Խաղաղություն ուզող մարդը նախ իր մեջ պիտի խաղաղ լինի։
Խաղաղություն ուզող ընտանիքը՝ իր տան ներսում։
Խաղաղություն ուզող պետությունը՝ իր քաղաքացիների հետ։
Մեր երկրում առավոտից իրիկուն խոսվում է խաղաղության մասին, բայց Տունը խաղաղ չէ։ Իշխանությունը խաղաղության մասին խոսելիս իրականում վարում է ներքին պատերազմ։ Ամեն օր նոր ձերբակալություններ, արժանապատվությունը ասֆալտին պառկեցնելու դիրքեր, հոգեբանական ճնշումներ։ Պետությունը դարձել է բեմ, որտեղ իշխանությունը բեմադրում է «խաղաղության ներկայացում», բայց բեմից դուրս՝ թիրախավորվում է սեփական ժողովուրդը։
Վաղ առավոտից մարդիկ մամլո հարթակներ են մտնում՝ իմանալու, թե էլ ինչ նոր աղետ է բերվել։ «Էլ ո՞վ է ձերբակալվել», «էլ ի՞նչ տարածք են հանձնելու»… Հասարակությունն ապրում է մշտական սպասման մեջ՝ ոչ թե խաղաղության, այլ նոր աղետի։ Այո՛, երկրի ներսում պատերազմ է։ Պատերազմ՝ ընդդեմ անհնազանդների։
Պատերազմ՝ ընդդեմ պատմական հիշողության։ Պատերազմ՝ ընդդեմ հավատքի, եկեղեցու, խոսքի, մտածող մարդու։
Խաղաղություն բերելու կարգախոսով լռեցնում են զանգերը, հնազանդեցնում են հոգիները։ Ասում են՝ ի՜նչ հայրենիք, նման հասկացություն չկա։ Ի՜նչ հող ու պատմություն՝ այդ ամենն անցյալ է։
Իսկ իրականում այդ «անցյալը» է, որ խանգարում է նրանց ներկային՝ իշխանության գոյության համարավետ ու կարճաժամկետ վայելք է։
Ու այսպես՝ «խաղաղության» անունով շարունակվում է ամենահին պատերազմը՝ ժողովրդի դեմ։ Խաղաղություն բերողը չպիտի ունենա թշնամական դեմք։
Բայց այսօր ժողովուրդը տեսնում է, որ «խաղաղություն» հռչակողը ինքն իր հետ, իր մեծ ընտանիքի հետ խաղաղ չէ։ Նա պարզապես փոխել է ճակատը՝ դրսից պատերազմը տեղափոխելով ներքին դաշտ։ Եթե սահմանին կրակոցներ չկան, դա չի նշանակում, որ պատերազմ չկա։ Նշանակում է՝ կրակողը ներսում է։
Նշանակում է՝ մաշում են, բաժանում, հոգնեցնում են։ Ու մինչ հասարակությունը պայքարում է իր ներսի լռության հետ, հակառակորդը գալիս է՝ քայլ առ քայլ, խաղաղության շղարշի ներքո։
Պատերազմը տեղափոխվել է ներքին դաշտ։ Եվ այս պատերազմը ոչ թե զինվորով է հաղթվելու, այլ՝ գիտակցությամբ։
․․․ Բայց դեռ ամեն ինչ կորած չէ։ Քանի դեռ այս հողի վրա կա գեթ մեկ մարդ, ով տեսնում է ճշմարտությունը, ով հավատում է իր երկրի լույսին, խաղաղությունը հնարավոր է։ Որովհետև խաղաղությունը չի բերվում վերևից՝ հրամանով, այլ ծնվում է մարդկանց ներսում՝ արդարության ու հայրենիքի հանդեպ սիրո հավատքից։