Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչ դատական անցյալ ունեն քաղաքապետի թեկնածուները

«Հրապարակ». Ինչ դատական անցյալ ունեն քաղաքապետի թեկնածուները

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ։ Մենք ուսումնասիրեցինք, թե ինչպիսի դատաիրավական պատմություն ունեն այդ ուժերի քաղաքապետի թեկնածուները՝ ցուցակների առաջին համարները։ Այսինքն՝ ինչ դատական հայցեր են ներկայացրել նրանք, եւ ինչ հայցեր են ներկայացվել դատարան՝ նրանց դեմ, ինչ գործերով են անցնում նրանք։

«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թեւանյանի դեմ 2019 թվականին դատական հայց է ներկայացրել նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Բաբաջանյանն Անդրանիկ Թեւանյանին դատի է տվել զրպարտությունը հրապարակային հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու, փոխհատուցում վճարելու պահանջներով: Դատական հայցի առիթը եղել է «7or.am» կայքում 2019-ի մայիսի 27-ին հրապարակված «Ո՞ւմ է ծառայում Արման Բաբաջանյանը» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է, թե պատգամավորը «բազմաթիվ տերեր է ունեցել, թռել է մեկից, հայտնվել մեկ ուրիշի գրկում, հետո տարած ու հետ բերածի պես վերադարձել, նորից թռել, ու այդպես շարունակ»: Բաբաջանյանը 3 անգամ հայցադիմումը ներկայացրել է դատարան, դատարանը 3 անգամ այն վերադարձրել է հայցվորին՝ հայցում առկա թերությունների համար։

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի դեմ հայց են ներկայացրել հայցվորներ Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լեւոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանը, Միլենա Բաղդասարյանը` հայցելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները:

Բանն այն է, որ 2019 թվականին Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ամուլսարի հանքի շահագործման մասին խոսելիս Ավինյանն ասել է. «Բայց կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունա-բերական որոշակի գործարարների հետ, եւ այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, համենայնդեպս՝ նախկինում ներդնում էին, որպեսզի այս արշավը կազմակերպվի, թե չէ, ես վստահեցնում եմ՝ դուք այս արշավի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք, եւ լուրջ արշավ է պետք կազմակերպել, որն ինտենսիվորեն դեռեւս 2016-2017 թվականից արվում է»:

Հայցվորները, որոնք բնապահպաններ են, Ավինյանի դեմ հայց են ներկայացրել, քանի որ համարել են՝ Ավինյանի հայտարարությունն իրենց մասին է եւ արատավորում է իրենց պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը։ Դատարանը, սակայն, մերժել է, քանի որ բնապահպանները չեն կարողացել ապացուցել, որ Ավինյանի ասածները հենց իրենց մասին է։

Ինքը՝ Ավինյանը, բազմաթիվ դատական հայցեր է ներկայացրել հիմնականում մամուլի դեմ։ Օրինակ, դատի է տվել Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանին՝ կայքում հրապարակված հոդվածի համար, որում նշվել է, որ Ավինյանը կառավարության շենքում մարիխուանա է օգտագործել։ Ավինյանը հայց է ներկայացրել նաեւ «168 ժամի» եւ լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ, դատարանն էլ ահռելի չափի՝ 9 միլիոն դրամի հայցի ապահովման միջոց էր կիրառել երկու դեպքում էլ։ Նա նաեւ դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի ու «Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ի դեմ՝ կրկին պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով։ Որպես Պետական հետաքրքրությունների հիմնադրամի խորհրդի նախագահ՝ մի քանի հայց էլ Ավինյանը ներկայացրել է «Հրապարակի», «168 ժամի» դեմ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանը քննադատության նկատմամբ հանդուրժող չէ եւ լրատվամիջոցների հետ համագործակցության հակված չէ։

«Հաղթանակ» կուսակցության առաջին համար, քաղաքապետի թեկնածու, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի դեմ հայց է ներկայացրել Կոնվերս բանկը՝ գումարի բռնագանձման պահանջով, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը՝ գործի դատավարական պատմության մեջ չի նշվում։ Հայցը ներկայացվել է 2022-ի ամռանը եւ դեռ դատական քննության փուլում է։ Ինքը՝ Մնացականյանը, որեւէ մեկի դեմ հայց չի ներկայացրել։ Նրան առնչվող քրեական գործեր եւս չկան։

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացի Աստղիկ Աղասարյանի՝ 9 մլն 400 հազար դրամ գումար բռնագանձելու պահանջով։ Հայկ Մարությանն Աստղիկ Աղասարյանին անտոկոս փոխառությամբ 9 մլն 400 հազար դրամ է տվել, այսինքն՝ պարտքով փող է տվել, որը նաեւ պայմանագրով է ամրագրվել, եւ սահմանվել է, որ Աղասարյանը պետք է մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ 2014 թվականը, վերադարձնի գումարը, ինչը չի արել։ Մարությանն էլ դիմել է դատարան ու դատարանով է ստացել գումարը, նա ստացել է ոչ միայն պարտք տված գումարը, այլ նաեւ այդ գումարի՝ քաղաքացիական օրենսգրքով հաշվարկվող տոկոսները, ինչպես նաեւ՝ 388 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի գումար, 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի գումար, եւ 188 հազար դրամ էլ Աղասարյանը վճարել է որպես պետտուրք։

Մարությանը 2019 թվականին դատական հայց է ներկայացրել նաեւ ընդդեմ Սոնա Աղեկյանի՝ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով։ Աղեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր․ «Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել, եւ գործող քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է»: Մարությանը դիմել է դատարան՝ պահանջելով 2 մլն դրամ գումար՝ զրպարտության համար, սակայն դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ Աղեկյանին պարտավորեցնելով հերքել «...քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին․․․, հանցավոր պայմանավորվածության եւ կոռուպցիայի նշանների, այսինքն՝ կոռուպցիայի հոտ գալու..., Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի հասնելու եւ հենց պարոն քաղաքապետի՝ այսօրվա գործող, կոռուպցիոն գործարքների մեջ լինելու ...» արտահայտությունները, իսկ դրամական պահանջի մասով մերժել է։ Մարությանը 2022 թվականին նաեւ Հովհաննես Շահինյանին է դատի տվել, սակայն դատարանը վերադարձրել է հայցադիմումը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image