Աշտարակից Երեւան ուղեւորափոխադրումներն իրականացնում է միակ՝ 502 համարի երթուղայինը: Սա հանրապետության ամենածանրաբեռնված տրանսպորտային գծերից է, որը ոչ մի կերպ չի բարելավվում:
Ամռանը գծի սպասարկման տենդերը շահել էր «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը: Մարդիկ սպասում էին, որ երթուղայինները կավելացնեն, որ գոնե նստած վիճակում տեղ հասնելու շանս ունենան: Պարզվեց՝ իզուր: Ուղեւորները կրկին չեն կարողանում տեղ գտնել 502 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներում: «Երբ որ տենդերը նոր էին իրենք շահել, ինչ-որ շրջան վարորդներ չունեին, ու մենք տաքսով էինք ամեն օր Երեւանից Աշտարակ ու Աշտարակից Երեւան հասնում:
Նախկինում ավտոբուսներ էին գնում, հարմար չէր, սակայն մի կերպ հարմարվում էինք, բայց սա արդեն խայտառակություն է: 16 ուղեւոր է տանում՝ նստատեղերով, բայց վարորդները 36 հոգի են լցնում: Շատ վտանգավոր է: Մի օր այնպիսի վթար է լինելու, որ ոչ ոք տակից դուրս չի գա»,- ասում է թիվ 502 երթուղու մշտական ուղեւորներից Աշտարակի բնակիչ Աննա Սարգսյանը: Նրա որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, ունի հաշմանդամություն, դեռ բուժումներ է ստանում: Աննան սարսափը սրտում սպասում է, թե երբ է որդին վերջնականապես ապաքինված աշխատանքի դուրս գալու: «Ո՞նց է տղաս գնալու-գալու, եթե անգամ առողջ մարդու համար 502 համարից օգտվելը հավասարազոր է խոշտանգման»: «Տենդերը Ծառուկյանի ընկերությունը շահեց, ոչ մեկին չթողեց, որ մասնակցեն, շահեց` լավ արեց, բայց չի թողնում, որ անգամ ավտոբուսը մինուսով գնա: Առավոտյան այնքան է լցնում, որ հետադարձը հանկարծ մինուսով չքշի: Մուղնիից որ հասնում է Աշտարակի հրապարակ, արդեն լիքն է լինում: Արա թաղամասով, ավտոկայանով, ամեն տեղ ուղեւոր վերցնելով, հասնում է Երեւան: Հաճախ ուշաթափություններ են լինում»,- պատմում է Աննան:
502 համարի միկրոավտոբուսն օրերս փչացել էր, եւ փոխանակ նոր, ազատ մեքենա կանչեն, փչացած ավտոբուսի ուղեւորներին խցկել են մեկ այլ ծանրաբեռնված միկրոավտոբուսի մեջ։ «Իրար վրա են պառկացրել ու ուղարկել: Քանի որ նա մեր գումարներն արդեն ստացել էր, բոլորիս լցրեց էդ մյուս ավտոբուսը: Վարորդները՝ բոլորը, սեւավոր, «բեյջեր» չունեն, ոնց որ բոլորը քերոբներ լինեն: Կինոյի տակ են մնացել, ինչ, մարդկանց հետ իրենց բռի լեքսիկոնով են խոսում: Եթե բողոքում ես, ասում են՝ հեսա կկայնեմ, կիջնես: Նա իրավունք չունի ոչ մեկին իջեցնելու»,- ասում է Աննա Սարգսյանը:
Աշտարակցիները բազմիցս բողոքել են տարբեր ատյաններ, բայց ատյանները մեկը մյուսի վրա են գցել: «Զանգում ես քաղաքապետարան, ասում են՝ մեր գործը չի, զանգում ես թեժ գիծ, ասում են՝ դա մեր գործը չի: Լավ, ես չեմ հասկանում՝ չի՞ կարելի մի հատ ռեյս ավելացնել, մի ռեյսն էլ թող վնասով գնա գա: Չի կարելի մարդկանց անվտանգության հաշվին փող աշխատել: Արդեն հասել ենք այն աստիճանի, որ պատրաստվում ենք փակել Աշտարակ-Երեւան մայրուղին, որ գոնե այս ձեւով Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավենք»:
Մենք զանգահարեցինք ՏԿԵ նախարարություն, վերաշարադրեցինք քաղաքացու բողոքը, բայց պատասխան չստացանք: Զանգահարեցինք թեժ գիծ: Քիչ անց մեզ հետ կապ հաստատեց «Մուլտի տրանսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանը:
Նա նախ հարցրեց, թե արդյոք ծանո՞թ ենք «Աշտարակի կողմի ժողովրդին»: «Ես համոզվեցի, որ այդտեղ եթե անգամ ոսկուց ավտոբուս էլ տեղադրենք, միեւնույն է, դժգոհ է էդ կողմի ժողովուրդը: Նրանք սուտ են խոսում: Տվյալ ավտոբուսի մեջ անհնար է 24-րդ մարդուն տեղավորել»,- ասաց նա:
«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրենի հետ խոսելիս մեզ թվաց, թե 502-րդ երթուղին աշխարհում ամենահարմարավետ, «գոլդ» դասի երթուղին է, որից անգամ զարգացած երկրներում չես գտնի: Ըստ տնօրենի, Աշտարակ-Երեւան միկրոավտոբուսները մետրոյից արագ են աշխատում՝ 4-5 րոպեն մեկ: Այս պահին էլ աշխատում է 20 միկրոավտոբուս, իսկ ամռանը՝ «դաժե 26»: «Առավոտյան 8-ից ժամը 9-ն է խնդիրը: Ցերեկը երեք հոգի որ գնաց, հինգ հոգի եկավ, ոչ ոք դրա մասին չի խոսում: Աշխարհով մեկ առավոտյան ժամերը ծանրաբեռնված են: Սա անլուծելի խնդիր է: Ուզենաս էլ փոխադրումը շատ արագացնես, չես կարող, որովհետեւ ժամային գրաֆիկը հաստատված է կառավարության ու նախարարության կողմից: 17 տեղանի միկրոավտոբուս է, մաքսիմում՝ 6-7 մարդ կարող է մեջը կանգնել: Ուզենաս էլ, դրանից ավել մարդ տեղավորել չես կարա: Բնական ծավալ գոյություն ունի»:
Արթուր Դալլաքյանն ասում է, որ ինքն առաջիններից է հասկացել տրանսպորտի բարելավման կարեւորությունը, բայց հիմա եկել է համոզման, որ ուղեւորին բացատրելն անշնորհակալ գործ է: «Ես կարող էի չզանգել Ձեզ: Ես կարող եմ ոչ մեկին էլ բացատրություն չտալ: Բնական չի՞, որ կուզեինք մեքենա ավելացնել, ընկերությանը ձեռք կտար, բայց նստողը քիչ է»,- ասաց նա: