Այլ

Արյունալի բախումներ՝ Իսրայել-Լիբանան-Սիրիա սահմանին. ի՞նչ վիճակում են հայերը

Արյունալի բախումներ՝ Իսրայել-Լիբանան-Սիրիա սահմանին. ի՞նչ վիճակում են հայերը

Հայտնի է, որ Իսրայելը նոր ռազմական գործողություն է սկսել Լիբանանում՝ ընդդեմ «Հըզբոլլահ»-ի. լիբանանյան օրինական բանակը ետ է քաշվել, իսրայելական հարվածներից խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում: «Հըզբոլլահ»-ը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, որը, զուգահեռաբար, հրթիռակոծում է Սիրիան, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսը: 

Գաղտնիք չէ, որ բոլոր այս երկրներում հայաշատ գայթօջախներ կան, ուստի մեզ առաջին հերթին մտահոգում է այնտեղ ապրող մեր հայրենակիցները ճակատագիրը:

«Իսրայելական հարձակումը ընդհանրապես շիաներով («Հըզբոլլահ»-ի) համակիր քաղաքացիներով բնակված շրջաններ են, որտեղ հայեր չեն ապրում: Սակայն հսկայածավալ ներքին գաղթականությունը, որը հասել է մէկ միլիոն մարդու, կարող է նրանց բերել համեմատաբար ապահով շրջաններ, որտեղ հայեր են ապրում: Սա ֆիզիկական վտանգ չի սպառնում, սակայն սոցիալ-տնտեսական հարցեր է առաջացնում՝ ավելի ծանրաբեռնելով առանց այդ էլ ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող երկրին ու բնակչությանը, ընդ որում՝ հայերին»,-այս մասին «Հրապարակին» ասաց Լիբանանի հայկական «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ վիճակում են իսրայելահայերը, նկատի առնելով հանգամանքը, որ «Հըզբոլլահ»-ը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին. իսկ, թիրախում նաև հայաշատ Հայֆա քաղաքն է, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն ասաց.

«Հայֆա քաղաքին այս պահին ոչինչ չի սպառնում: Կեսգիշերին՝ 00.30-ին, երբ Իսրայելն սկսեց ներխուժել Լիբանան, Իսրայելի հյուսիսը համեմատաբար քիչ է հրթիռահարվել: Միայն Լիբանանի սահմանակից՝ մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի քանի բնակավայրերն են  հրետակոծվել, հավանաբար՝ ականանետերով: Այնպես որ, հյուսիսը համեմատաբար հանգիստ է, Հայֆայում՝ նույնպես: Հայ աշակերտներն այսօր նույնիսկ դպրոց են գնացել»:
Դամասկոսի հայկական համայնքի ներկայացուցիչ Անի Մինասյանն էլ հավաստիացրեց, որ այս պահին դրությունը մտահոգիչ չէ, հայերի շրջանում իսրայելական հարվածներ տուժածներ չկան և նրանց առայժմ ոչինչ չի սպառնում:
«Հրապարակը» Լիբանանում, Իսրայելում և Սիրիայում ապրող մեր հայրենակիցների ճակատագրի մասին պարզաբանում խնդրեց նաև ՀՀ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից մեզ դեռ չեն պատասխանել: Արձագանքի դեպքում՝ լրացուցիչ կտեղեկացնենք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image