Հարցազրույց

«Հրապարակ»․ Իշխանության կողմից սփյուռքահայերի հետապնդումը վախ կստեղծի, ոչ թե վստահություն

«Հրապարակ»․ Իշխանության կողմից սփյուռքահայերի հետապնդումը վախ կստեղծի, ոչ թե վստահություն

Օրերս սփյուռքի 8 ազդեցիկ գործիչներ կոչ էին արել բոլոր հայերին՝ պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին։ Նրանք բաց նամակով Հայաստանի կառավարությանը զգուշացրել էին, որ Եկեղեցին հալածելու պատճառով իշխանությունը վտանգում է՝ կտրել կապը սփյուռքի եւ համաշխարհային հանրության հետ: Ըստ նրանց՝ Եկեղեցու առաջնորդների վրա հետեւողական հարձակումները եւ կաթողիկոսի հարկադրական հեռացման սպառնալիքներն ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար։ Նամակը ստորագրել էին հայ մեծահարուստներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը եւ Պերճ Սեդրակյանը։

Թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր եւ Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանին, որը զբաղվում է տուժած հայերի շահերի պաշտպանությամբ:

- Սփյուռքի հեղինակավոր 8 գործիչ բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանն ու աշխարհասփյուռ հայությանը` հորդորելով դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի վրա շարունակական հարձակումները, եւ նշել, որ դա վտանգում է կտրել Հայաստանի կապը սփյուռքի եւ աշխարհի հետ։

- Սա Հայաստանի կառավարությանը հակադրվելու մասին չէ։ Սա վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու պատմական դերի ճանաչմանը հայերի, հատկապես Օսմանյան կայսրությունից փախածների համար։ Օսմանյան դարաշրջանում միլլեթ (ազգ՝ խմբ․) համակարգի ներքո Եկեղեցին ոչ միայն կրոնական հաստատություն էր, այլեւ ծառայում էր որպես համայնքային առաջնորդության եւ ինքնակառավարման կենտրոնական հենասյուն։ Միլիոնավոր հայերի համար համայնքային շարունակականությունն ու գոյատեւումը կախված էին դրանից։ Ահա թե ինչու այսօր սփյուռքում շատերն այդքան ուժեղ են արձագանքում, ովքեր ապրել են Օսմանյան միլլեթ համակարգի ներքո եւ հետագայում փախել ցեղասպանությունից եւ հալածանքներից։ Ուզում եմ այս հարցին մոտենալ լրջությամբ ու զսպվածությամբ եւ խուսափել այն պետության եւ սփյուռքի միջեւ բախում ձեւակերպելուց։ Սփյուռքում շատերը Եկեղեցու շուրջ լարվածությունը համարում են ոչ միայն քաղաքական վեճ։ Լավագույն մոտեցումը երկխոսությունն է, փոխադարձ հարգանքը եւ խոսույթից կամ գործողություններից խուսափելը, որոնք խորացնում են բաժանումները Հայաստանի եւ արտերկրում ապրող հայերի միջեւ։

- Արդյոք ուշացած չէ՞ այս կոչը, չէ՞ որ փաշինյանական ռեժիմը վաղուց է փչացրել հարաբերությունները սփյուռքի հետ։ Մի շարք ազդեցիկ գործիչների մուտքն են արգելել Հայաստան եւ այլն։ Մինչդեռ իշխանության գալու առաջին 1-2 տարում Փաշինյանը հավաստիացնում էր, որ եկել է սփյուռքահայ գործիչների` ՀՀ-ում գործունեություն ծավալելու երրորդ փուլը՝ սոսկ բարեգործությունից անցում կատարելով էական դերակատարման։

- Վերջին տարիներին իշխանությունների եւ սփյուռքի մի մասի միջեւ հարաբերությունները լուրջ լարվածության են հասել, եւ անցյալի մի շարք իրադարձություններ կարող են խոր հիասթափություն եւ անվստահություն առաջացնել։ Միեւնույն ժամանակ, կարեւոր է արդար լինել. սփյուռքի նպատակը չպետք է լինի Հայաստանի կառավարության վրա հեռվից ճնշում գործադրելը, այլ պահպանել ազգային միասնությունը եւ հարգալից գործընկերությունը։ Սփյուռքի շատ հաստատություններ այսօր ստիպված են լինում խոսել ոչ թե քաղաքական հավակնություններից ելնելով, այլ որովհետեւ վախենում են խորացող խզումից՝ այն ժամանակ, երբ Հայաստանը կարիք ունի համերաշխության եւ միասնության։

- Փաշինյանը չի ուշացրել վերոնշյալ բաց նամակին արձագանքը` սպառնացել է հակազդեցության կոշտ գործողություններ ձեռնարկել իր քայլերը չողջունող սփյուռքահայ գործիչների դեմ՝ նրանց ներգրավվածությունը համարելով դավադիր եւ ՀՀ պետական անվտանգությանը սպառնացող ծրագիր։ Իրավական առումով ի՞նչ լծակներ կարող է բանեցնել վարչապետը եւ արդյո՞ք նման բարոյական իրավունք ունի, ընդհանրապես։

- Իրավական առումով՝ վարչապետը կարող է օգտագործել պետական մեխանիզմներ, ինչպիսիք են սահմանային մուտքի սահմանափակումները, հետաքննությունները կամ հանրային մեղադրանքները, հատկապես, եթե դրանք ձեւակերպված են ազգային անվտանգության մտահոգությունների ներքո։ Սակայն դրանք չափազանց զգայուն գործիքներ են, եւ դրանց լայնորեն օգտագործումը սփյուռքի գործիչների դեմ` պարզապես իր հետ չհամաձայնելու համար, վտանգում է խորացնել բեւեռացումը եւ ստեղծել վախ, այլ ոչ թե վստահություն։ Բարոյական առումով պետությունն ունի բոլոր իրավունքները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այնուամենայնիվ, սփյուռքահայերը նույնպես ունեն բարոյական իրավունք՝ արտահայտելու մտահոգություն, հատկապես, երբ թեման վերաբերում է այն հաստատություններին, որոնք պատմականորեն պաշտպանել են հայի ինքնությունը, արժանապատվությունը եւ համայնքային գոյատեւումը միլիոնավոր մարդկանց համար։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image