Հասարակություն

«Հրապարակ». Ակցիայով պաղպաղակ կարելի է վաճառել, իսկ բնակարա՞ն

«Հրապարակ». Ակցիայով պաղպաղակ կարելի է վաճառել, իսկ բնակարա՞ն

Սեպտեմբերի 5-7-ը Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի TOON EXPO ցուցահանդեսը, որին այս տարի միացել են մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ, բանկային համակարգի, ներդրումային գույքի, անշարժ գույքի կառավարման ոլորտի առաջատարներ: 

Ցուցահանդեսի մասնակիցներն ակցիաների մասին ԶԼՄ-ներով հայտարարություններ էին անում՝ հատուկ, բացառիկ գներ գովազդելով, ինչը նշանակում է, որ կառուցապատողները, որոնք ընդհանուր առմամբ չեն ընդունում, որ շուկայում վտանգավոր գնանկում կա, այնուամենայնիվ, աստիճանաբար իջեցնում են վաճառվող բնակարանների գները: 
Իհարկե, սա փաթեթավորվում է որպես զեղչ, հատուկ գին, ակցիա։

Օրինակ, շինարարության առաջատար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության տնօրենը հայտարարեց «Նոր Երեւան» թաղամասում կառուցվող  բնակարանների գնիջեցման մասին: Անցյալ տարի, երբ թաղամասի շինարարությունը նոր էր սկսվում, այս ընկերությունը նորակառույցի 1 քառակուսի մետրը վաճառում էր 389 հազար դրամով, այս տարի՝ արդեն 319, ինչը մոտ է ինքնարժեքին: Ու սրա հետ մեկտեղ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ի տնօրենը շեշտում է՝ շուկայում գնանկում չկա, ընկերության մյուս բոլոր պրոյեկտներում գնի բարձրացում ունեն, պարզապես իրենք ունեն հնարավորություն՝ չորրորդ բլոկն ինքնարժեքով վաճառել: 

Ակցիայով պաղպաղակ կարելի է վաճառել, բայց թե բնակարանի ինչն է փչացող, որ ինքնարժեքով են վաճառում, հայտնի չէ: Նույն՝ «Տուն Էքսպո» ցուցահանդեսին ընդառաջ մյուս մասնակիցը՝ RED Invest Group-ը, օգոստոսի 1-ից հայտարարում էր, որ մեկ ամիս շարունակ գործելու են մինչեւ 13 մլն դրամի հասնող գնիջեցումներ: 
Ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը մեծ պաստառ էր փակցրել տաղավարում, վրան գրված՝ «Չի պայթելու»: Այս կասկածելի գովազդային հնարքն ակամայից մատնում է, որ անշարժ գույքի շուկայում պայթյունի վախ ու սպասում կա: 
Չնայած դրան, քաղաքապետարանը շարունակում է Երեւանում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություններ տալ, իսկ պետական պաշտոնյաները փակում են աչքերը` չնկատելով շուկայի հնարավոր փլուզման վտանգը: Ինչպես չեն նկատում, որ Երեւանն արդեն չի դիմանում նման քանակի բնակեցման` ո՛չ տրանսպորտային համակարգի, ո՛չ ջրի, հոսանքի ու գազի մատակարարման, ո՛չ օդի որակի առումով: 

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը դեռեւս ապրիլին հայտարարում էր. «Շուկայում գների նվազում տեղի չի ունենում»: «Սկզբից ասում էին, որ անշարժ գույքը թանկանալու է, հետո՝ որ չի թանկանալու, չի էլ էժանանալու, հետո՝ որ դա գնանկում չէ, այլ գների կայունացում է, հիմա հասել են «չի պայթելու»-ին: Հաջորդը կգրեն՝ պայթելու է, բայց ոչ մերը: Ոչ պրոֆեսիոնալ վիճակ է վաճառքի մասնագետների մոտ»,- մեկնաբանում է անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը: Նա վստահեցնում է, որ նորակառույցների թիվն ավելանում է, սակայն դրանք քաղաքաշինական իրական պահանջի հետ կապ չունեն, շուկայում առաջարկի ավելցուկ է, ավարտին հասցված շենքերում էլ երեկոյան լույսերը չեն վառվում, ամբողջ քաղաքը չբնակեցված բետոն է: «Մենք ամեն օր կյանքը Երեւանում դարձնում ենք անհարմար: Ընդերքում խնդիր կա: Անհաշիվ հոսող կոյուղին ու ջուրը լվանում են ընդերքը, ու քաղաքը նստվածք է տալիս։ Բայց դրա վրա ուշադրություն դարձնող չկա»,- ասում է փորձագետը: 

Ըստ նրա, պետական մարմինները ստույգ պատասխան չեն տվել, թե քանի հատ բնակարանի կառուցման շինթույլտվություն է տրված 2014-2025 թվականներին, բայց դրանք մեծ թվեր են։

«Կա՛մ չեն տիրապետում (որ սկզբունքորեն չեմ բացառում), կա՛մ թաքցնում են: Անցած տարվանից այս հարցի պատասխանը խնամքով թաքցված է, եւ սա նշանակում է միտումնավոր մոլորեցնել թե՛ կառուցապատողին, թե՛ գնորդին, թե՛ նոր ներդրողին ու ավելի ծանրացնել վիճակը, որը հետագայում աննկարագրելի  կվնասի տնտեսությունը։ Ոչ պաշտոնապես ինչ թիվ ասես, պտտվում է՝ 200 հազար միավոր, 450 հազար: Բայց եթե դա նույնիսկ 100 հազար լինի, արդեն մեծ է»,- ասում է նա: 

Քաղաքապետարանն այս տարի քանի՞ միավոր գույքի շինթույլտվություն է տվել կառուցապատողներին: Քաղաքապետարանի կայքում տվյալներ չկան: Մեզ պարզաբանում են, որ տվյալներ չկան, քանի որ դրանք անընդհատ թարմացվում են ու գրավոր հարցում են պահանջում: Հիշեցնենք, որ արդեն հրապարակված տվյալներով, 2019-2023 թվականների շինարարության թույլտվությունների քանակը (17 հազար 82) 2․5 անգամ գերազանցում է 2014-2018 թվականների ցուցանիշներին (6 հազար 913): Էական աճ է գրանցվել հատկապես 2022-2023 թվականներին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image