ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել ՌԴ պետդումայի հայազագի պատգամավոր և բևեռախույզ, ԽՍՀՄ և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ ռուս դիվանագետները կորցրել են լավ բարեկամի և ընկերոջ։
«Տաղանդավոր գիտնական, հարգարժան բևեռախույզ Արթուր Նիկոլաևիչը անձնական անգնահատելի ներդրում է ունեցել Արկտիկայում և Անտարկտիդայում Ռուսաստանի հեղինակության և դիրքի ամրապնդման գործում»,- ընդգծել է Լավրովը, ում խոսքերը մեջբերված են ԱԳՆ Telegram ալիքում։
Նա հավելել է, որ 1980-ականներից Չիլինգարովն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի իրականացմանը, իսկ 2012 թվականին դարձել է նախագահի հատուկ ներկայացուցիչը Արկտիկայում և Անտարկտիդայում միջազգային համագործակցության հարցերով։
«Նրա օրենսդրական գործունեությունն ու բեղմնավոր հասարակական աշխատանքը, այդ թվում՝ Ռուսական աշխարհագրական ընկերության միջոցով, ստացել են ամենալայն ճանաչումը: Արթուր Նիկոլաևիչի լավագույն մարդկային հատկանիշները, նրա քաջությունը, հայրենասիրությունը, իր կյանքի գործին անձնուրաց նվիրվածությունը նրան անվիճելի հեղինակություն են բերել բարձր լայնությունների հետազոտողների շրջանում և իրավամբ գնահատվել են պետական մրցանակներով»,- հիշեցրել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Չիլինգարովի մահը ծանր կորուստ է հայրենական գիտության համար։
«Ռուս դիվանագետները կորցրել են լավ բարեկամին, ուսուցչին և ընկերոջը, նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։