար՝ 2-րդ, 3-րդ փուլում, երբ ես տեղյակ լինեմ, այդ ժամանակ կարող եմ ինչ-որ մի կարծիք ասել, բայց հիմա չեմ կարող ոչ մի բան ասել»,- խուսափողաբար շարունակեց տնօրենն ու քիչ անց հավելեց․ «Այո, մենք միշտ տեղյակ ենք եղել, որ մեզ պաշտպանության նախարարությունից պետք է տեղափոխեն ԿԳՄՍՆ՝ արդյունավետությունը բարձրացնելու համար․․․»։ 

ՊՆ-ի կազմում իրենց գործունեությունն արդյունավետ չէ՞ր։ «Դե, ես չեմ կարող ասել․․․ իրականում ճիշտն այն կլինի, որ մենք լինենք այնտեղ, որտեղ պետք է լինենք․ մշակութային օջախ ենք՝ մշակույթի նախարարության ենթակայության տակ»։ Իրենց ներկայիս տեղադիրքը կամ ենթակայությունն ինչո՞վ է վատը։ «Երբ տեղյակ լինեմ, կասեմ ինչ-որ բան, բայց ես հիմա չգիտեմ՝ գործընթացը ոնց է գնալու, հիմա չեմ կարող ոչինչ ասել, քանի որ ոչնչից տեղյակ չեմ»։ 
Համաձայն նախագծի, քննարկումներ են տեղի ունեցել, իրեն չե՞ն ներգրավել այդ քննարկումներում։ «Ես տեղյակ չեմ, երբ տեղեկացվեմ, էն ժամանակ կարող եմ մի բան ասել…»,- վախեցած շարունակում էր կրկնել Վ. Հակոբյանը: Ինչ-որ բանից կաշկանդվո՞ւմ է, որ խուսափում է կարծիք հայտնել․ թանգարանի տնօրենն այդպես էլ չպատասխանեց ու անջատեց հեռախոսը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image