Քաղաքականություն

Կարող է խաղարկվել բանակը ջարդելով նոր կապիտուլյացիա բերելու սցենարը

Կարող է խաղարկվել բանակը ջարդելով նոր կապիտուլյացիա բերելու սցենարը

Այն, որ Հայաստանը չպետք զինվի ու չպետք է ունենա կանոնավոր զինված ուժեր, Բաքուն բաց տեքստով է ասում։ Հայաստանի ապառազմականացման պահանջն Ալիեւի պահանջներից հերթականն է, որի մասին հատկապես վերջին ամիսներին շատ են խոսում։ Պաշտոնական Երեւանը սրան ոչ մի կերպ չի հակադրվում, հակառակը՝ իշխանական խոսույթում կարմիր թելի պես անցնում է այն թեզը, թե Ադրբեջանի օկուպացրած ՀՀ սուվերեն տարածքները ռազմական ճանապարհով հետ չեն բերելու։ Անգամ ԳՇ տխրահռչակ պետն է հայտարարել, թե բանակցային ճանապարհով ենք ազատելու։

Ռազմական փորձագետները 2020 թ. պատերազմից հետո միաբերան պնդում էին՝ բանակը հնարավոր է վերականգնել՝ համակարգային ու հետեւողական աշխատանքի շնորհիվ, այդ թվում՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ճիշտ աշխատանքի։ 4 տարի իշխանությունն այդ ուղղությամբ ոչ միայն քայլեր չարեց, այլեւ ավելի թուլացրեց բանակը, իսկ ամենավերին մակարդակից հանձնվողական ուղերձներ, բանակը հեղինակազրկելու տեքստեր ասվեցին, որոնք բարոյալքում են պարտությունից հետո առանց այն էլ լավ վիճակում չգտնվող բանակի մարտական ոգին։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հաղթանակից հետո չդադարեցրեց զինվելը, լայնամասշտաբ զորավարժություններից հերթականը` SAT-SAS-2024-ը, Ադրբեջանն ու Թուրքիան մեկնարկել են նախօրեին։ Դրանք ունեն ռազմածովային ու ցամաքային կոմպոնենտ, տեւելու են մինչեւ նոյեմբերի 29-ը։

Թվում է, թե «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցող երկիրը ռազմականացման ճանապարհով չպետք է գնար, բայց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասում է, որ Ադրբեջանը խաղաղ համակեցության հակված չէ, ու այդ բանակցությունները «խաղաղություն» բառի շղարշի տակ Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու նպատակ ունեն։ «Այդ կապիտուլյացիան Ադրբեջանն իրեն աջակցող Թուրքիայի եւ անգլոսաքսոնական ուժերի հետ միասին կստանա, եթե այս խառնամբոխը Հայաստանում մնա իշխանության։ Այս իշխանությունը հասկանում է, որ եթե այդ պահանջները միանգամից ընդունի, շատ հնարավոր է՝ բողոքի անկառավարելի ալիք լինի, որը կնշանավորի իշխանության վերջը, դրա համար փորձում է փուլ առ փուլ բավարարել այդ պահանջները»,- ասում է Ջամալյանը։ Ապառազմականացման պահանջն Ադրբեջանի ուլտիմատումներից մեկն է, եւ Փաշինյանի իշխանության կոլեկտիվ ու համակարգային դավաճանության արդյունքում Ալիեւն այն առաջ է տանելու։ 

«Ադրբեջանը պատրաստվում է կռվի, մեզնից պահանջում է ապառազմականացում, որպեսզի տեսանելի հեռանկարում ունենա կառավարելի թշնամի երկիր, որի հետ առերեւույթ կնքվի ինչ-որ մի թղթի կտոր, որի անունը խաղաղության պայմանագիր է։ Ադրբեջանի այդ նկրտումների մասին վկայում է այն, որ թեեւ իրականացվում է, այսպես կոչված, փուլային դեմարկացիա-դելիմիտացիա, ու պետական սահմանի երկայնքով երկու կողմից իբրեւ թե սահմանապահներ են տեղակայվում, ադրբեջանական կողմում կանգնած սահմանապահ ուժերն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պլաններում ներգրավված են որպես մարտական ստորաբաժանումներ։ Դա հուշում է, որ այդ ուժերը եւս ինտենսիվորեն ներգրավված են լինելու մեր դեմ ծրագրվող ագրեսիային, որովհետեւ, երբ ուսումնասիրում ես նրանց կազմ-հաստիքային կառուցվածքն ու սպառազինությունը` հարվածային ԱԹՍ-ներ, ականանետեր, թեթեւ հրետանի, հասկանում ես, որ դրանք, ըստ էության, սահմանախախտ ստորաբաժանումներ են։ Նրանք անհրաժեշտության դեպքում՝ 1-2 կմ խորությամբ մոտակա թիկունքում պետք է մարտական խնդիր լուծեն, որպեսզի ճանապարհ հարթեն ԶՈՒ-ի համար»,- բացատրում է փորձագետը՝ շեշտելով, որ հայկական սահմանապահները զինված են թեթեւ հրազենով։
«Ես պատկերացնում եմ, թե մի իքս պահի ինչ կարող է լինել, մեր սահմանապահ ուժերը բառի բուն իմաստով թիրախի են վերածված։ Գուցե ինձ հակադրեն, թե բանակը երկրորդ էշելոնում կանգնած է, բայց պետք չէր բանակը հետ քաշել երկրորդ էշելոն ու թեթեւ զինված սահմանապահներին կանգնեցնել շատ լավ զինված, այսպես կոչված, սահմանապահների առջեւ, որոնք անհրաժեշտ պահի կարող են կոմունիկացիաներ կտրել, բարձունքներ գրավել։ Այսինքն, ամեն ինչ արվում է Ադրբեջանի վաղվա ագրեսիան ավելի դյուրին դարձնելու համար»։

Պատմության ընթացքում ապառազմականացում պարտադրել են ագրեսոր երկրներին, օրինակ, Գերմանիային՝ առաջին աշխարհամարտից հետո, երկրորդ աշխարհամարտից հետո` Գերմանիային ու Ճապոնիային: «Պատմության ընթացքում ապառազմականացման նախադեպեր կան, բայց ագրեսոր երկիրը պարտվել է` իրեն պարտադրել են ապառազմականացում: Մինչդեռ մենք ագրեսիայի զոհն ենք՝ ագրեսորը հաղթել է համակարգային դավաճանության պատճառով ու հիմա ագրեսիայի ենթարկված երկրին ագրեսորը պարտադրում է ապառազմականացում։ Այս պահին Նիկոլի  իշխանությունը գուցե չխոստովանի, որ գնալու են այդ ճանապարհով, բայց ԱԺ-ում նրա վերջին ելույթը՝ բանակի հետ կապված, բացահայտեց ամեն ինչ։ Ագրեսիայի նախաշեմին բանակի նկատմամբ նման վերաբերմունք եթե անգամ ունես, առնվազն պետք է ի ցույց չդնես... դա կնշանակի, որ Սյունիքի օկուպացիան երազող ու իր ռազմական պոտենցիալը շարունակ մեծացնող թուրք-ադրբեջանական տանդեմին հանդիման մենք ունենալու ենք թույլ բանակ, որն ի վիճակի չի լինելու դիմակայել նրան»,- ասում է մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ եթե, Աստված մի արասցե, այսպես կոչված, փախստականների վերադարձի պահանջը բավարարվի, ադրբեջանական կողմը նրանց իրավունքները պաշտպանելու համար ցանկացած պահի զորք մտցնի մեր երկիր։

Ինչ վերաբերում է տարբեր երկրներից սպառազինություններ գնելու մասին տեղեկություններին, որոնք հաճախ իշխանությունն ինքն է տարածում, Ջամալյանն ասում է՝ ավելի շատ գործ ունենք քարոզչության ու իմիտացիայի, քան մեր ԶՈՒ դիմադրողականության բարձրացմանն ուղղված քայլերի հետ։ 

«Այդ պրոցեսն իրականացվում է հախուռն, ուղեկցվում է մեծ ռիսկերով։ Քիչ թե շատ տրամաբանական է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը, բայց պետք է համեմատել՝ արդյո՞ք ՀԱՊԿ համակարգում Ռուսաստանից համանման սպառազինությունն ավելի մատչելի չէր լինի, որովհետեւ ՌԴ-ից նույնը կարող էինք ստանալ զեղչով։ Հեքիաթները, թե ՌԴ-ն մեզ զենք չի տալիս, հակառուսական պրոպագանդային տրված խեղճուկրակ լսարանի համար են։ Արդյո՞ք այդ 155 մմ-անոց արկերն ավելի թանկ չեն նստի մեզ վրա, քան եթե ՌԴ-ից ներկրեինք 152 մմ-անոց համարժեք սպառազինություն։ Գերմանական ընկերությունը մեկ 155 մմ-անոց արկն արտադրում է 3600-ից ավելի եվրոյով, ռուսները 152 մմ-անոցը` 136 եվրոյով։ Բացի այս, եթե մենք Հնդկաստանից ներկրում ենք այդ արկերը, լոգիստիկան, մատակարարումների անընդհատությունն ապահովվելո՞ւ է, թե՞ ոչ»,- հարցնում է մասնագետը։ 

Նա պատահական չի համարում, որ ԶՈՒ-ին իջեցված է չկրակելու հրաման, քրեական հետապնդման են ենթարկվում այն զինվորականները, որոնք խախտում են այդ հրամանը, ինչպես եղավ Ներքին Հանդի դեպքերի ժամանակ։ Սա մեկ բանի մասին է խոսում՝ բանակի առջեւ հաղթանակ ապահովելու խնդիր դրված չէ։ Իշխանությունը հնարավոր ագրեսիայի դեպքում մեղքը կրկին կբարդի բանակի վրա, որի նախադրյալները Փաշինյանն արդեն իսկ ստեղծում է, առնվազն, ինֆորմացիոն դաշտում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image