Հարցազրույց

«Հրապարակ». Արեւմուտքից եկած ցանկացած կապիկություն ընկալվում է իբրեւ հալալ, իսկ ոչ արեւմտյան կողմից եկածը՝ հարամ

«Հրապարակ». Արեւմուտքից եկած ցանկացած կապիկություն ընկալվում է իբրեւ հալալ, իսկ ոչ արեւմտյան կողմից եկածը՝ հարամ

«Հրապարակի» զրուցակիցը «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանն է։

- Հայաստանում նախընտրական շրջանը կարելի է բացված համարել․ քաղաքական ուժերն աստիճանաբար հայտարարում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության, ձեւաչափի, հնարավոր դաշինքների, թեկնածուների եւ այլնի մասին։ Հետեւո՞ւմ եք հայաստանյան զարգացումներին։

- Ի տարբերություն ընդդիմության զանազան թեւերին, իշխանություններն իրենց նախընտրական շրջանի նախապատրաստումը բնավ չեն դադարել վերջին՝ 2021-ի ընտրություններից ի վեր, որն արտացոլվում էր իրենց պոպուլիզմին մոտիկից առնչվող յուրաքանչյուր խոսքի եւ գործի մեջ: Իշխանություն լինելով հանդերձ՝ տարօրինակ կերպով պահելով ընդդիմության վարքագիծ: «Նախկիններ-նորեր»՝ իրենց մշտական հանգերգով ու շուտասելուկով, ոչ բարով փռված ասֆալտով, մանկապարտեզներով, երեւակայածին ատոմակայաններ եւ մետրոյի նոր կայարաններ «սարքելով», պարգեւավճարներով, մրցանակաբաշխություններով, զինվորական ծառայության ժամկետը կրճատելով, ճշտված ժամանակից առաջ օրենսդրական փոփոխություններ կիրառելով, «Վարչաբենդով» եւ այլն: Մինչդեռ ընդդիմությունը զբաղված է իրար դեմ ցեխարձակումներով, անհեթեթ քննարկումներով, ԱԺ-ի մեջ որպես զարդ ներկայությամբ, անհասանելի իմպիչմենտի ծրագրերով ու անիմաստ աղմուկ բարձրացնելով։ Հիմա է, որ, այսպես կոչված, ընդդիմությունն սկսել է իր նախընտրական աշխատանքները: Արդեն պարզ է դառնում շուտով գոյանալիք դաշինքների կազմավորման ուրվագիծը: Այս պահին պարզ են «Մեր ձեւով» շարժման կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ծրագիրն ու թեկնածուն, որ, սակայն, երանի թե մնար շարժում՝ փոխանակ այն նեղացնելու կուսակցության կաղապարի մեջ, իբրեւ շարժում կարողանար ներգրավել նաեւ այլ կուսակցությունների կամ տարբեր տեսակի միավորումների եւ խմբերի: Մյուս կողմից, արդեն հայտարարված է, որ «Մայր Հայաստան»-ը պիտի գործակցի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, որին, ենթադրաբար, շուտով կմիանա ՀՅԴ-ն: Ըստ իս, նաեւ հավանական է, որ գոյանա ՀՀԿ-«Միասնության թեւեր» դաշինք: Իր կողմից Փաշինյանը, ընդդիմության ձայները փոշիացնելու միտումով, ընդդիմադիր մանր-մունր կուսակցություններին խայծ տալու համար մեջտեղ նետեց ընտրական շեմը շրջանցելու տոկոսի նվազեցումը, 5 տոկոսից՝ 4-ի, նաեւ հեշտացնելով ՔՊ-ի արբանյակ «միանձնյա» կուսակցությունների գործը, ինչպես նաեւ՝ հենց ՔՊ-ինը: Հիմնահարցն այստեղ ընդդիմադիր փոքր կուսակցությունների հասունության ու հայրենատիրության գաղափարախոսությունն է, ըմբռնելով, որ իրենց մասնակցությունը կարող է ի վերջո սատարել իշխանությանը՝ իրենց ստացած ձայների փոշիացմամբ, ընդգրկվեն ավելի ուժեղ ընդդիմադիր դաշինքի մեջ կամ գոնե այս անգամ չմասնակցել ընտրություններին։

- Քաղաքական «գալա համերգի» գլխավոր հարցը, թերեւս, Փաշինյանի եւ նրա թիմի վերարտադրվել-չվերարտադրվելու հարցն է։ Շարունակում են ապօրինի կալանքի տակ մնալ ընդդիմադիր գործիչներ, սրբազաններ, իշխանությունը մեծացնում է բռնաճնշումները։ Որքանո՞վ եւ ինչպե՞ս կսաստկանա գործող ռեժիմի «հակահայկական» արշավն այս փուլում։

- Մարդկային պատմության մեջ նմանօրինակ որեւէ միահեծան ղեկավար, երբ իր աթոռը վտանգված է տեսել, ընկել է նման հիստերիկ հոգեվիճակի հորձանուտի մեջ: Լիբանանյան դիպուկ ասացվածք կա՝ այս բանի հետ կապված, որ ասում է. «Ո՜վ գնացող, տգեղ արարքներդ շատացրու»...: Հետեւաբար, ինչքան մոտենանք հունիսի 7-ին, այնքան իշխանության գործելիք վատ արարքները պիտի շատանան, որի ստեղծած մթնոլորտը, ըստ պատմության դասական օրինակների, կարող է՝ ինչու չէ, հասցնել մինչեւ քաղաքացիական բախումների՝ հրահրված նույն իշխանության կողմից: Իսկ վերջինիս դեպքում վարչապետը կարող է օգտվել իր սահմանադրական իրավունքից, արտակարգ իրավիճակ հայտարարել եւ անժամկետ դրությամբ առկախել ընտրությունները։

- Փետրվարի 9-ին Երեւան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բացեիբաց աջակցեց ՀՀ գործող վարչապետի թեկնածությանը գալիք ընտրություններում։ Սա կարելի՞ է համարել Թրամփի վարչակազմի ակնհայտ սատարում, մանավանդ՝ Վենսն ակնարկեց, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը պայմանավորված է նաեւ Փաշինյանի անձով:

- Ձեր նշած դեպքին նմանվող որեւէ հայտարարություն՝ ոչ արեւմտյան կողմից, այդ նույն՝ արեւմտյան կողմի սահմանմամբ, պիտի կոչվեր տվյալ երկրի ներքին գործերին խառնվելու քայլ կամ միտում կամ անկախ երկրի ինքնիշխանությունը խաթարող հայտարարություն: Սակայն վերջին մի քանի տասնամյակներին այնպես է ստացվել, որ Արեւմուտքից եկած ցանկացած կապիկություն ընկալվի իբրեւ հալալ, իսկ ոչ արեւմտյան կողմից եկած որեւէ քայլ՝ հարամ... Ամեն դեպքում, այս եղածը եթե ոչ մի բանի պետք չէ վերագրել, ապա նվազագույնը կարող է հաստատել, թե ամենասկզբից ով բերեց Նիկոլ Փաշինյանին եւ ինչ առաքելությամբ:

- Զուգահեռաբար դիսկուրս կա այն մասին, որ, այսպես կոչված, Միացյալ Եվրոպան, որն այսօր լուրջ հակասություններ ունի Թրամփի հետ, եւս մտադիր է նախընտրական շրջանում աջակցել Փաշինյանին․ այդ նպատակով մայիսին ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովն է կայանալու, Երեւանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

- Սա նշանակում է, որ, անկախ Ուկրաինայի շուրջ ունեցած իրենց տարակարծություններից, Կովկասի վերաբերյալ Ամերիկայի ու Եվրոպայի շահերը համընկնում են, մինչ Նիկոլ Փաշինյանը երկու կողմին էլ «սրտամոտ» մարդ է: Մնում է ափսոսալ, սակայն, հայկական կողմի քաղաքական կարճատեսության եւ տհասության համար, որը երազում է կամ հավակնություն ունի Եվրոպական Միություն մուտք գործել եւ այդ ուղղությամբ իրենց խելքին հասու չափով ջանքեր գործադրել, մինչ ԵՄ-ն՝ ինքը, գտնվում է կազմալուծման եզրին:

- Այն պայմաններում, երբ Փաշինյանը, ըստ էության, Եվրոպայի եւ Արեւմուտքի, ինչու չէ՝ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի «սրտի թեկնածուն է», ի՞նչ եզրակացություններ եւ քայլեր պետք է անեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը եւ ոչ միայն՝ գործող վարչախմբի վերարտադրությունը խափանելու եւ հաջողելու համար։

- Պետք է չանեն այն, ինչ անում են: Այսինքն, նմանօրինակ օրհասական պահի, ցանկացած խելամիտ ու հայրենանվեր կողմ, մի կողմ դնելով իր «ես»-ը, անձնուրաց նետվում է հայրենիքի փրկության գործին: Ավելի հստակ ասեմ՝ երբ ընդդիմությունը տարբեր խմբերով մասնակցում է ընտրություններին, այսինքն՝ իրեն համակիր կամ հակաիշխանական խմբերի ձայներ ստանալու համար ավելի շատ իրար հետ են մրցակցում, քան՝ Նիկոլի: Հայկական հիվանդ նկարագիրն արտացոլող ցավոտ եւ պարզունակ օրինակով ասեմ. երբ մեկը մի հաջող գազալցակայան բացի, մյուսը, փոխանակ այն ամբողջացնող մի բիզնես ընտրի ու դնի նրա մոտ, կգա, ճիշտ նույն ծառայությունը մատուցող մի գազալցակայան էլ ինքը կբացի՝ ճիշտ նրա կողքին: Երրորդը կանի նույնը… Այս մարդիկ չեն մտածում, որ նույնքան բնակչություն ունեցող եւ չաճող երկրի տվյալ ճանապարհով անցնող մեքենաների թիվը նույնն է, մինչ իրենք մրցակցում են նույն հաճախորդներին գրավելու համար: Հետեւաբար, եթե մեկ հոգին, լինելով սեփականատերը, շահ էր գրանցելու, հիմա երեքով վնասելու են: Ընդդիմության մոտ կա այն մետաֆորիկ խոսույթը, որ եթե 5+5-ը 11 չի անելու, ապա պետք է առանձին-առանձին գնալ ընտրությունների, եւ հետո, երբ մտնեն տվյալ քաղաքի ավագանին կամ ԱԺ, ապա ներսում գաղափարակից ով մտավ, ըստ իր ստացած տեղերի կբանակցի մյուսի հետ, եւ կգնան դաշինքի։ Իմ կարծիքով, սա շատ պրիմիտիվ եւ ինքնակենտրոն մտածելակերպ է, քանի որ այս կողմերից եւ ոչ մեկը չի մտածում, որ տեղական, թե համապետական ընտրություններին մասնակցում է լավագույն դեպքում ընտրողների շուրջ 50 տոկոսը: Մնացած 50-ը, որն ինչ-որ պատճառով իրավիճակն անհույս է համարում կամ անտարբեր է եւ կամ նեղացած ու հուսալքված՝ կողմերից մեկից, ընտրության օրը տանն է նստելու: Սակայն եթե չմասնակցող խումբը, որն ընդհանրապես իշխանականը չի լինի, տեսնի, թե հասարակության թշնամու դեմ միակամ մոտեցում եւ միասնական ոգի կա, ապա մեծ է հավանականությունը, որ այդ մասսան մասնակցի տվյալ ընտրություններին եւ անպայմանորեն համախմբված ընդդիմության կողքին՝ հանուն միասնական նպատակի։ Ահա, այս տրամաբանությունն ու ժողովրդի հոգեբանական բազկերակը ճշգրիտ շոշափելու կարողությունն ու կամքն են, որ պակասում են մեր ընդդիմության մոտ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image